Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հիշենք պատմության մասին՝ ոչ մի եվրոպացի չի կարող նայել մեկ այլ եվրոպացու դեմքին»

Հունվար 26,2011 00:00

ԵԽԽՎ ամբիոնից երեկ հայտարարեց Թուրքիայի նախագահը՝  Ցեղասպանության մասին հայ պատվիրակի հարցին ի պատասխան:

ԵԽԽՎ 40-ից ավելի պատվիրակներ էին երեկ հերթագրվել հարցեր ուղղելու Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին: Մինչ հարցերի հնարավորություն տալը՝ նիստը վարող ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն նախազգուշացրեց. «Պետք է հարցեր տաք եւ ոչ թե ելույթներ ունենաք»:

ՌԴ պատվիրակ Իվան Սավիդիին շնորհակալություն հայտնեց թուրք ժողովրդին, որ 88 տարի ի վեր՝ առաջին անգամ թույլ են տվել կրոնական արարողություն անցկացնել ուղղափառ եկեղեցում, եւ հարցրեց, թե դրանից հետո թույլ կտա՞ն նաեւ վերականգնել ուղղափառ կրոնական դպրոցը: Աբդուլա Գյուլը պատասխանեց, թե Թուրքիան հարգում է բոլոր կրոնները, եւ կրոնի ազատությունն իր երկրում հիմնարար իրավունք եւ ազատություն է: Ներողություն խնդրելով, թե չի տիրապետում ռուս պատվիրակի նշած հարցի մանրամասներին՝ նա նախընտրեց խոսել Վանի հայկական եկեղեցու վերականգնման մասին, ընդգծելով, թե դա իրականացվել է պետության կողմից: Եվ խոստացավ, թե աշխատանքները շարունակվելու են առանց որեւէ խտրականության:

ԵԽԽՎ հայ պատվիրակներից Թուրքիայի նախագահին հարց ուղղելու հնարավորություն ունեցավ էլի միայն Նաիրա Զոհրաբյանը, որն ասաց. «Ցանկացած պետություն հզոր է, երբ կարողանում է բաց հայացքով նայել պատմական ճշմարտությանն ու ընդունել իր անցյալը։ Միեւնույն է՝ վաղ թե ուշ Թուրքիան եւս ճանաչելու է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունը։ Չե՞ք կարծում, որ ինչքան շուտ Թուրքիան համարձակություն ունենա ընդունելու եւ ճանաչելու Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, այնքան ավելի շուտ ձեր երկիրը կկարողանա ազատվել անցյալի իր ծանր բեռից եւ իր տեղը գրավել քաղաքակիրթ պետությունների շարքում»: Աբդուլա Գյուլը Վեհաժողովից թույլտվություն խնդրեց երկար պատասխանել այս հարցին: Եվ հայտարարեց. «Մենք ոչ թե կարծում ենք, որ «ցեղասպանություն» բառը հարմար չէ, այլ չենք ընդունում, որ ցեղասպանություն ենք իրագործել անցյալում»: Հիշատակելով, թե կան մարդիկ, ովքեր անում են այդ պնդումը, պրն Գյուլն իր ուղին առաջարկեց՝ ստեղծել հատուկ հանձնաժողով, որին մաս կկազմեն գիտնականներ, եւ նրանց համար մատչելի կլինեն ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական արխիվները: Նշեց, թե դրան կարող են մաս կազմել ցանկացած երրորդ կողմի ներկայացուցիչներ, որոնք կուզենան ներգրավված լինել:

Թուրքիայի նախագահը նաեւ շարադրեց կատարվածի իրենց մեկնաբանությունը, թե 100 տարի առաջ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունը ստիպված էր կռվել 4 առանձին ճակատներով. «Շատ տառապանք եղավ: Մենք շատ ենք ափսոսում այդ տառապանքների համար: Այն ժամանակ Օսմանյան կայսրության օրոք եղել են սադրանքներ որոշակի մարդկանց կողմից, եղել են տարածաշրջանում խռովություններ, եւ մարդիկ են տեղահանվել: Եվ, իհարկե, կասկած չկա, որ եղել են մարտեր ու շատ սպանվածներ: Զոհերը եղել են բոլոր կողմերից, եւ մենք այդ ամենի համար ափսոսում ենք: Բայց ցեղասպանություն համարվելու համար պետք է լինի հատուկ մտադրություն՝ սպանելու որոշակի ազգության մարդկանց: Սակայն հայերն զբաղեցրել են գերագույն դատարանի անդամների պաշտոններ, եղել են դեսպաններ այլ երկրներում՝ ներկայացնելով Օսմանյան կայսրությունը, բաց են եղել հայկական բոլոր եկեղեցիները Ստամբուլում: Եթե դուք դա համարում եք ցեղասպանություն, ապա դա անընդունելի է: Սակայն եթե կան այդպիսի պնդումներ՝ եկեք բացենք բոլոր արխիվները, ամեն ինչ ուսումնասիրենք, եւ այն ժամանակ մենք կընդունենք նման աշխատանքի ցանկացած արդյունք»:

Թուրքիայի նախագահի հետեւյալ խոսքերին հետեւեցին ծափեր. «Հարկավոր է խոսել այդ ամենի մասին: Եթե մենք հիշենք պատմության մասին, ոչ մի եվրոպացի չի կարող նայել մեկ այլ եվրոպացու դեմքին: Մենք պետք է մտածենք ապագայի մասին, այո՛, մենք պետք է ափսոսանք տառապանքի, ցավի համար, որը եղել է մեր անցյալում, սակայն պետք է նայենք ապագային. նայենք միասին՝ որպես բարեկամներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել