Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ՈՒՄ ԱՍՈՒՄ ԵՆ՝ ԶԵԿՈՒՅՑԸ ՀԱՄԱՐԺԵՔ ՉԷ

Հունվար 26,2011 00:00

\"\"Հայաստանյան իրավապաշտպանները, սակայն, Human Rights Watch-ի զեկույցը օբյեկտիվ են համարում

Հունվարի 24-ին Human Rights Watch միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակեց իր տարեկան զեկույցը, որում կոշտ քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանություններին՝ մասնավորապես մարտիմեկյան դեպքերի առիթով պատշաճ հետաքննություն չանցկացնելու, ոստիկանությունում բռնարարքներ թույլ տալու, հավաքների ազատությանը խոչընդոտելու համար:

«Իշխանությունը նախկինի նման իրական հետաքննություն չանցկացրեց՝ հայտնաբերելու համար 2008թ. մարտյան դեպքերի ժամանակ ընդդիմության ներկայացուցիչների դեմ ոչ համարժեք ուժ կիրառողներին: Ուժի կիրառման համար ընդամենը 4 ոստիկան դատապարտվեց, նրանք էլ համաներմամբ անմիջապես ազատ են արձակվել»,- շեշտել է իրավապաշտպան կազմակերպությունը՝ հիշատակելով մարտիմեկյան իրադարձություններից հետո կալանավորված ընդդիմադիր գործիչներին, որոնք դեռեւս անազատության մեջ են մնում:

Կազմակերպության գնահատմամբ, երկրում շարունակում են լուրջ խնդիր մնալ ոստիկանությունում իրականացվող կտտանքներն ու դաժան վերաբերմունքը: Այդ համատեքստում մանրամասն անդրադարձ կա 2010թ. ապրիլին Չարենցավանի ոստիկանությունում Վահան Խալաֆյանի մահվան դեպքին: Զեկույցի հեղինակները փաստում են, որ կա պաշտոնական վարկած՝ երիտասարդը ինքնասպան է եղել, սակայն նրա հարազատների եւ մի շարք իրավապաշտպանների համոզմամբ՝ Խալաֆյանին ոստիկանությունում սպանել են:

Human Rights Watch-ը իր տարեկան զեկույցում անդրադարձել է նաեւ YouTube կայքում հայտնված տեսանյութին, որտեղ ՀՀ ԶՈՒ սպան ստորացնում ու ծեծի է ենթարկում երկու շարքային զինծառայողների:

Զեկույցում անդրադարձ կա նաեւ արդեն 8 տարի եթերազրկված «Ա1+» անկախ հեռուստաընկերությանը. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում կատարված փոփոխությունները խոսքի ազատության եւ բազմակարծության առումով լրատվամիջոցների համար խոչընդոտներ են ստեղծել: Կատարված փոփոխությունները, մասնավորապես, սահմանափակում են հեռուստաընկերությունների թիվը, որոնք կարող էին մասնակցել թվային հեռարձակման համար հայտարարված կապուղիների մրցույթին, նաեւ առավելություններ են տալիս գործող հեռուստաընկերություններին, ինչը նորերի համար կապուղի ստանալու տեսանկյունից խոչընդոտ է»:

Հեղինակավոր կազմակերպությունը նշում է, որ անցած տարվա ընթացքում ՀՀ իշխանությունները շարունակել են սահմանափակել նաեւ քաղաքացիների ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը։ Զեկույցում անդրադարձ կա նաեւ «Հելսինկյան ասոցիացիա» հայաստանյան իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանի վրա կատարված հարձակման գործի նախաքննությունը հանցակազմ չհայտնաբերելու պատճառաբանությամբ կասեցնելուն, նաեւ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ սուտ մատնության փաստով հարուցված քրգործին:

Human Rights Watch-ը նաեւ արձանագրել է, թե Հայաստանի միջազգային գործընկերներն ամբողջությամբ չեն օգտագործել իրենց հնարավորությունները՝ մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից Հայաստանի վրա ներազդելու համար. «Եվրոպական հարեւանության գործողությունների ծրագրի իրականացմանն առնչվող մայիսյան զեկույցում, օրինակ, նշված էր Հայաստանի արձանագրած առաջընթացի մասին, ինչի արդյունքում էլ պաշտոնական Բրյուսելը Երեւանի հետ ասոցացման համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ սկսեց»:

«Եթե ոստիկանությանը, ասենք, դիմադրում են մահակներով, փայտերով, բնականաբար, կարող էին մարդու իրավունքները խախտվել: Ես չեմ կարծում, որ այստեղ քննադատությունն այնքան տեղին է, որովհետեւ եթե վերցնենք նույն եվրոպական երկրները՝ Ֆրանսիան, Բելգիան, գնանք Հունաստան, որտեղ գիտեք, թե ինչ անկարգություններ էին տեղի ունենում, այս դեպքում ինչո՞ւ չտեսնել, թե Եվրոպայում ինչ է կատարվում, եւ կենտրոնանալ Հայաստանի վրա: Պետք է քննադատությունը համարժեք լինի»,- henaran.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Human Rights Watch-ի՝ ՀՀ իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատությունը, ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: Սա իշխանության տեսակետն է: Իսկ ահա հայաստանյան իրավապաշտպանները HRW-ի զեկույցը գնահատում են որպես օբյեկտիվ:

Օրինակ, «Իրավունքի եւ ժողովրդավարության կենտրոնի» ղեկավար, իրավապաշտպան Վարդան Հարությունյանի գնահատմամբ, զեկույցը «շատ օբյեկտիվ է եւ անաչառ». «Հստակ ներկայացված են հայաստանյան վերջին երեք տարվա զարգացումները բոլոր բնագավառներում՝ սկսած բանակից, վերջացրած հավաքների, խոսքի ազատության հարցերով: Շատ ավելի եմ կարեւորում եւ ուրախ եմ, որ կազմակերպությունն իր զեկույցում ընդգծել է այն հանգամանքը, որ միջազգային կառույցներն իրենց ներուժը մինչեւ վերջ չեն օգտագործել, համապատասխան չափով ճնշումներ չեն գործադրել ՀՀ իշխանությունների վրա, որպեսզի վերջիններս ստիպված լինեն հարգել մարդու իրավունքները կամ հարգանքի ինչ-որ դրսեւորումներ ցուցաբերեն:

Ես առաջին անգամ եմ հանդիպում նման ձեւակերպման եւ ուրախ եմ, որ միջազգային հեղինակավոր այդ կառույցը հանգել է նման եզրակացության»: Վ. Հարությունյանը միջազգային կազմակերպություններին ուղղված այդ քննադատությունն օբյեկտիվ է համարում, որովհետեւ, նրա ձեւակերպմամբ՝ «այդ կառույցները պարտավոր են հետեւողական լինել մարդու իրավունքների պաշտպանության հարցում՝ որ երկրում էլ որ լինի, որովհետեւ մարդու իրավունքներից, արժանապատվությունից վեր ոչինչ չկա՝ ո՛չ պետությունը՝ իր սահմաններով, ո՛չ պետական գործիչները»: Դատելով Համմարբերգի՝ Երեւանում արած հայտարարություններից, իրավապաշտպանը հույս հայտնեց, որ ԵԽ մարդու իրավունքների հարցով հանձնակատար Թոմաս Համմարբերգից առաջիկայում ակնկալվող զեկույցն էլ կլինի նույնքան անաչառ՝ իրականության ճշգրիտ արտացոլում, ինչպիսին HRW-ինն է: «Եթե նա հավատարիմ մնա Երեւանում արած իր հայտարարություններին, ապա նրա զեկույցը պիտի որ քիչ բանով տարբերվի HRW-ի զեկույցից, որովհետեւ անաչառ հայացքը տեսնելու էր այն, ինչ տեսել են HRW-ի ներկայացուցիչները Հայաստանում»,- հայտարարեց Վ. Հարությունյանը:

«Հայաստանի հելսինկյան կոմիտեի» ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը եւս «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, թե աշխարհի ամենահեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններից մեկը հանդիսացող Human Rights Watch-ը երբեք քաղաքական նպատակներ չի հետապնդում եւ օբյեկտիվ է իր զեկույցներում: «Որեւէ մեկը չի կարող վիճարկել Հայաստանի վերաբերյալ բարձրացրած հարցերը՝ մարտի 1-2-ին 10 զոհերի սպանությունների բացահայտված չլինելը, որոշ դեպքերում հավաքների արգելումը, ոստիկանության բաժիններում մարդկանց խոշտանգումները, բանակում կատարված սպանությունները: Եթե որեւէ մեկը կասկածում է այս կազմակերպության օբյեկտիվության վրա, կարող է բացել այլ երկրներին վերաբերող զեկույցները եւ համեմատել»,- ասաց Ա. Իշխանյանը՝ հիշեցնելով, որ HRW-ն այն կազմակերպությունն էր, որը 2008թ. «Մարտի 1»-ից անմիջապես հետո «շատ օբյեկտիվ էր եւ առանց պիտակավորումների» զեկույց հրապարակեց տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել