Թունիսի ոստիկանությունը երկուշաբթի օրը, վարչապետի նստավայրի դիմաց հավաքված եւ կառավարության հրաժարականը պահանջող ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել: Այդ երկրում իրավիճակը շարունակում է լարված մնալ ավելի քան մեկ շաբաթ՝ այն բանից հետո, երբ երկրի արդեն նախկին նախագահ Զին ալ-Աբիդիան Բեն Ալին հունվարի 14-ին պաշտոնանկ արվեց եւ փախավ երկրից: BBC-ն, վկայակոչելով ականատեսներին, փոխանցում է, թե ցուցարարների մեծ մասը մայրաքաղաք էր եկել գյուղական շրջաններից, ներխուժել կառավարական շենքերի տարածք, կոտրել ֆինանսների նախարարության պատուհանները: Այդ մարդիկ մայրաքաղաք են եկել հիմնականում Սիդի-Բուզիդա գյուղից, որոնց համագյուղացին մեկ ամիս առաջ ինքնահրկիզվել էր՝ սկիզբ դնելով «Հասմիկների հեղափոխությանը», որի պատճառ էին դարձել բնակչության զանգվածային աղքատությունն ու ընդդիմության հետապնդումները:
Ու թեեւ շարունակվող բողոքի ակցիաներն այնքան էլ մարդաշատ չեն, այդուհանդերձ, ոստիկանությունը, որպես կանոն, գործում է բավականաչափ մեղմ, քանի որ վստահ չէ, թե նախկին նախագահի պաշտոնանկությունից հետո իրեն ինչ է սպասում:
Բողոքի ակցիաների անցկացմանը աջակցում է երկրի բնակչության մեծ մասը, որը մինչ այդ քաղաքական իր նախընտրությունների մասին ազատորեն արտահայտվելու հնարավորություն չէր ունեցել:
Թունիսի վարչապետ Մոհամեդ Գաննուշին եւ իշխող կուսակցության այլ անդամներ անտեսում են իրենց ուղղված՝ հրաժարական տալու պահանջները եւ հայտարարում են երկրում նոր՝ ազատ եւ արդար ընտրությունների անցկացման մասին՝ միաժամանակ սեփական մաշկի վրա զգալով հասարակության կողմից գործադրվող եւ ահագնացող ճնշումները: