Լրահոս
Օրվա լրահոսը

Դարձյալ քաղաքապետարանի «ռուսախոսության» մասին

Հունվար 25,2011 00:00

\"\"Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղարի մեկնաբանությունները

Մամուլը անդրադարձել է Երեւանի քաղաքապետարանում ռուսերենի դասընթացներ անցկացնելու վերաբերյալ քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշմանը, որը, ըստ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամների, հակասում է Հայաստանի Անկախության հռչակագրին եւ «Լեզվի մասին» օրենքին: azatutyun.am-ի փոխանցմամբ, ՀՀ-ում ՌԴ դեսպանի խորհրդական, «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը հայտարարել էր, թե «Հայաստանում ռուսաց լեզուն օտար չէ… Դեռ ավելին՝ այն անվիճելի ներդրում է ունեցել ե՛ւ հայոց լեզվի զարգացման, ե՛ւ համաշխարհային քաղաքակրթությունում հայոց լեզվի, մշակույթի առաջմղման գործում»: Վ. Կրիվոպուսկովը Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների համար ռուսերենի դասընթացների վերաբերյալ նաեւ ասել էր, թե «ռուսերենի իմացությունը թույլ կտա բարձրացնել քաղաքապետարանի կառավարչական որոշումների մշակման որակը»: Հիշեցնենք, որ այդ դասընթացներին մասնակցելու են քաղաքապետարանի 11 բաժինների 26 աշխատակիցներ, իսկ դասընթացները, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ֆինանսավորելու է «Ռոսսոտրուդնիչեստվոն»:
«Առավոտը» Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանին խնդրեց մեկնաբանել քաղաքապետարանի «ռուսախոսության» հետ կապված հանրային աժիոտաժը: Նա պարզաբանեց, որ Երեւանի քաղաքապետարանում օտար լեզուների իմացության կատարելագործման նպատակով կազմակերպվող դասընթացները կամավոր սկզբունքով են եւ քաղաքապետարանի միջոցներով են, իսկ նպատակը՝ աշխատակիցներին պատրաստելն է փորձի փոխանակման, աշխատանքային շփման այլ միջավայրերում ազատ հաղորդակցության ապահովման համար: Տիկին Սարդարյանի խոսքով. «Էդտեղ դրականից բացի որեւէ այլ բան չկա, թեեւ շահարկում է արվում, որին չէի ցանկանա անդրադառնալ: Կարծում եմ, սա բավականին դրական նախաձեռնություն է եւ ցանկացած գործատու շահագրգիռ է իր աշխատակիցների հմտություններով: Ի դեպ, եթե անհրաժեշտություն կամ պահանջարկ առաջանա, նաեւ այլ ուղղություններով կկատարելագործենք քաղաքապետարանի աշխատակիցներին»:
Մամուլի քարտուղարը ասածը հիմնավորելու համար նաեւ օրինակներ բերեց. «Ասում են՝ Ստրասբուրգում մեր պատգամավորներից շատերը օտար լեզուներ չիմանալու պատճառով լռում են, ու քանի որ ադրբեջանցիների մոտ շատ խիստ է դրված այդ հարցը, նրանք կարողանում են դիմագրավել քարոզչական հարձակումներին: Կամ ինչքանո՞վ է գեղեցիկ, որ Ֆրանսիայի քույր քաղաքներ կան, բազմակողմ ծրագրեր՝ երկրների հետ, փորձի փոխանակում տարբեր ոլորտներում՝ էկոլոգիա, տրանսպորտ, բայց…: Ինչո՞ւ մեր աշխատակիցները չունենան բավարար բազա, չէ՞ որ դրանից միայն մեր վարկանիշն է բարձրանում…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել