Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԽՈՇՈՐՆԵՐԸ ԿՈՒԼ ՏԱԼԻՍ ՄԱՆՐԻԿՆԵՐԻ ԽԱՅԾԸ

Հունվար 26,2011 00:00

Կուսակցությունների խոշորացո՞ւմ, կամ՝ դեռ պարզ չէ, թե ավելի շատ ով է օգտվելու

Ամեն անգամ, երբ առիթ է լինում գրել կուսակցությունների խոշորացման, փակման, կրճատման եւ կուսակցական այլ թեմաների շուրջ, հիշում եմ պրոֆեսոր Վլադիմիր Նազարյանին, ով իր բավականին հեգնախառն վերաբերմունքը ցանկացած կուսակցության հանդեպ երբեք չէր թաքցնում եւ սիրում էր ասել, թե մեզանում գործող հարյուրից ավելի կուսակցություններից շատերի անդամները (1999-2001-ին, կարծեմ, մոտ 120 կուսակցություն էր գրանցված արդարադատության նախարարությունում) մի մեքենայի «պասաժիր» չեն լինի: Եվ նաեւ սա էր պատճառը, որ հարգարժան պրոֆեսորը ժամանակին ամեն ջանք գործադրեց, որպեսզի «Կուսակցությունների մասին» օրենքում հստակ ֆիքսվի թիվ՝ որպես կուսակցություն գրանցվելու համար պետք է առնվազն երկու հազար անդամ ունենաս: Իհարկե, հետագայում պարզ դարձավ, որ սա եւս հարցի լուծում չէր, քանի որ թվերը նկարելը ոչ միայն ԿԸՀ-ի, այլեւ որոշ «կուսակցությունների» մենաշնորհն է: Եվ այսօր, ըստ պաշտոնական տվյալների, շուրջ 75 կուսակցություններից գործունյա են եւ իրական անդամներ ունեն 20-25 կուսակցություն, իսկ մյուսները կուսակցություն-կուսակցություն են խաղում իրենց ընկերական շրջապատով կամ ընտանիքի անդամներով:

Եվ այս «կուսակցականացված» մթնոլորտում, երբ լսում ես թե այս կամ այն կուսակցությունը որոշել է համալրել որեւէ՝ ավելի մեծ կուսակցության շարքերը, պարզապես ստիպված ես մտածել՝ իսկ ինչո՞ւ են մեծերը գրկաբաց ընդունում մանրիկներին, որ ի՞նչ ստանան: Չէ՞ որ այս փոքրիկ-կարիերիստ «կուսակցությունները» ոչինչ չունեն տալու, նրանց մաքուր սափրված առաջնորդները կարող են լավագույն դեպքում երկու-երեք վերամբարձ ելույթ ունենալ, բայց դրանից մեծերը միայն կտուժեն, քանի որ ընտրողներին դեռ էն գլխից է հայտնի, թե ով ով է ու ումով: Բայց, ինչպես ասում են՝ անքննելի են մեծերի գործերը: Նախընտրական տարին մեկնարկել է իր բոլոր որակներով, եւ կուսակցությունների, այսպես կոչված, «խոշորացումը» առաջին հերթին հենց սրա հետեւանք է:

Մինչ մեր զրուցակիցների կարծիքներին անցնելը՝ ներկայացնեմ մի կարճ թվաբանություն նախորդ՝ 2007-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցությունների կենսագրություններից: Հիշում եք, որ 2007-ին ընտրությունների մասնակցեցին 22 կուսակցություն եւ մեկ դաշինք՝ «Իմպիչմենտը»։ Ի դեպ, այս դաշինքը ստացավ ընտրողների ձայների 1,29 տոկոսը միայն: Կուսակցություններից նույն Հայաստանի երիտասարդական կուսակցությունը, որը եւս պատրաստվում է գնալ Ուրիխանյանի առաջադիմականի հետքերով եւ ըստ որոշ տեղեկությունների՝ առաջիկայում համալրելու է «Բարգավաճ Հայաստանի» շարքերը, նախորդ ընտրություններում ստացել է 0,17 տոկոսը: Նույն ՄԻԱԿ-ը ստացել էր ընդամենը 0,2 տոկոս, Խոսրով Հարությունյանի քրիստոնյա-դեմոկրատները՝ 0,25, կոմունիստները՝ 0,65, Ազգային համաձայնություն կուսակցությունը՝ 0,31, իսկ այ, Տիգրան Կարապետիչի Ժողովրդական կուսակցությունը կարողացել էր ստանալ կլոր 6,00 տոկոս, այսինքն՝ 81,048 ձայն: Հատուկ նշեցինք զրոյական ձայներ հավաքած որոշ կուսակցությունների, քանի որ անկասկած է, որ հենց այս կարգի կուսակցություններն են վաղը-մյուս օրը վերամբարձ ոճով, կուրծք ծեծելով հայտարարություններ անելու այս կամ այն հզոր, մարդաշատ եւ ուժեղ կուսակցությունների շարքերը համալրելու մասին: Թե դա մանրիկներին ինչու է պետք, բացատրելու կարիք չկա, բայց մեծերը ինչու են այդ ոչինչ չտվող խայծը կուլ տալիս, պետք է իրենց հարցնել: Հարցրինք։ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանի կարծիքը սա է, թե այդ մանր կուսակցություններով համալրումը մեծերին ոչինչ չի տալիս, եւ կարեւորը տվյալ մեծ կուսակցության ուժն է, հնարավորությունները. «Հիմա, եթե մի տասը փոքր կուսակցություն էլ հայտարարի, թե միանում է ԲՀԿ-ին, դրանից ոչինչ չի փոխվելու, ԲՀԿ-ն էլի նույն ԲՀԿ-ն է մնալու»: Պատասխանելով մեր հարցին՝ իսկ եթե մի տասը կուսակցություն էլ հայտարարի, թե միանում է Հանրապետականին, դրանից Հանրապետականում ինչ-որ բան կփոխվի՞, կուսակցության փոխնախագահն ասաց՝ «Իհարկե, մենք եւս նույնը կմնանք, կարեւորը մեր կուսակցության ներքին ուժն է, մեր տարիների աշխատանքները, մեր կառույցների հզորությունը: Այսօր Հանրապետականը համայնքներում 70-ից ավելի համայնքի ղեկավար ունի, սա մեկ օրում չի եղել, սա մեր տարիների աշխատանքն է»: Հարցին՝ իսկ արդեն կա՞ն դեպքեր, երբ հերթական մանր կուսակցությունները ՀՀԿ-ի մեջ մտնելու հայտ են ներկայացնում, Ռազմիկ Զոհրաբյանն ասաց, թե՝ իհարկե, կան նաեւ այդպիսիք. «Մենք այդպիսի խնդիր չունենք, բայց եթե մարդիկ դիմում են, կքննարկենք»։ ՀՀԿ փոխնախագահի կարծիքով, կուսակցության հզորությունը չի գնահատվում անդամների քանակով:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանին եւս հարցրինք՝ ինչո՞ւ է մասնավորապես ԲՀԿ-ի պես կուսակցությունը գրկաբաց ընդունում մանր կուսակցություններին, երբ նրանք չեն կարողանալու իրենց ձայներ բերել: Ի պատասխան, մեր զրուցակիցն ասաց. «Քաղաքական եւ քաղաքագիտական տեսանկյունից նման քայլերը պետք է միայն ողջունել, քանի որ նման փոքր, մանր կուսակցությունների գոյությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում, իսկապես եւ ժամանակը դա ցույց տվեց՝ դարձել է աննպատակահարմար, եւ խոշոր կուսակցությունների շուրջ համախմբման արդյունքում ապագայում մենք կունենանք մի քանի խոշոր կուսակցություն, որոնց միջեւ էլ կընթանա հիմնական քաղաքական մրցակցությունը, այդ թվում եւ՝ գաղափարական դաշտում: Այդ իսկ պատճառով մանր կուսակցությունների լուծարումը մեզ համար դրական քայլ է, եւ, իհարկե, ցանկացողները շատ-շատ են, սակայն մենք քննարկում ենք եւ որոշում ենք կայացնում»։ Մեր հաջորդ հարցին, ավելի կոնկրետ՝ ԲՀԿ-ի ինչի՞ն են պետք այդ մանրերը, պարոն Գալստյանը ասաց. «Ամեն դեպքում այդ կուսակցություններն էլ ունեն որոշակի ներուժ, որոշակի մարդկային ռեսուրսներ, եւ ես չեմ կիսում Ձեր կարծիքը, թե այդ կուսակցություններում միայն իրենց ընտանիքի անդամներն են, եւ միավորվելով ԲՀԿ-ին՝ էլ ավելի միահամուռ մենք կարող ենք մեր նպատակին հասնել: Կուսակցությունների միավորումով մենք կմտցնենք նոր մշակույթ, որին կհետեւեն նաեւ այլ քաղաքական ուժեր, այլ մանր քաղաքական միավորումներ կկողմնորոշվեն՝ միավորվելով այս կամ այն խոշոր քաղաքական ուժին։ Նախկինում այդ մանր կուսակցությունները ընտրություններից առաջ սատարում կամ չէին սատարում տարբեր խոշոր քաղաքական ուժերի, այժմ իրենք էլ զգում են, որ զուտ թղթի վրա այդպիսի կուսակցությունների մնալը դառնում է ինքնանպատակ»։ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել