Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՌՆԵԼ ԱԼԻԵՎԻՆ, ԿՐԱԿԵԼ ՈՒ ՍՊԱՆԵԼ…

Հունվար 25,2011 00:00

\"\"Փոխարենը՝ ադրենալին, սթրեսներից ազատվելու  զգացողություն, բավարարվածություն

Բռնել Ալիեւին, գրավել ամրոցը, ոչնչացնել զոմբիին, մտնել Ֆորտ Բոյար… Ռազմական այս հրամանները կատարվում են թիմերի միջոցով: Չկարծեք, թե պատերազմ է սկսվել, սա պարզապես խաղ է: Խաղ, որ կոչվում է փեյնթբոլ (Paintball) եւ որն իրականացվում է «Լեգեոն» ակումբի կողմից:
«Paintball»-ը հատուկ նշանակության ջոկատների գործողությունների մի ամբողջություն է, բայց մեկ տարբերությամբ, այստեղ ինքնաձիգներին փոխարինում են «մարկերները»՝ զենքեր, որոնք ներկում են, այսինքն՝ փամփուշտները ներկով լցված գնդակներ են, որոնք էլ նշանառության տակ գտնվող մարդկանց դիպչելիս՝ պայթում ու ներկում են նրանց կրած զինվորական համազգեստը»,- «Առավոտի» հետ զրույցում մանրամասնեց «Լեգեոն» ակումբի հիմնադիր Ալբերտ Պողոսյանը: Պարզվում է, ակումբը ստեղծվել է դեռեւս 2009 թվին՝ Ալբերտի եւ նրա երեք ընկերների շնորհիվ, եւ այն արդեն ունի հազարավոր խաղացողներ:
«Paintball»-ը սպորտ է, հաճելի ժամանց: Մենք կազմակերպում ենք տակտիկական «Paintball», այսինքն՝ ռազմականացված խաղ, հատուկ սցենարներով: Խաղն ընդհանուր առմամբ շատ դինամիկ է: Խաղի իմաստն է՝ ներկել հակառակորդին, եթե գնդակը դիպչում է, բայց խաղացողը չի ներկվում, ուրեմն չի մեռել, եթե ներկվեց՝ մեռել է, այստեղ վիրավորներ չեն լինում:
Մենք շատ սցենարներ ունենք, երբ թիմերը գալիս են խաղալու՝ իրենք ընտրում են իրենց նախընտրած սցենարը: Օրինակ՝ «Բռնել Ալիեւին» խաղը շատ հետաքրքիր է, իմաստն այն է, որ Ալիեւի դիմակով մեկը փախչում է եւ նրան պետք է բռնել, կրակել: Ու երբ կրակում են, նա մինչեւ 10-ն է հաշվում, այդ ընթացքում պետք է հասցնել նրա դիմակը հանել եւ ետ դառնալ, եթե չհասցնեն, ապա Ալիեւը կարող է խաղացողի ետեւից գնալ ու սպանել նրան»,- մանրամասնում է Ա. Պողոսյանը՝ նշելով, որ խաղի ընթացքում բոլորը հավասար են, այսինքն՝ գեղեցիկ սեռի նկատմամբ մեղմ վերաբերմունք ամենեւին էլ չի ցուցաբերվում, եւ հետո բոլորը նույն զգեստներով ու նույն դիմակներով են, այնպես որ, չի տարբերվում՝ ով է տղա, ով՝ աղջիկ: Ալբերտը նաեւ նշում է, որ աղջիկներն ավելի ակտիվ են խաղում, ավելի քիչ են վախենում, իսկ տղաները դանդաղ են շարժվում: Ի դեպ, «Paintball» խաղալու համար տարիքային սահմանափակումներ կան, ակումբը 16 տարեկանից ցածր անձանց չի խաղացնում՝ «սեռային սահմանափակում չկա, որովհետեւ գենդերային խնդիր կլինի: Մեզ մոտ շատ աղջիկներ են գալիս»,- ասում է Ալբերտը: Իսկ ինչ վերաբերում է խաղերի ժամանակ ստացված հնարավոր վնասվածքներին՝ այս մասով էլ մեր զրուցակիցը նշեց, որ դեռեւս լուրջ դեպքեր չեն եղել, երբեմն խաղացողները թեթեւ քերծվածքներ են ստացել, բացի այդ՝ իրենք դեղատուփ ունեն, դրան գումարած միշտ պատրաստ ավտոմեքենա, որ եթե հանկարծ լուրջ իրավիճակներ լինեն՝ վնասվածք ստացած անձին շտապ մոտակա հիվանդանոց հասցվի:
Ա. Պողոսյանը տեղեկացրեց նաեւ, որ հիմա «Paintball» խաղում են ամեն կիրակի, իսկ ամռանը՝ նաեւ շաբաթ օրերը: Հագուստն ու զենքերը տրամադրում է «Լեգեոն» ակումբը: Խաղերն անցկացվում են Բյուրականում, Սեւանում, Հանքավանում եւ այլուր:
Ընտրված տարածքները, որտեղ անցկացվում են խաղերը, նախապես ուսումնասիրվում են ակումբի կողմից եւ ձեռնարկվում են անվտանգության համար նախատեսված բոլոր միջոցառումները: «Խաղի համար առանձնացված տարածքները պետք է ցանկապատված լինեն, որ բացառվի կողմնակի մարդկանց մուտքը: Խաղերը մշտապես կազմակերպվում են այնպիսի վայրերում, որոնց մոտակայքում գործում են բուժհաստատություններ»,- հավաստիացրեց մեր զրուցակիցը:
«Paintball»-ը խաղում են խմբերով, 10 հոգին՝ 10-ի դեմ: Խաղերի տեւողությունը 10-40 րոպե է, նայած թե ինչ խաղ է: Ակումբի խաղահրապարակներում անց են կացվում երկու տեսակի խաղեր՝ պարզ եւ հատուկ: Պարզ խաղերը պարզեցված սցենար են եւ պահանջում են խաղային արագ տեմպ, իսկ հատուկ խաղերը պահանջում են որոշակի հմտություններ, մարզվածություն եւ անվտանգության հատուկ պահանջներ եւ միջոցառումներ: Ի դեպ, «Paintball»-ը ունի նաեւ վարողներ՝ «դատավորներ», սխալ խաղացողը հեռացվում է խաղից:
«Ունենք անվտանգության կանոններ, որոնք խիստ պահպանվում են, օրինակ՝ չի կարելի կրակել աչքին, խաղացողն իրավունք չունի խաղի ընթացքում իր դիմակը հանել, եթե հանի՝ կհեռացվի խաղից: Չի թույլատրվում նաեւ 5 մետրից մոտ կրակել, որովհետեւ մի քիչ ցավում է: Այս ամենից բացի, խաղին մասնակցողը պետք է գրավոր գրի ու մակագրի այն մասին, որ ինքը մինչ խաղին մասնակցելը ամենայն մանրամասնությամբ ծանոթացել է խաղի կանոններին»,- շեշտեց Ալբերտը:
Ըստ մեր զրուցակցի, խաղերին մասնակցում են տարբեր մասնագիտությունների տեր անձինք՝ երգիչներ, TV-ի «դեմքեր», ոստիկաններ, օդաչուներ, զինվորականներ եւ այլք՝ «քաղաքական գործիչների դեռ չենք տեսել, հրավիրում ենք քաղաքական գործիչներին մեզ մոտ խաղալու, թող գան տեսնենք, թե ինչքան լավ տղաներ են իրենք»:
Ինչ վերաբերում է հոգեբանության վրա խաղի թողած ազդեցությանը, ապա, ըստ Ալբերտի՝ «Խաղը բացասաբար չի անդրադառնում մարդու հոգեբանության վրա, ընդհակառակը՝ մարդու միջից հանում է ագրեսիան: Օրինակ, կիրակի օրվա խաղից հետո, երբ երկուշաբթի աշխատանքի ես գնում՝ շատ հանգիստ վիճակում ես լինում, լիովին բացակայում է ագրեսիան, ոչ մեկին չես ուզում սպանել, շեֆիդ չես ուզում խեղդել… Խաղը մասնակցին տալիս է ներգրավվածություն, ադրենալին: Տալիս է նաեւ ազատ զգալու, սթրեսներից ազատվելու զգացողություն, շփվելու, խնդիրներ լուծելու եւ դրա հետ կապված՝ բավարարվածություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել