Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մշակութային ալիք պահելը դժվար է»

Հունվար 25,2011 00:00

Հայտարարում է Հանրային հեռուստաընկերության ծրագրերի ղեկավար Մարատ Օրդյանը

Հունվարի 21-ից 48-րդ դեցիմետրային ալիքով ոչ թե «Արարատը», այլ «Շողակաթն» է հեռարձակվում: Թե ինչպե՞ս է ստացվել երկու ալիքների միավորումը եւ ի՞նչ իրավաբանական հիմնավորում ունի կատարված փոփոխությունը, քննարկվեց Հանրային խորհրդի (ՀԽ) մշակութային ենթահանձնաժողովի օրերս կայացած նիստի ժամանակ: Մշակութային ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանի պնդմամբ, ալիքների միավորման մասին հեռուստադիտողը տեղեկացված չի եղել, եւ այդ գործընթացը տեսանելի չի եղել հասարակության լայն շերտերին, ինչը կասկածի տեղիք է տալիս. «Մարդիկ այժմ չգիտեն՝ իրականում այդ երկու ալիքները միավորվե՞լ են, թե «Արարատին» փոխարինել է «Շողակաթը»:
Հանրային հեռուստաընկերության ծրագրերի ղեկավար Մարատ Օրդյանը փորձեց պարզաբանել՝ ի՞նչ է իրականում տեղի ունեցել: Ըստ նրա, «Արարատ» հեռուստաալիքի փոխարեն եթեր է հեռարձակվում հոգեւոր-մշակութային նոր ալիք, որը դեռեւս անուն եւ ապրանքանիշ չունի, իսկ «Շողակաթ» հեռուստաընկերության ապրանքանշանը իրենք ընդամենը մեկ ամսով վարձակալել են:

ՀԽ անդամ, ՀՀՌԽ ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Ալեքսան Առաքելյանը պարզաբանեց. «Շողակաթը» չի մասնակցել հեռարձակման իրավունքի մրցույթին: Նա կամովին հանձնել է իր հաճախականության իրավունքը: Փոխարենը Հանրային հեռուստաընկերությունը, որի կազմի մեջ է մտնում նաեւ «Արարատ» հեռուստաալիքը, պայմանավորվածություն է ձեռք բերել արդեն նախկին «Շողակաթ» հեռուստաընկերության հետ՝ նրանից որոշակի ժամեր վերցնելու վերաբերյալ»:
«Շողակաթ» հեռուստաընկերության ծրագրերի տնօրեն Արա Գալոյանը պնդում է, որ նախ «Արարատ» հեռուստաալիքը որպես իրավաբանական առանձին միավոր երբեք գոյություն չի ունեցել եւ ինչպես միշտ «Հ1»-ը տարբեր հեռուստաընկերություններից վարձակալել է հաղորդումներ, այնպես էլ իրենց պարագայում է. «Շողակաթը» պատրաստելու է ծրագրեր «Արարատի» հաճախականության համար»:
Գ. Մանասյանի հարցին՝ ինչո՞ւ նախապես հայտարարված չի եղել, որ այս երկու ալիքները չեն մասնակցելու մրցույթին եւ միավորվելու են, Մ. Օրդյանը պատասխանեց. «Մի քանի ամիս առաջ մենք գիտեինք, որ «Արարատն» ու «Շողակաթը» պետք է միավորվեին՝ ստեղծելով նոր հոգեւոր-մշակութային ալիք»: Չնայած սրան, «Արարատի» շուրջ 40 աշխատակից անտեղյակ էր փոփոխությունից: Ա. Գալոյանը նշեց. «Մրցույթին մենք չէինք կարող մասնակցել, որովհետեւ ոչ ընդհանուր ուղղվածության ալիք ենք, ոչ էլ լրատվական: Ո՞ւմ հետ մրցեինք՝ «Ա1+»-ի, «ԱրմՆյուզի՞», թե՞ սերիալների վրա հիմնված «Արմենիայի»: Ա. Առաքելյանն իր հերթին հավելեց. «Արարատը» «Հ1»-ի մի ստորաբաժանումն է, այն չի դադարեցրել իր աշխատանքները, իրավաբանական միավորում տեղի չի ունեցել, պարզապես համագործակցության պայմանագիր է կնքել «Շողակաթի» հետ: Կան բազմաթիվ ընկերություններ, որոնց արտադրանքը թողարկում է «Հ1»-ը՝ նույն ձեւով, մի քիչ ավելի սերտ համագործակցությամբ, այնպես որ, Հանրայինի համար հաղորդումներ կպատրաստի նաեւ «Շողակաթը»:
Գ. Մանասյանը զարմացավ՝ ինչպե՞ս կարող է համագործակցությունն այնքան սերտ լինել, որ պետբյուջեից ֆինանսավորվող «Հ1»-ը որոշի «Արարատի» փոխարեն օգտագործել «Շողակաթի» անվանումն ու լոգոն: Այս մասով Մ. Օրդյանը բացատրեց, որ երկար են մտածել լոգոյի շուրջ, սակայն «Շողակաթ» անվանման մասին չեն մտածել. «Մեզ անվանումն ու լոգոն օգտագործելու առաջարկ արել են «Շողակաթի» աշխատակիցները, ինչը մեզ էլ շփոթեցրեց: Բայց քանի որ «Շողակաթից» պնդեցին, մենք էլ մտածեցինք՝ ինչո՞ւ չէ, գեղեցիկ լոգո է եւ գեղեցիկ բառ»: Գ. Մանասյանը տեղեկացրեց, որ իրեն են դիմել մի խումբ մտավորականներ, որոնք մտահոգված են մշակութային ալիքի փակման առնչությամբ: Ըստ նրա, եթե «Շողակաթի» աշխատակիցներն ի զորու են պնդել, որ իրենց անվանումն ու լոգոն փոխարինի «Արարատի» անվանմանն ու լոգոյին, հավանական է, որ նորաստեղծ հոգեւոր-մշակութային ալիքի ողջ ռազմավարությունը մշակվի հենց նույն «Շողակաթի» աշխատակազմի կողմից, ինչն էլ մտավորականների բուն մտահոգությունն է:
Ա. Առաքելյանի հավաստմամբ, մշակութային ալիքը չի վերանում. «Նպատակ կա Հանրային հեռուստաընկերության արբանյակային կապուղով հեռարձակվող ծրագիրը վերածել համահայկական հեռուստաալիքի եւ անվանել «Արարատ», այսկերպ լոգոն օգտագործել այնտեղ»: Գ. Մանասյանն էլ նկատեց. «Մշակույթի ոլորտի ներկայացուցիչներն ուզում են ունենալ մշակութային հեռուստաալիք, որը ՀՀ նախագահի նախընտրական խոստումներից մեկն է եղել»:
Անորոշ է նաեւ «Արարատի» ավելի քան 40 աշխատակիցների հարցը: «Արարատ» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Արամ Սուքիասյանն ասաց. «Որքան տեղյակ եմ, հեռուստաալիքի ողջ աշխատակազմին խոստացել են, որ նրանք կմնան իրենց կարգավիճակներում: Հաղորդումների մի մասը կհեռարձակվի նախկին «Արարատի» կապուղով, իսկ մյուս մասը՝ արբանյակային հեռարձակմամբ: Ղեկավար կազմի փոփոխման հետ կապված՝ մեզ որեւէ պաշտոնական բան դեռ չեն հայտնել: Չեմ թաքցնում՝ մենք էլ տեղյակ չենք եղել սպասվող փոփոխություններից: Միակ հստակ պատասխան տվողը ՀՀՌԽ նախագահ Ալեքսան Հարությունյանն է, որն այսօր բացակայում է»:
Ռեժիսոր Եղիշե Խերանյանը, Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը եւ ՀԽ մշակույթի հարցերով ենթահանձնաժողովի անդամ, հոգեւոր-մշակութային կազմակերպության նախագահ Անահիտ Հարությունյանը դժգոհեցին նախ «Արարատի»՝ որպես մշակութային ալիք, թերի լինելուց, ապա անդրադարձան «Հ1»-ի՝ մշակութային իրադարձությունները քիչ լուսաբանելուն: Ս. Դավթյանը տեղից գոչեց՝ «Հ1»-ը բոլոր ալիքներից վատագույնն է, «Երեւանից» վատն է. ներկայացումներ չի լուսաբանում, նկարիչներին չի անդրադառնում, այդպես չէ՞, պարոն Աղամյան»: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, սակայն, կարկամեց եւ Ս. Դավթյանի հարցադրմանը որեւէ պատասխան չտվեց: Անահիտ Հարությունյանը հարց բարձրացրեց «Հ1»-ի ղեկավարության հրաժարականի մասին. «Կյանքը ցույց տվեց, որ «Արարատը», որպես մշակութային ալիք, թերի է, չի կատարում իր գործառույթները, որից էլ կարելի է ենթադրել, որ Հանրային հեռուստաընկերությունն ի վիճակի չէ կատարելու այդ գործը»: Մ. Օրդյանը պատասխանեց. «Եթե նույնիսկ բոլորը հրաժարական տան եւ հրավիրվեն լավագույն մասնագետներ, անհնար է զուտ մշակութային ստեղծել, քանի որ, առհասարակ, մշակութային ալիք ունենալը բարդ գործընթաց է: Ես կասկածում եմ, որ Հայաստանն իր կարողությամբ ի վիճակի է պահել նման ալիք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31