Պորտուգալիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում պաշտոնավարման երկրորդ ժամկետում վերընտրվել է երկրի գործող նախագահ Հանիբալ Կավակու Սիլվիան (նկարում): Այդ մասին հաղորդում է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը: 71-ամյա պահպանողական գործիչը, որի թեկնածությունը պաշտպանում էին Սոցիալ-դեմոկրատական եւ Ժողովրդական կուսակցությունները, քվեաթերթիկների 95%-ի հաշվարկի արդյունքում հավաքել է քվեների 53,13%-ը, ինչը բացառում է երկրորդ փուլի անցկացումը: Հաղթողին, նրա որոշ մրցակիցներ, նաեւ երկրի վարչապետ, իշխող Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Ժոզե Սոկրատեշը, արդեն իսկ շնորհավորել են:
Գործող նախագահի հիմնական մրցակից, Սոցիալիստական կուսակցության ձախ թեւի ոչ ֆորմալ առաջնորդ Մանուել Ալեգրեն հավաքել է ընտրողների ձայների ընդամենը 19,67%-ը, ինչից նախագահի թեկնածուն հիասթափված է եղել: Ալեգրեին ընտրություններում աջակցում էր նաեւ «Ձախերի դաշինքը»:
Ընտրությունների արդյունքում երրորդ ամենաշատ ձայները ստացել է անկախ թեկնածու, Միջազգային բժշկական օգնություն բարեգործական կազմակերպության հիմնադիր Ֆերնանդու Նոբրեն: Նա ստացել է քվեների 14,02%-ը, ինչը այս ընտրությունների մատուցած անակնկալներից մեկն է եղել:
Ակնկալվում էր, որ երկուշաբթի օրը երկրի գործող եւ վերընտրված նախագահ Կավակու Սիլվիան ելույթով հանդես կգա: