Վաղը մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որից անմիջապես հետո մրցագորգ կմտնեն նաեւ հանրապետության հունահռոմեական ոճայինները: Երկու մրցաձեւերում էլ ակնկալվում է, որ պայքարի մեջ կներգրավվեն յուրաքանչյուրում՝ առնվազն 120 մարզիկ: Նրանք ներկայացնելու են Երեւանը, Գյումրին, Վանաձորը եւ Հայաստանի բոլոր մարզերը:
Ազատ ոճայինների առաջնությանը, ի տարբերություն հունահռոմեականի, որում մեր երեք առաջատարները՝ Ռոման Ամոյանը, Արսեն Ջուլֆալակյանը եւ Յուրի Պատրիկեեւը, անհատական ծրագրով մարզվելու պատճառով Հայաստանի առաջնությանը չմասնակցելու իրավունք ունեն, ազատ ոճում հավաքականի մարզչի առաջարկով եւ ֆեդերացիայի որոշումով բոլոր լավագույնների մասնակցությունը պարտադիր է՝ անկախ կոչումներից եւ տիտղոսներից: Սա արվել է նրա համար, որպեսզի նախաօլիմպիական տարում հանրապետությունում այս մրցաձեւի ընդհանուր վիճակի մասին իրական պատկերացում կազմվի: Կասկածի տակ է միայն 84 կգ քաշային Հաջիմուրադ Նուրմագոմեդովի մասնակցությունը, որը վատառողջ է: Սակայն հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ Նուրմագոմեդովն այսօր ժամանելու է Հայաստան եւ միայն բժիշկները կորոշեն՝ նա պե՞տք է մտնի գորգ, թե՞ ոչ:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան թե ազատ, թե հունահռոմեական ոճերում հաղթողների, մրցանակակիրների, նաեւ նրանց անձնական մարզիչների համար սահմանել է մեդալներ, դիպլոմներ եւ դրամական խոշոր պարգեւավճարներ: