Լրահոս
Օրվա լրահոսը

Իրեն սպառած մրցաշարի ու մեր տեղի մասին

Հունվար 25,2011 00:00

\"\"ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոնների գավաթի 19-րդ խաղարկության հաղթողը ադրբեջանական «Ինտերն» է: Բաքվի թիմը եզրափակչում 0:0 ավարտեց հանդիպման հիմնական ժամանակը Սոլիգորսկի «Շխտյորի» հետ խաղում ու հետխաղային 11 մետրանոցներով տիրացավ գավաթին: Իսկ մինչ այդ, բոլոր հինգ խաղերում «Ինտերը» հաղթանակ տոնեց 16:0 ընդհանուր հաշվով՝ մեկնարկից եզրափակիչ ճանապարհին հանդիպելով նաեւ մեր ներկայացուցչին: Ու հերթական հայկական թիմն ավարտեց իր անփառունակ ելույթը ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոնների գավաթի հերթական խաղարկությունում:
Երեւի թե շատ քչերը կֆիքսեին այդ իրադարձությունն օրվա լրահոսում, եթե մեր հերթական թիմի՝ «Միկայի», մրցակիցն «Ինտերը» չլիներ: Եվ հարցը միայն ակումբային ֆուտբոլում մերոնց պարտություններին սովոր լինելը չէր:
ԱՊՀ չեմպիոնների գավաթը վաղուց արդեն վերածվել է մի մրցաշարի, որի հեղինակությունն ու արժեքը պատմության գրկում են մնացել: Դրա վառ ապացույցն է մասնակիցների կազմը, որ տարեցտարի ավելի է հեռանում ի սկզբանե նախատեսված ֆորմատից ու կոնցեպցիայից:
Այդպես, ծնունդ առնելով 1993-ին, այս մրցաշարը նպատակ ուներ այլ ֆորմատով վերարտադրել ԽՍՀՄ առաջնությունը: Սակայն հենց սկզբից ինչ-որ բան չէր ստացվում: Նախ, առաջին երկու խաղարկություններին Ուկրաինան չգործուղեց իր ներկայացուցչին, իսկ հետագայում արդեն, կարծես, մոռացության մատնվեց մրցաշարի անվանման առանցքային՝ «չեմպիոն» բառը. տարեցտարի հենց չեմպիոններին լավագույն դեպքում փոխարինում են իրենց իսկ երկրորդ թիմերը, իսկ, առհասարակ՝ երկրորդ ու երրորդ մրցանակակիրները, անգամ՝ չորրորդ հորիզոնականում հանգրվանած թիմը, ինչպես մեր «Միկայի» պարագայում:
Տարիներ շարունակ առաջնությանն էր մասնակցում նաեւ Ռուսաստանի պատանեկան կամ երիտասարդական հավաքականը, ռուս-վրացական պատերազմից հետո Վրաստանն անտեսեց մրցաշարը: Բացի այդ, խախտվեց նաեւ «ԱՊՀ եւ Բալթյան երկրներ» աշխարհաքաղաքական տիրույթը. 2007 թվականից մրցաշարին մասնակցում է Սերբիան:
Ոչ պակաս կարեւոր խնդիր է նաեւ մրցաշարի անցկացման ժամանակը: Հետխորհրդական տարածքի երկրները ժամանակային տարբեր ֆորմատներով են անցկացնում իրենց ներքին առաջնությունները: Արդյունքում՝ թիմերից շատերը հունվարի կեսին մեկնարկող մրցաշարին են ներկայանում ոչ թե թերի պատրաստված, այլ՝ բացարձակ անպատրաստ ու նաեւ չկոմպլեկտավորված կազմով: Ի դեպ, եթե ուսումնասիրենք մրցաշարի չեմպիոնների ցանկը, ապա կնկատենք, որ առաջին տարիներին «Սպարտակի» հեգեմոնիան էր, ապա՝ ուկրաինական ակումբների, ինչը ռեալ արտացոլում է ուժերի դասավորվածությունը նախկին ԽՍՀՄ տարածքում: Սակայն ժամանակի ընթացքում թե ուկրաինական, թե ռուսական թիմերը դադարեցին մրցատեղի գործուղել իրենց հիմնական կազմերը՝ բավարարվելով երիտասարդական կամ երկրորդ թիմերով, ինչի արդյունքում մրցաշարում հաջողություն գրանցեցին այն առաջնությունների ներկայացուցիչները, որոնք աշուն-գարուն համակարգով են գործում: Այդպես, մրցաշարի պատմության երկրորդ կեսում երկու անգամ Մոլդովայի ներկայացուցիչ «Շերիֆն» է հռչակվել չեմպիոն, երեք անգամ Ադրբեջանի թիմերը՝ «Նեւթչին», «Խազար Լենքորանը», ու հիմա էլ՝ «Ինտերը»: Այս հանրապետությունների ներկայացուցիչները մեկական անգամ էլ հայտնվել են եզրափակչում: Սա է վիճակագրությունը:
Այն հզոր գործիք է նաեւ ապագան ճիշտ ծրագրելու համար: Ակնհայտ է, որ մոլդովական ու ադրբեջանական, ինչպես նաեւ ուկրաինական ու ռուսական թիմերի հետ մեր որեւէ ներկայացուցիչ մոտ ապագայում «Համագործակցության գավաթում» չի կարողանա ոտք մեկնել: Իսկ յուրաքանչյուր հանդիպում կավարտվի, մեղմ ասած, խոշոր հաշվով պարտությամբ, ինչպես մինչ այժմ է եղել:
Հարց է առաջանում՝ արդյո՞ք ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոնների գավաթն այն մրցաշարն է, հանուն որի՝ իմաստ ունի կիսատ-պռատ անցկացնել նոր մրցաշրջանին նախապատրաստվելու առաջին փուլն ու, միեւնույն է, մրցաշարում ոչնչի չհասնել:
Հայաստանի չեմպիոնը, փոխչեմպիոնն ու երրորդ մրցանակակիրը այդ հարցի պատասխանը հստակ ունեին 2011-ին, բայց ոչ՝ «Միկան»:
Իսկ հաջո՞րդ տարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել