Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաթաթա»՝ Էռնեկյանին

Հունվար 26,2011 00:00

\"\"2011-ին սպասվող աշխատանքները ներկայացնելու հերթը  երեկ տրանսպորտի եւ կապի նախարարինն էր

Մանուկ Վարդանյանը երեկ կայացած ասուլիսում տեղեկացրեց, որ իր ղեկավարած ոլորտներին այս տարի ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 36,6 մլրդ դրամ՝ 14 ծրագիր իրականացնելու համար: Բացի բյուջետային միջոցներից, 2011-ի համար նախատեսված թվով 15 միջոցառումները, որոնցից 7-ը տրանսպորտի եւ 8-ը կապի ոլորտից են, կֆինանսավորվեն նաեւ ներգրավված վարկային միջոցների հաշվին: Ճանապարհաշինության բնագավառում կհիմնանորոգվեն 249 կմ երկարությամբ ճանապարհահատվածներ եւ 6 կամուրջ: Մասնավորապես, կիրականացվի գյուղական ճանապարհների վերականգնման ծրագիրը՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ: Այս նույն բանկի ֆինանսավորմամբ կիրականացվի նաեւ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիրը:

Նախարարությունը նախապատրաստել է նաեւ մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք միտված են կարգավորելու ոլորտի խնդիրները, բարձրացնելու աշխատանքների արդյունավետությունը: Այս տարի տրանսպորտի եւ կապի նախարարությունն իր առջեւ դրել է չորս գերակա ծրագիր. Վանաձոր- Ֆիալետովո նոր երկաթգծի նախագծում, որի շնորհիվ Երեւան-Այրում հեռավորությունը կկրճատվի 70-100կմ-ով (այս ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է 50:50 տարբերակով՝ մի կեսը «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարիչ «Ռուսական երկաթուղիները» կտա, մյուս կեսը՝ մոտ $50 մլն, կներդնի ՀՀ կառավարությունը՝ «Կայունացնող ֆոնդի» միջոցներից), Հյուսիս-Հարավ (Հայաստան-Իրան) երկաթգծի տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների կազմակերպում, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ–1, Տրանշ–2, Տրանշ–3 շինարարական աշխատանքների նախապատրաստում ու կազմակերպում, փոստի կառավարման նոր մոդելի ներդրում:

Ի դեպ՝ փոստի մասին: Ակնհայտ էր, որ նախարարը բավարարված չէ «Հայփոստի» կառավարչից՝ Haypost Trust Management ընկերությունից, որի սեփականատերը Էդուարդո Էռնեկյանն է: Ըստ նախարարի՝ իրենք հարցը խիստ են դրել հավատարմագրային կառավարչի առջեւ. մի քանի օրվա ընթացքում, մինչեւ փետրվարի սկիզբը, ընկերությունը պետք է նախարարությանը ներկայացնի փոստի զարգացման ծրագիրը՝ որքան ներդրում է անելու, ինչ ժամկետներում եւ ինչ ծառայություններ է առաջարկում: Համենայնդեպս, մեկ բան հստակ է՝ փոստի կառավարման նոր մոդել է պետք, ինչին հասնելը նախարարության 2011թ. առաջնահերթ գործողությունների ցանկում է: Եվ եթե Haypost Trust Management-ի ներկայացրած ծրագիրը չհամապատասխանի նախարարության պատկերացումներին՝ այս ոլորտում զարգացման մասին, ապա նախարարը չբացառեց, որ կառավարությունը կարող է փոխել մեր երկրի փոստային համակարգի հավատարմագրային կառավարչին՝ նոր մրցույթ հայտարարելու արդյունքում: «Տեսնում եք թոշակների բաժանման վիճակը, տեսնում եք շենքերի վիճակը… չենք կարող գոհ լինել փոստի աշխատանքից»,- ընդունելով, որ մոտ երեսուն փոստային բաժանմունք նորոգվել է, նկատեց նախարարը՝ ակնարկելով, որ ներդրումների տեմպերը եւ ծառայությունների որակը գոհացուցիչ չեն: Կառավարման մոդելը փոխել ասելով նախարարը նկատի ուներ հավատարմագրային կառավարումից անցում կատարելը կոնցեսիոն կառավարմանը, քանի որ այդ տարբերակն ավելի հստակ պարտավորություններ է դնում կառավարչի առջեւ՝ մասնավորապես ներդրումներ կատարելու առումով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել