Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԱՐՑԸ ԵՎ ՆՐԱՆ ԱՌԱՋ ՔԱՇԵԼ

Հունվար 26,2011 00:00

\"\"Հայաստանից ԵԽԽՎ պատվիրակներին էլեկտրոնային փոստով ուղարկվել էր ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի վերաբերյալ դիմում, որին կից ներկայացված էր նրա մասին «Ժամանակ» օրաթերթի մի հոդված՝ առաջարկելով քննարկել այն:

Դավիթ Հարությունյանը հայտնեց «Առավոտին», որ իր պահանջով այս դիմումի մասին հարցը մտել է իր անդամակցած Եվրոպական դեմոկրատների խմբի (EDG) բյուրոյի նիստի օրակարգ՝ «Այն հիմնավորմամբ, որ եթե հարց ունեն, կպատասխանեմ», եւ քննարկվել հունվարի 23-ի երեկոյան: Քննարկման արդյունքում, ըստ պրն Հարությունյանի, որոշել են չարձագանքել այդ դիմումին. «Ի տարբերություն քաղաքական աճպարարությամբ զբաղվող որոշ խեղկատակների՝ ԵԽԽՎ-ում կարողանում են տարբերել զրպարտությունը խոսքի ազատությունից»:

Քննարկման հաջորդ օրն իսկ՝ հունվարի 24-ի առավոտյան, Դավիթ Հարությունյանն ընտրվել է EDG խմբի բյուրոյի կազմում:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը նաեւ հայտնեց, որ ուղարկված այդ դիմումին ինքը պատասխանել է էլեկտրոնային փոստով: Պատասխանից մեջբերեց մի հատված. «Ցավալի է, որ խոսքի ազատության ոլորտի վերջին շրջանի ազատականացումը եւ ապաքրեականացումը չարամտորեն չարաշահվել է որոշ լրատվամիջոցների եւ քաղաքական ուժերի կողմից: Ես հակված եմ դրան փիլիսոփայորեն նայել եւ դա համարել ազատության եւ ժողովրդավարության անցանկալի, բայց եւ անխուսափելի կողմնակի հետեւանք: Չնայած այս ամենին՝ ես շարունակում եմ լինել այն համոզմունքին, որ խոսքի ազատությունը գերակա է, եւ, որպես Հայաստանի խորհրդարանի անդամ, մտադիր չեմ նախաձեռնել որեւէ օրենսդրական փոփոխություն՝ այն սահմանափակելու ուղղությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել