Լեհ պատգամավոր Տադեուշ Իվինսկին ԵԽ Խորհրդարանական վեհաժողովին է ներկայացրել Ադրբեջանում անցած տարվա նոյեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները դիտարկող առաքելության զեկույցը, որին նրա որոշ գործընկերներ հավանություն չեն տվել: Այդ մասին, վկայակոչելով հենց Իվինսկիին, փոխանցում է ադրբեջանական APA գործակալությունը: «Նրանք նշում են, թե զեկույցն օբյեկտիվ չէ եւ նոյեմբերի 7-ին ընտրությունները ճիշտ չեն անցկացվել: Ես կարծում եմ, որ զեկույցը շատ հավասարակշռված է: Մեր դիտորդական առաքելության անդամները նշում են, որ այդ ընտրությունները առաջընթաց են գրանցել, անցել են հաջողությամբ: Սակայն ԵԽԽՎ-ն կարծում է, որ Ադրբեջանը պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի այդ ուղղությամբ, որպեսզի ընտրությունների արդյունքների շուրջ կոնսենսուս լինի: Վստահ եմ, որ ԵԽԽՎ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ շարունակել համագործակցությունը նաեւ հետագայում, եւ օգնել նրան ժողովրդավարական համակարգը ամրապնդելու հարցում»,- հայտարարել է ԵԽԽՎ-ի լեհ պատգամավորը:
Փոխարենը Ադրբեջանին ուղղված քաղցր խոսքեր է շռայլել ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն: APA-ի մատուցմամբ, նա հայտարարել է. «Ես ողջունում եմ Ադրբեջանին ԵԽ-ին նրա 10-ամյա անդամակցության առնչությամբ: Այդ 10 տարիների ընթացքում Եվրոպայի խորհուրդը, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը, անկասկած, մեծ ներդրում են ունեցել Ադրբեջանում քարոզչության, ժողովրդավարության եւ կազմակերպության հիմնարար սկզբունքների ամրապնդման հարցում»:
Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է նաեւ, թե այդ 10 տարիներին Ադրբեջանը հիշյալ ոլորտներում մեծ առաջընթաց է գրանցել եւ հաջողությունների է հասել, «թեեւ հնարավորություն կա ավելի շատ բարելավումներ արձանագրելու համար: Հույս ունեմ, որ ապագայում դա կարձանագրվի: Մենք աշխատում ենք որպես գործընկերներ եւ չենք կասկածում, որ կհասնենք ավելի լավ արդյունքների»: Չավուշօղլուն ասել է, թե Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները առաջընթաց են գրանցել. «Մենք կարող ենք ասել, որ ընտրություններում ամբողջովին պահպանվել են ԵԽԽՎ չափանիշները, ինչը միաձայն քվեարկությամբ արտացոլվեց նաեւ ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ Բյուրոյի նիստի ժամանակ»: