Լրահոս
Օրվա լրահոսը

Նոբելյան մրցանակակիրը Հայաստան կժամանի

Հունվար 25,2011 00:00

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան»  ջանք  չի խնայում դրա համար

Փետրվարի 20-26-ը Երեւանում «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի» նախաձեռնությամբ եւ ԵՊՀ-ի, Եվրոպական կենսաքիմիկոսների ֆեդերացիայի հետ համատեղ կանցկացվի գենետիկայի նվաճումները ներկայացնող դասախոսությունների շարք, որին մասնակցելու են աշխարհահռչակ մասնագետներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ բրիտանացի Թիմոթի Հանթը:
Ըստ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի» նախագահ Արսեն Գասպարյանի, Հայաստանում գիտության ոլորտում նման մասշտաբի միջոցառում առաջին անգամ է իրականացվում. «Դասախոսություններին մասնակցելու են 13 արտերկրյա աշխարհահռչակ գիտնական եւ 5 տեղացի մասնագետ»:
Ասոցիացիայի արտաքին կապերի համակարգող Հովակիմ Զաքարյանը նշեց, որ դասախոսությունների թեմատիկ ուղղվածությունը գենետիկ անկայունությունն է. «Թեման ընտրել ենք այսօր արդիական լինելու պատճառով: Վերջին տասնամյակների հետազոտությունները ցույց են տալիս, որ գենետիկական անկայունությունը հիմնական պատճառներից մեկն է այնպիսի հիվանդությունների, ինչպիսին է քաղցկեղը, մարդու իմունային համակարգի անբավարար գործունեությունը»: Հ. Զաքարյանը դժգոհեց, որ հայաստանյան համալսարաններում վերը նշված թեմաներին շատ քիչ է ուշադրություն դարձվում: Հրավիրյալ դասախոսների կազմում, ինչպես ասաց Հ. Զաքարյանը, ամենաճանաչված մասնագետներն են. «Մայքլ Նելբերգերը, Ռոբին Ուայսը, Միցուհյիրո Յանակիտան, ինչպես նաեւ հայազգի գիտնականներ Վիրջինիա Զաքյանը, Գրեյք Համբիկյանը եւ այլք՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Արեւելյան Եվրոպայի երկրներից, Ռուսաստանից»:
Հ. Զաքարյանը նշում է. «Բոլոր այս գիտնականներին բնորոշ են գենետիկայի անկայունության ուսումնասիրությունները: Օրինակ՝ կենսաբան Գրեյք Համբիկյանի անունը շատ է շրջանառվում դատական գենետիկայի մեջ: Միացյալ Նահանգներում նա առաջիններից մեկն էր, որը ԴՆԹ-ի անալիզի հիման վրա կարողացավ 15 տարի բանտ նստած մարդու անմեղությունն ապացուցել՝ դեպքի վայրից մազի կամ հանցանք գործող մարդու թողած հետքերով: Նախ Գրեյքի հետ ծանոթացանք, ապա նրա աշխատանքների, այժմ նամակագրական կապի մեջ ենք, ինչի արդյունքում Գրեյք Համբիկյանը հանդիսանում է մեր ասոցիացիայի պատվավոր անդամներից մեկը»:
Գենետիկիայի թեմայով դասախոսություններին մասնակցելու են 19 երիտասարդ գիտնականներ եւ ուսանողներ արտերկրից եւ 30-ը՝ Հայաստանից: «Արտերկրյա մասնակիցներին Հայաստանում կայանալիք միջոցառմանը ներկա գտնվելու հնարավորությունը տալիս է Եվրոպական կենսաքիմիկոսների ասոցիացիայի ֆեդերացիան՝ դրամաշնորհների միջոցով: Հայաստանցի մասնակիցները ԵՊՀ-ի, ԵՊԲՀ-ի, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության, կենսաքիմիայի, կենսատեխնոլոգիայի եւ այլ հեղինակավոր հիմնարկների պոտենցիալ ունեցող եւ գիտական աշխատանք կատարող երիտասարդներն են: Սա իսկապես մեծ միջոցառում է եւ բոլորին չի տրված հնարավորություն՝ մեկնել Մեծ Բրիտանիա կամ այլ երկիր՝ մասնակցելու աշխարհահռչակ գիտնականների դասախոսություններին»,- ասում է Ա. Գասպարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել