Ըստ «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանի՝ ՀՌԱՀ-ը նույն նախանձախնդրությամբ չի արձագանքել «Արմնյուզի» մրցութային փաթեթում առկա խախտումներին:
– Հունվարի 20-ին ՀՌԱՀ-ն «Ա1+»-ին հնարավորություն ընձեռեց պատճենահանել «Արմնյուզ» եւ «Արմենիա» հեռուստաընկերությունների մրցութային առաջարկները: Ի՞նչ պարզվեց դրանց նախնական ուսումնասիրությամբ:
– Ուշագրավ փաստերը բավական շատ են:
Այս փաթեթները հիմնականում այն տպավորությունն են թողնում, որ երկու հեռուստաընկերություններն էլ օգտվել են եվրոպական կամ ամերիկյան մի որեւէ ընկերության ծրագրից, այն տեղայնացրել՝ առանց հաշվի առնելու իրենց հնարավորություններն ու այսօրվա վիճակը:
Դեռ «Արմենիա»-ին մի կողմ թողնենք. այն մեր խնդրի հետ կապ ունի այնքանով, որքանով այդ հեռուստաընկերությունն իր ողջ ռեսուրսները տրամադրել է նաեւ «Արմնյուզ» ՓԲԸ-ին: Վերջինս իր բոլոր տեղեկություններում թույլ է տվել կոպիտ սխալներ: Ավելի ստույգ՝ մեր ուսումնասիրությամբ խախտումներ են հայտնաբերվել այն 6 չափանիշների կապակցությամբ, որոնցով պետք է որոշվեր հաղթողը մրցույթում:
Հիմնականում՝ տեխնիկական ու ֆինանսական առումով «Արմնյուզ» հեռուստաընկերության առաջարկը նման է ինչ-որ հեքիաթի: Այն, ինչ նկարագրված է այդ փաթեթում՝ որեւէ կապ չունի այն «Արմնյուզի» հետ, որը կա այսօր եթերում:
– Դուք ցանկանում էիք համադրել այդ փաթեթները, որ պարզ լինի, թե արդյոք նույն շենքում գործող այս երկու հեռուստաընկերությունները միասնաբա՞ր են օգտագործում նաեւ տեխնիկական եւ այլ հնարավորությունները: Այդ մասին վկայող փաստաթղթեր կա՞ն փաթեթներում:
– Շատ լղոզված է այդ ամենը ներկայացված: Չնայած կան որոշ մանրուքներ, որոնք հաստատում են այն պատկերը, որի մասին գիտեինք առանց անգամ ուսումնասիրելու այս փաթեթները: Սակայն մրցութային այս առաջարկներն արդեն համոզիչ ապացույց են, որ դա իսկապես այդպես է: Թե ինչին է վերաբերում ասածս՝ նախապես չեմ մանրամասնի, քանի որ սրանք բոլորը փաստարկներ են, որոնք օգտագործելու ենք դատարանում:
Եվ եթե կարողանանք ապացուցել դրանք դատարանում, իսկ ես վստահ եմ՝ կկարողանա՛նք ապացուցել, պատասխանատվության ենք կանչելու Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին, որը հաշվի չի առել այն կոպիտ սխալները եւ խաբեությունը, ինչը ներկայացվել է «Արմնյուզ» ընկերության կողմից, սակայն մեղադրանքների տարափ էր ուղղել «Ա1+»-ին: Կարծում եմ, որ ՀՌԱՀ-ը եւ պրն Ամալյանն ինչպես նախանձախնդրորեն ու ջանասիրաբար ուսումնասիրել էին «Ա1+»-ի փաթեթը՝ նույն կերպ էլ պետք է ուսումնասիրեին այս փաթեթները: Մանավանդ որ՝ ընդգծում եմ, այնտեղ կան ուղղակի ցայտո՛ւն խախտումներ. նույնպիսի՝ ինչպիսիք են, օրինակ, կնիքը եւ անվանումը չհամընկնելը:
– Այսօր արդեն հնարավո՞ր է ասել, թե «Ա1+»-ը երբ է պատրաստվում դիմել դատարան:
– Այդ հարցին կարող եմ պատասխանել միայն մեր փաստաբանների հետ քննարկումներից հետո: Սակայն վստահ եմ՝ մոտակա շրջանում կդիմենք դատարան:
Հ. Գ. Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը սեպտեմբերի 21-ին հանդիպել էր ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին եւ ասուլիսում հայտնեց. «Իմ մտահոգությունն է, որ բավականաչափ պահպանված չէ լրատվամիջոցներում բազմակարծության սկզբունքը: Եվ կարծում եմ, որ այսօր գործող համակարգը չի երաշխավորում այդ բազմակարծությունը: Բազմաթիվ տեխնիկական քննարկումներ են եղել՝ հայտերի, չափանիշների, բալային գնահատման այդ համակարգի վերաբերյալ: Ինձ համար՝ իբրեւ դրսից եկող մեկի, այնքան էլ հեշտ չէ այդ քննարկմանը օգտակար մասնակցություն ունենալ: Բայց ուղղակի գտնում եմ, որ շատ կարեւոր եւ էական է ապահովել բազմակարծությունը»: