Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԿԱ ՈՐԱԿՅԱԼ ՍԵՐՄԱՑՈՒ, ՄԱՏՉԵԼԻ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏ, ԱԳՐՈՍԵՐՎԻՍ

Հունվար 26,2011 00:00

\"\"Գանգատվում է Սյունիքի մարզպետը

Արդեն 7 տարի է՝ Հայաստանում անասնապահության ոլորտում աճ չի արձանագրվում: «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն» ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) ուսումնասիրությունների համաձայն, պատճառը Հայաստանի արոտավայրերի անարդյունավետ օգտագործումն է: Արոտավայրերի 50%-ը ենթարկված է էրոզիայի: Ուսումնասիրությունների համաձայն, հեռագնա արոտավայրերի մեծ մասն էլ ֆերմերային տնտեսություններին հասանելի չլինելու պատճառով չի օգտագործվում: Մարզերում անասնապահական, արոտաօգտագործման առավել մրցունակ ու կայուն համակարգեր ստեղծելու նպատակով կառավարությունը հաստատել է համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագիր, որը երեկ ներկայացվեց Հայաստանի մարզերի ներկայացուցիչներին: Գյուղնախարար Սերգո Կարապետյանը ծրագիրը համայնքների ղեկավարներին ներկայացնելիս առանձնացրեց մի քանի կարեւոր բաղադրիչ՝ կոոպերատիվների ներառումը, տոհմային գործի բարելավումը, անասնաբուժական ծառայությունների կազմակերպումը: «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն» ԾԻԳ-ի տնօրեն Գագիկ Խաչատրյանն էլ մանրամասնեց. «Արոտավայրերի կառավարումը ապահովելու համար կընտրվեն բարձրլեռնային համայնքները, որտեղ անասնապահությունը ապրուստի միակ միջոցն է: Այս նպատակով գյուղամերձ արոտներում պետք է կասեցնենք կենդանիների գերարածեցումը, ստեղծենք հեռագնա արոտավայրերի հնարավորություն, վարելահողերի արդյունավետ օգտագործում, կերարտադրության ու կենդանիների կերակրման պայմանների բարելավում»: Նրա խոսքով, արոտավայրերի կառավարումն էլ վերահսկելու են սպառողական կոոպերատիվները:

Պարոն Խաչատրյանի տեղեկացմամբ, ծրագրի շրջանակներում (երբ ֆինանսավորումը հաստատվի) յուրաքանչյուր համայնք կստանա առավելագույնը $240.000, որի մեջ մտնում են եւ համայնքի ներդրումները, եւ կառավարության համաֆինանսավորումը, եւ վարկային միջոցները: Համայնքների ներդրումների լուրը կրկնապատկեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտահոգությունները: «Անցած տարվա համեմատ՝ այս տարի ցանքատարածությունները 50%-ով նվազել են ու տարեցտարի նվազելու են, քանի որ չունենք գյուղատնտեսական համալիր ծրագիր: Չկան որակյալ սերմացու, տրակտորատեխնիկական սարքեր, մատչելի թունաքիմիկատներ: Ամենակարեւոր խնդիրը ագրոսերվիսի բացակայությունն է, որն այդպես էլ չի լուծվում: Ուզում եմ նաեւ ավելացնել սերմավորման կայանների ու անասնաբուժական բարձրորակ ծառայության անհրաժեշտությունը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց մարզպետը: Հետո հավելեց. «Անկախության 20 տարիների ընթացքում գյուղատնտեսության բնագավառն ամբողջությամբ կենտրոնացրինք Երեւանում, արդյունքում տեսնում ենք, որ գյուղատնտեսությունը ոչ թե վատ է, այլ ընդհանրապես ոչնչացել է: Ժամանակն է՝ գյուղատնտեսության խնդիրները բաժանենք տարածաշրջաններին»: Իսկ ծրագրում համայնքների ներդրումներին անդրադառնալով՝ մարզպետը նկատեց. «Ձեզ վստահորեն ասում եմ, որ հանրապետությունում նույնիսկ երեք համայնք չեք գտնի, որ համայնքապետը 50% համաֆինանսավորման մասնակցի»: Մտահոգություններ ուներ նաեւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:

«Ծրագրային մոտեցում է պետք: Չպետք է անասնապահությունն ըստ գյուղերի զարգացնենք, այսօր մեծ կերային բազա կա, որ չի օգտագործվում: Որովհետեւ չկա ճանապարհ, որ գյուղացին սարամաս հասնի: Ճանապարհները վերանորոգման խիստ կարիք ունեն, եւ բացի այդ՝ սարամասերում չկա ջուր, էդ անասունները ո՞նց են ջուր խմելու, կամ արտադրված կաթն ի՞նչ պայմաններում է գյուղացին պահելու: Ինչո՞ւ չենք խոսում էլեկտրիֆիկացման մասին, որ ժամանակին այդ տարածքներում հոսանք է եղել, կաթի ընդունման կետեր, այդտեղ պանիր են պատրաստել: Իսկ հիմա ի՞նչ կա: Պայմաններ ստեղծենք, որ անասունները սարամաս գնան, ոչ թե մայրուղիներում լցվեն, որ մարդ չիմանա՝ ոնց քայլի»: ԾԻԳ-ի տնօրեն Գագիկ Խաչատրյանն էլ պատասխանեց, որ կոնկրետ Տավուշում սարամասերի բարելավման ծրագիր են նախատեսել:

Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման ծրագրի տեւողությունը 5 տարի է, արժեքը՝ մոտ $20 միլիոն, որից $15 միլիոնը ՀԲ վարկային միջոցներն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել