Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս «սնել» գլխուղեղը եւ միտքը

Հունվար 25,2011 00:00

Այն՝ ինչ չգիտենք գլխուղեղի մասին

Մտքի, հիշողության վատացման պատճառներից են գլխուղեղի վնասվածքները եւ սթրեսները: Դրանց ավելացրեք նաեւ ոչ լիարժեք սնունդը՝ եւ կստանաք հիշողության վատացման պատճառների մի «փունջ»:
Դրանից խուսափելու համար ամենատարրական ուղին այն է, որ պետք է լավ «սնել» գլխուղեղը: Առանց  ճարպերի՝ մեր գլխուղեղը չի կարող «աշխատել», քանի որ այն մոտ 30%-ով  բաղկացած է ճարպերից: Գլխուղեղի յուրաքանչյուր բջիջ (նեյտրոն) պարուրված է ճարպային թաղանթով, հենց սրանց միջոցով են նյարդային ազդակները փոխանցվում  մեկ բջջից մյուսին: Որպեսզի մեր գլխուղեղը «ամուր» հիշի  բազմաթիվ տեղեկատվություն, անհրաժեշտ է, որ ճարպի քանակը եւ որակը մնա անփոփոխ  ամբողջ կյանքի ընթացքում: Դրա համար մեր սննդի մեջ պետք է շատ լինեն չհագեցած  ճարպաթթուները եւ ճարպերը: Դրանք բավականին քանակությամբ կան արեւածաղկի, եգիպտացորենի, ձիթապտղի յուղերում (բուսական յուղեր):  Չհագեցած ճարպաթթուներ եւ ճարպեր համարյա չկան խոզի, ոչխարի ճարպերի մեջ: Իսկ, ահա, ձկան յուղը շատ հարուստ է չհագեցած ճարպերով: Այնպես որ, հաճախ օգտագործեք ձկնեղեն:
Սպիտակուցները, ավելի ճիշտ՝ ամինաթթուները, նույնպես շատ կարեւոր են մեր գլխուղեղի համար: Սպիտակուցներով հարուստ են ընդեղենը (լոբի, ոսպ, սիսեռ), ձավարեղենը, ձուկը եւ միսը: Վիտամիններից առաջին տեղում են «B» կոմպլեքսի վիտամինները, որոնք շատ կան հացի (հատկապես խոշոր աղացած ալյուրով թխված), կաթնամթերքի, տավարի լյարդի մեջ, թարմ բանջարեղենի մեջ:
Միկրոտարրերից ցինկը, երկաթը եւ մանգանը լավացնում են ուշադրությունը, միտքը եւ  հիշողությունը: Վարսակաձավարը, կորեկաձավարը, բրինձը, մսեղենը, ընկուզեղենը բավականին հարուստ են այդ միկրոտարրերով: Շատերին թվում է, որ տարիքին զուգընթաց, պետք է վատանա նաեւ հիշողությունը:  Սակայն դա այդպես չէ: Որպեսզի միշտ հիշողությունը եւ միտքը լինեն «լուսավոր», պետք է «մարզել» գլխուղեղը:
Ածխաջրերը գլխուղեղի հիմնական սնունդն են: Եվ դրանց մեջ թիվ մեկ ածխաջուրը գլյուկոզան է: Կան «դանդաղ» եւ «արագ» շաքարներ: «Դանդաղ» շաքարներ պարունակում են ձավարեղենը, բանջարեղենը:
«Դանդաղ» շաքարները  երկարատեւ  ժամանակ օրգանիզմին տալիս են էներգիա: Դրա համար էլ առավոտյան ընդունած մեկ ափսե շիլան տալիս է բավականին ուժ օրվա ընթացքում:
«Արագ» շաքարները, որոնք արագ ընդունում է օրգանիզմը, այդպես էլ արագ ծախսվում են: Դրանցից են տարբեր տեսակի հրուշակեղենը, հյութերը: Օրվա ընթացքում պետք է անպայման օգտագործել այնպիսի սնունդ, որը հարուստ լինի հիմնականում «դանդաղ» շաքարներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել