Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՒՄ

Հունվար 25,2011 00:00

Հարավային Կովկաս, Իրանի միջուկային ծրագիր, Բալկաններ. այս եւ մի շարք այլ խնդիրներն էին, որոնք երեկ ողջ օրվա ընթացքում քննարկում էին արտգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուն եւ Սերգեյ Լավրովը` Ռուս-թուրքական ռազմավարական պլանավորման խորհրդի առաջին նիստի ընթացքում: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, բանակցությունների ավարտին Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է. «Մենք բավական մանրամասնորեն կանգ առանք այդ բոլոր խնդիրների վրա՝ քննարկելով, թե ինչ համատեղ քայլեր կարող են ձեռնարկել մեր պետություններն այս տարածաշրջաններում: Բացի այդ, այսօրվա բանակցությունների արդյունքում Ռուսաստանն ու Թուրքիան որոշեցին միջազգային կազմակերպություններում մի շարք համատեղ քայլեր իրականացնել»:
Երեկ տեղի ունեցած բանակցությունների կոնկրետ արդյունքներից է նաեւ երկու երկրների միջեւ վիզային ռեժիմի վերացմանն ուղղված հետագա քայլերի հստակեցումը: «Մոտ ապագայում մեր երկու երկրների միջեւ գործող վիզային ռեժիմը վերջնականապես վերացվելու է»,- հայտարարել է Ահմեդ Դավութօղլուն՝ հույս հայտնելով, որ առաջիկա ամառային սեզոնի շեմին դա կնպաստի Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների թվի ավելացմանը:
Պաշտոնական տվյալների համաձայն, 2010-ին Թուրքիայում ամառային հանգիստն անցկացրած ռուսաստանցիների թիվը կազմել է շուրջ 2, 5 միլիոն:
Ռուս-թուրքական բանակցությունների ընթացքում քննարկման առանցքային միջազգային թեման Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված փակուղային իրավիճակն է եղել. «ԻԻՀ-ն իրավունք ունի զարգացնել խաղաղ նպատակներին միտված իր միջուկային ծրագիրը»,- նշել է Դավութօղլուն:
Իսկ նրա ռուսաստանցի գործընկերոջ կարծիքով՝ չի բացառվում, որ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները վերացնելու անհրաժեշտություն ծագի:
«Դա հնարավորություն կտա այդ երկրին ավելի արդյունավետ համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ»,- նշել է Լավրովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել