Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՄԱՆՔ «ՊԼԱՆԸ» ԳԵՐԱԿԱՏԱՐԵԼ ԵՆ

Հունվար 25,2011 00:00

\"\"Որոշ թատրոնների տնօրենների խոսքն ու գործն էլ համահունչ չեն

Վերջին շրջանում «Առավոտի» հետ զրուցած դերասանների մեծ մասը առաջին հերթին մտահոգություն է հայտնել թատրոններում ընթացող ներկայացումների սակավության մասին, հանգամանք, որը, փաստորեն, նրանց զրկում է պրոֆեսիոնալ որակներից, ընդհատում ստեղծագործական շարունակական գործընթացը: Այս առիթով կապվեցինք թատրոնների տնօրենների հետ:
Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը նշեց, որ իր ղեկավարած թատրոնում նման խնդիր չկա, իսկ թատերախմբում ընդգրկված 60 դերասաններն էլ զբաղված են խաղացանկային ավելի քան 22 ներկայացումներում: Պատասխանը մեզ չբավարարեց, քանի որ 2010 թվականին բեմ չեն բարձրացել ՀՀ ժողովրդական արտիստներ Ժենյա Ավետիսյանը, Կարեն Ջանիբեկյանը, 7-8 անգամ են ներկայացման մեջ ընդգրկված եղել վաստակավոր արտիստներ Նելլի Խերանյանը, Տիգրան Ներսիսյանը եւ ուրիշներ: Իր պատասխանով չբավարարեց նաեւ Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Գեւորգ Խաչատրյանը: Վերջինս հավաստիացրեց, որ տարեկան խաղում են շուրջ 100 ներկայացում, ամսական՝ 10-12, սակայն թատրոնից պնդում են, որ երկրի հնագույն այս մշակութային օջախում ամսական 3-4 ներկայացումից ավելի չեն խաղում: Խաղացանկում ընդգրկված մի շարք բեմադրություններ էլ («Ուր է քաղաք տանող ճանապարհը», «Մեղադրական եզրակացություն», «Ինչպես կինը փախավ տնից» եւ այլն) մեկ տարուց ավելի չեն ներկայացվել: Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանը հայտնեց, որ հաստիքային շուրջ 30 դերասաններ ընդգրկված են խաղացանկային ավելի քան 15 ներկայացումներում. «Այս տարի մեր թատրոնի համար հոբելյանական է: 80-ամյա թատրոնը կհարստացնի իր խաղացանկը, ընթացքի մեջ են Ռեյ Կունի «Սիրահարված տաքսիստը», Շանթի «Կայսրը»: Ի դեպ, վերջինում ընդգրկված են նաեւ ուսանողներ՝ թատերական ինստիտուտից»: Պարոն Չախմախչյանը հավելեց նաեւ, որ հասկանում է դերասանների մտահոգությունը. «Որոշ սերիալային արտիստների թվում է, թե արդեն հանրահայտ են ու աճելու տեղ չունեն, որ կարող են, օրինակ, «Լիր արքայում» Խեղկատակ խաղալ»:
Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի փոխանցմամբ՝ իրենք տարեկան խաղում են մոտ 370 ներկայացում: Նա շեշտեց նաեւ, որ կա խաղացանկային 32 ներկայացում, ինչը հաստիքային 14 եւ արտահաստիքային 16 դերասան ունեցող թատրոնի համար շատ է. «Բայց քանի դեռ պահանջարկ կա, կշարունակենք այսպես գերծանրաբեռնված աշխատել»:
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանը, կարծես կրկնելով Տիկնիկային թատրոնի կոլեգայի խոսքը, ասաց, որ ունենալով 30 դերասան, 2010-ին խաղացել են 165 ներկայացում՝ նախատեսված 155-ի փոխարեն, ունեցել 8 առաջնախաղ, այդ թվում՝ մանկական ներկայացումներ:
Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանն էլ փաստեց, որ ամսական 20 ներկայացումից պակաս չեն խաղում. «2010թ. կտրվածքով 120 ներկայացում ենք խաղացել: Եթե ամսվա ընթացքում դերասանը 3 ներկայացումից ավելի է խաղում, աշխատավարձից բացի, ստանում է պարգեւատրություն»:
Ամսվա ընթացքում յուրաքանչյուր հինգշաբթի Պատանի հանդիսատեսի թատրոնում հանդես եկող Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն ասաց, որ խաղացանկային 18 ներկայացումներում ընդգրկված են բոլոր 12 հաստիքային դերասանները. «Բեմադրություններ էլ կան, որտեղ հրավիրված են նաեւ Մնջախաղի թատրոն-ստուդիայի եւ Թատերական ինստիտուտի ուսանողները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել