Կրթության ազգային ինստիտուտի մշակած չափորոշիչները տարաձայնություններ են առաջացրել
Վերջերս Կրթության ազգային ինստիտուտը, «Հանրակրթության պետական կրթակարգին համապատասխան, մշակել է հատուկ (օժանդակ) դպրոցում սովորող երեխաների կրթության չափորոշիչներ: Սակայն դրանք ոչ բոլոր հատուկ մանկավարժների սրտով են, նրանց մեծամասնության կարծիքով՝ մշակվել են չափորոշիչներ, որոնք հատուկ կարիք ունեցող երեխաների շրջանում գործնականորեն հնարավոր չէ իրականացնել:
Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի եւ տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի դասախոս Աննա Չարչյանն այս կապակցությամբ նկատեց. «Ըստ այդ չափորոշիչների՝ մայրենիի ծրագիրը բավականին ծավալուն է. ընդգրկված են չորս ենթաբաժիններ՝ գրաճանաչություն, գրել-կարդալու կարողությունների ձեւավորում, ընթերցանություն, լեզվական տարրական գիտելիքների զարգացում: Համամիտ եմ, որ հատուկ դպրոցում սովորող երեխաների համար ուսումնական նյութերը պետք է լինեն զարգացնող-դաստիարակող, նպաստեն հուզակամային որակների զարգացմանն ու գեղագիտական ճաշակի ձեւավորմանը, սակայն չպետք է մոռանալ, որ օժանդակ դպրոցում սովորողն ունի լուրջ մտավոր խնդիրներ՝ հոգեբանական գործընթացների, վարքի, ինչպես նաեւ խոսքի խանգարումներ եւ գլխուղեղում առկա օրգանական վնասվածքների պատճառով առաջացած այլ երկրորդային դրսեւորումներ»: Ա. Չարչյանը առաջարկում է չափորոշիչների մշակումից առաջ բարձրաձայնել մի շարք խնդիրների մասին, որոնք մինչեւ այժմ էլ լուծում չեն գտել. «Պետք է խոսել հատուկ դասագրքերի անհրաժեշտության, ուսուցման համապատասխան միջոցներ ստեղծելու, հասարակության մեջ հատուկ կարիք ունեցող երեխաների՝ ներառվելու, հարմարվելու ուղղությամբ ճիշտ աշխատանք տանելու մասին: Այսօր մեր օժանդակ դպրոցներում գործում են հանրակրթական կրթօջախների համար նախատեսված այբբենարաններ ու մայրենիի դասագրքեր, ուսուցանվող նյութի ընտրությունը թողնված է ուսուցչի հայեցողությանը, հատուկ դպրոցների ուսուցիչները վերապատրաստվում են հանրակրթական դպրոցների մանկավարժների հետ միեւնույն ծրագրերով, ինչն անընդունելի է»:
Նշված խ
նդիրները տարիների պատմություն ունեն. յուրաքանչյուր նորանշանակ կրթության նախարար պաշտոնավարման սկզբնական շրջանում անընդհատ շեշտում է հատուկ կրթության բնագավառում եղած խնդիրների հրատապ լուծման մասին, սակայն դրանք այդպես էլ չեն լուծվում:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիրի տնօրեն Լյուբա Շաղոյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Կրթության ազգային ինստիտուտի՝ վերջերս մշակած չափորոշիչներին ծանոթ եմ, սակայն քանի որ իմ ղեկավարած դպրոցում սովորում են մտավոր խնդիրներ ունեցող երեխաներ, ապա մենք չափորոշիչների այդ ծավալով չենք կարող ծրագրեր մշակել. դա պարզապես հնարավոր չէ: Իսկ դասագրքերի հարցը մշտապես մնում է գերակա: Մենք այժմ ստանում ենք այբբենարաններ եւ մայրենիի դասագրքեր, որոնք նախատեսված են հանրակրթական դպրոցների համար, սակայն հատուկ կրթօջախներին անհրաժեշտ են այլ դասագրքեր: Այնպես որ, այս խնդրի մասին պատասխանատու մարմինները տեղյակ են: Գիտեմ, որ ընթանում են հատուկ դպրոցների ուսուցիչների վերապատրաստումներ: Մեր դպրոցի ուսուցիչներին դեռ հերթը չի հասել, սակայն եթե նրանք էլ վերապատրաստվեն հանրակրթական դպրոցի ուսուցիչների հետ միեւնույն ծրագրով, ես դա նպատակահարմար չեմ համարի, քանի որ խնդիրներն ու մոտեցումները տարբեր են եւ այդ երկու տիպի դպրոցների մանկավարժներին նույն ծրագրով վերապատրաստելը նպատակահարմար չի լինի»: Երեւանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Դոնարա Հովհաննիսյանն էլ, որը մասնակցել է չափորոշիչների մշակման գործընթացին, «Առավոտին» ասաց. «Իհարկե, չափորոշիչներն ունեն վերափոխման կարիք՝ ավելի կոնկրետ խնդիրների առաջադրման առումով: Դրանք տարրաբաժանված են՝ կախված կարիքի չափից՝ ծանր, թեթեւ, ծանր եւ թեթեւ: Չափորոշիչները չեն սահմանում, թե ինչպես կարելի է դրանք համակցել, ուստի կախված դասարանում ներգրավված երեխաների կարիքի չափից՝ ուսուցիչն ինքը պետք է որոշի ինչպես միեւնույն ժամանակ դասավանդել եւ ծանր, եւ թեթեւ մտավոր կարիք ունեցող երեխաներին: Բայց, ընդհանուր առմամբ, չափորոշիչների մշակումը պետք է գնահատել դրական»: