Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեղավորներին փնտրեք ձեր մեջ»

Հունվար 26,2011 00:00

Թուրքերին խորհուրդ է տալիս ԱԺ պատգամավոր  Արտակ Զաքարյանը

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնած Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ԵԽԽՎ նստաշրջանում գովեց թուրքական դիվանագիտությունը, եւ այդ դիվանագիտության ոգուն համարժեք՝ նորից խոսեց այն մասին, թե ինչպես իր երկիրը փորձեց նորմալացնել հարաբերությունները Հարավային Կովկասում, խոսեց «բռնազավթած 20%»-ից եւ այլն: Ոչինչ զարմանալի չէր Դավութօղլուի ասածներից, քանի որ եւ ադրբեջանական, եւ թուրքական քարոզչությունը նոր բան չի հնարել, բացի առիթով կամ անառիթ նույն բաների մասին խոսելուց։

Հայաստանյան քաղաքական շրջանակներում եւս Թուրքիայի ԱԳ նախարարի ստրասբուրգյան ելույթը կանխատեսելի էր: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը մեր հարցերին պատասխանելով՝ նկատեց, որ ԵԽԽՎ-ում Թուրքիայի արտաքին գործերի նախարարի ելույթը փորձ էր միջազգային հարթակներից մեկում արդարացնելու այդ երկրի հակասական եւ ագրեսիվ քաղաքականությունը. «Խաղաղության եւ բարիդրացիական հարաբերությունների պատրաստակամության շինծու քողի տակ Դավութօղլուն առիթը բաց չթողեց հանիրավի անդրադառնալու եւ միաժամանակ՝ յուրովի մեկնաբանելու ղարաբաղյան խնդիրը, հիմնախնդիր, որի կարգավորումը որեւէ կապ չունի, չի կարող ունենալ եւ չպետք է ունենա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների որակի եւ ընթացքի հետ: Տարօրինակ է, որ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյան է խոսում օկուպացիայի մասին, այն դեպքում, երբ Կիպրոսի Հանրապետության տարածքի 40 տոկոսի օկուպացիայի հեղինակը հենց Թուրքիան է: ԵԽԽՎ-ում այդ ելույթը նաեւ բացահայտ աջակցություն էր Ադրբեջանի ռազմատենչ քարոզչական քաղաքականությանը եւ դատապարտելի պետք է լինի միջազգային բոլոր ատյանների կողմից: Կարծում եմ, ԵԽԽՎ-ն, որպես մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հետամուտ կառույց, Դավութօղլուից պետք է ակնկալեր վերջինիս դիրքորոշումը կոնֆլիկտային սուբյեկտներում բնակվող ժողովուրդների ինքնորոշման իրավունքի եւ կենսական այլ ազատությունների եւ հնարավորությունների մասին: Իսկ մեր ներկայիս հարեւան եւ, ինչպես Դավութօղլուն ինքը բնորոշեց՝ «ապագայի բարեկամ» Թուրքիան իր իսկ ստորագրած արձանագրությունների ճակատագիրը թող չկապի որեւէ այլ հանգամանքների հետ եւ թող մեղավորներին փնտրի միայն իր քաղաքական համակարգում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել