ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻՆ
Հիմա նրանցից Երեւանում համարյա ոչ ոք չի մնացել: Մնացածներն էլ երեւանցի են դարձել, իսկ մեծ մասը ետ գնաց այնտեղ, որտեղից որ եկել էր:
Առաջինը, շնորհիվ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քրիստիան Պինոյի, սկսեցին ետ գնալ ֆրանսահայերը: Այդ նրանք էին, որ 1962 թվականին միապետության պատմության մեջ առաջիններից մեկը ցույց կազմակերպեցին Թումանյանի թանգարանի սանդուղքների տակ: Պինոն, որն այդ ժամանակ գտնվում էր Խորհրդային Հայաստանում՝ պաշտոնական այցով, ինչ-որ ձեւով իմացել էր կազմակերպվելիք ակցիայի մասին, եւ մեքենայով ճիշտ ժամին եկել էր ցույցն անձամբ տեսներ, իմանար, թե ինչ է կատարվում: Պինոն իջել էր մեքենայից, իսկ նախկին ֆրանսահայերը, հիմնականում՝ կանայք, իրենց մանուկներին գլուխներից վեր բռնած գոռացել էին` «Փարիզ ենք ուզում, մեր տունն ենք ուզում»: Եվ Պինոն հասկացել էր, որ ինչ-որ բան այնպես չէր արեւոտ Երեւանում: Իսկ նրա դիմումին Երեւանի վերեւներում ասել էին՝ մենք անկարող ենք երկրից այսքան մարդու դուրս գալը կազմակերպել, Մոսկվան պիտի որոշի: Եվ Պինոն դիմեց Խրուշչովին, նրան հանձնելով ֆրանսահայերի դիմումները: Ընդամենը մի քանի տարի առաջ բոլոր այս մարդիկ կհայտնվեին Սիբիրում, սակայն «ձնհալի» հեղինակը հանեց իր գրիչը եւ թույլտվություն մակագրեց: Դա 1962 թվին էր, իսկ 1964-ին Խրուշչովին հանեցին, սակայն «Ելքը Եգիպտոսից» արդեն սկսվել էր: «Վիվ լա Խրուշչով», «Պինոն ապրած կենա»: Բայց հենց Պինոն հիմքը դրեց այն գործի, որ Երեւանը սկսեց դատարկվել մեր «ախպարներից»:
Միշտ մաքուր, ճաշակով հագնված, տղամարդիկ՝ հաճախ ֆետրե շլյապայով եւ ճիշտ կապած փողկապով, կանայք՝ բարետես, կանացի, գեղեցիկ հագնված, ամառները զոնտիկով եւ ձեռքին գեղեցիկ հովհար, ունեին դեմքին օտարացու կնիք: Մեր «ախպարները» սափրված էին, արեւի ակնոց էին դնում, արեւածաղիկ չէին չրթում, բաժակ-բաժակի ետեւից գարեջուր չէին խմում եւ չէին հայհոյում տեղի թե անտեղի: Նրանք դիմում էին մարդկանց եղբայր բառով, սակայն այդ բառը նրանց առոգանությամբ ստացվում էր «ախպար» եւ, ինչպես լինում է առօրյա կյանքում, այդ բառը կպավ մեր հայրենադարձներին, հետզհետե դառնալով հավաքական պիտակ: Երբ գնում էին, արդեն բավական ապահով կենցաղի տեր էին դարձել: Բայց ինչե՜ր քաշեցին, մինչեւ այդ վիճակին հասան:
Հակիրճ պատմեմ իմ հիշածը: Չորս թե հինգ տարեկան էի, մի օր, առավոտ վաղ, մեր տուն զանգեցին Կենտկոմից: Բաղրամյան փողոցի վերին հատվածում, բլուրներին, ուր արդեն մի քանի ամիս է՝ հայրենադարձները ապրում էին վրանների տակ, իսկ դիմացը խստաշունչ ձմեռն էր, եւ մարդկանց ոչ մի հանգրվան, էլ ուր մնաց բնակարան չէին տալիս, փոխարենն առաջարկում էին բնակության գնալ Հայաստանի այլ վայրեր, իսկ նախօրոք Երեւանում էին խոստացել: Բնականաբար, մարդիկ հավաքվել եւ բողոքի ձայն էին բարձրացրել, եւ ահա Կենտկոմից խնդրում են Վարպետին` հանդիպել մեր հայրենադարձների հետ, մեղմացնել կրքերը, համոզել, որ մի քիչ էլ համբերեն, եւ վերջը կստանան ապրելու իրենց տեղերը: Հանդիպումը շատ ծանր էր եղել, սակայն արդյունքում ոչ թե բնակարան տվեցին, այլ` հողամասեր, որտեղ մեր եկվորները պետք է իրենք իրենց տները կառուցեին: Եվ այսպես Երեւանում գոյացան «ախպարական թաղեր», որոնք կոչվում էին Արեւմտյան Հայաստանի շրջանների անուններով՝ Կիլիկիա, Կամարակ, Կիրզա, Արաբկիր, Բութանիա, Զեյթուն, Սեբաստիա, Մալաթիա, Արեշ, քիչ չէին ներգաղթածները նաեւ Շիլաչիում…
Մարդիկ գիտեին, թե չգիտեին, պետք է իրենք իրենց տները կառուցեին, եւ արդյունքում թվածս թաղամասերում գոյացան հիմնականում մեկ հարկանի շենքեր` կառուցած առանց որեւէ ճարտարապետական նախագծի: Ում խելքն ինչպես փչել էր, այդպես էլ կառուցել էր: Ավելի ճիշտ՝ ով ինչ հնարավորություն ունեցել էր, դրան համապատասխան կառուցել էր, իհարկե՝ թույլ տվածի սահմաններում:
Զբոսնենք նախկին «ախպարական թաղերով». ի՜նչ ոճի ու բնույթի կառույցի չես հանդիպի, որոշ մարդիկ նաեւ երկրորդ հարկ կամ ձեղնահարկ էին կառուցել, այդ 40-ականներին կառուցած տների տերերը հետո էլ մի 40 տարի վերանորոգել են, որ կարգի բերեն, որ հետո 80-90-ական թվականներին թողնեն- գնան…
Միացյալ Նահանգներում, հիմնականում Կալիֆոռնիայում, նրանք, տեղի մասշտաբով, արդեն ուրիշ հնարավորություններ ունեցան, բայց էլի նույն տրամաբանությամբ կառուցեցին իրենց տները, մեկ, իսկ առավել դեպքում՝ երկու հարկ, ներքին բակ, ավտոտնակ, խոհանոցը առանձին, քիչ թե շատ ընդարձակ հյուրասենյակ-ճաշասենյակ, երկու կամ երեք ննջասենյակ, եւ եթե հիշածս երեւանյան թաղամասում «պետքարանը» հիմնականում բակում էր, ապա գլենդելյան տարբերակում շենքը ուներ այնքան «պետքարան», որքան՝ ննջասենյակ: Խորհրդային կառավարության տված հողակտորները երկու-երեք հարյուր քառակուսի մետրից ավելի չէին, որպես օրենք, այնպես որ, տները քիփ-քիփ իրար կպած էին, բնականաբար հարեւաններն էլ իրար մոտ էին:
Մեր հայրենադարձները իրենց հետ Երեւան բերեցին եւ՛ նոր ճաշատեսակներ, եւ՛ կենցաղի որոշ ձեւեր: Դրանցից հիմնականը սեւ սուրճն էր: Վստահաբար կարող եմ ասել, որ մինչեւ մեր «ախպարների» գալը՝ Երեւանում սուրճ չէին խմում: Հիմա դժվար է ասել, թե ում մտքով էր անցել Հայաստան գալիս հետը սուրճ բերել, բայց դա հաստատ իմաստուն որոշում է եղել: Սուրճը, որ Մերձավոր Արեւելքի երկրների թագավոր խմիչքն էր, հետզհետե, դեռեւս առաջին ալիքի եկվորների հետ մտավ երեւանյան կենցաղ: Երեւանցիները զարմացած էին՝ այդ ի՞նչ մատնոցաչափ բաժակներով, սեւ գույնի ու դառը համի, անպայման եռացրած վիճակում մի հեղուկ են օգտագործում մեր «ախպարները»: Եվ եթե իրերի բերումով իրենց մոտ հյուր ես գնացել կամ պարզապես մեկ-երկու րոպեով այցելել ես, ապա քեզ պետք է անպայման սուրճով հյուրասիրեին եւ այն եփելիս էլ ողջ տունը բռնվում էր հիանալի բույրով: Եվ մեկ օրինաչափություն եւս. ինչքան սուրճ եփող կա, այնքան էլ սուրճի համ կա: Եվ անգամ մայրն ու աղջիկը նույն որակի սուրճ չէին եփում, ուր մնաց հարսը: Ամեն ընտանիք իր լավագույն սուրճ եփողն ուներ. «Մեր սուրճը Քրիստինե մայրիկն է եփում», «Իսկ մեր սուրճ եփողը Համբիկն է»: Նույնն է մինչեւ այսօր հայոց տներում կամ թե հիմնարկներում, սուրճ թեեւ բոլորն են եփում, սակայն միայն մեկի մոտ է լավ ստացվում: Հայրենադարձները, էլի որպես օրենք, պետք է խմեին առանց շաքարի, եւ որպեսզի հյուրի բերանը շատ չդառնանա, հետը քաղցրավենիք էին հյուրասիրում: Քրիստինե մայրիկները նաեւ մեծ վարպետներ էին թխվածք պատրաստելու գործում. հիշում եք դեռ երեկ մեր ծանոթ հայրենադարձների տանը կերած փահլավան, շաքար-լոխումը կամ ղադեիֆը, գազարով պյուրեկի համը: Ի՜նչ բարձր արվեստ խոհարարության: Եվ եթե, ինչպես ասացի, հյուր էին եկել, դիցուք, Քրիստինե մայրիկի խնամիները, ապա նրանք ճաշի պիտի մնային, եւ Քրիստինե մայրիկը իր Եղիսաբեթ աղջկա օգնությամբ պետք է պատրաստեին չիֆ-քյուֆթա, իմամ-բայալդի, աջաբ-սանդալ, գառնե-յարեխ եւ էլի նման կախարդական անուններով ուրիշ կերակրատեսակներ, որոնց պատրաստման գաղտնիքը նրանք իրենց կարի մեքենայի, ջազվեի ու անգլիական արդուկի հետ բերել էին այն երկրից…
Հապա պոլսահայի սարքած բաստուրմա՜ն… Շիլաչիում, Նար-Դոսի փողոցում բնակվում էր նշանավոր Յուսուփ աղան: Նա սիրում էր հանգստի պահին ոտքերը ծալած ծունկերով դուրսը նստել, դրա համար նա վաստակել էր «Ծալապատիկ» մականունը: Ծալապատիկ Յուսուփ աղան երեւանյան առաջին ու անգերազանցելի բաստուրմաջին էր: Նրա հարեւանությամբ էր ապրում Պոլսից դեռեւս 20-ականների վերջին գաղթած Նշանը: Օ՜, Նշանը… Այդ նրա երեւակայությամբ էր մայրը վերարկուի աստառի ներսի կողմից երեք շարք բռնակներ կարել, որոնց վրա նա հաջողությամբ կախ էր տալիս առանձին-առանձին կտրված բաստուրմայի կտորները եւ ապա վերարկուն պինդ կոճկած գնում իր գործավայրը՝ Շիլաչիի կոլխոզ-շուկան, հիմնական մուտքի մոտ, եւ երբ կտեսներ շուկա եկած բարեկեցիկ հագնված կին կամ տղամարդ, դավադրաբար կանցներ նրանց մոտով եւ կամացուկ կարտաբերեր. «Բաստուրմա կա…»: Ու եթե վերջիններիս հետաքրքրեր նրա առաջարկը, ապա կբացեր վերարկուի փեշերը եւ ցույց կտար աստառի վրա կոկիկ-կոկիկ կախված բաստուրմայի կտորները, որոնցից յուրաքանչյուրի քաշը նա գիտեր անգիր եւ ճիշտ ու ճիշտ կասեր, առանց նույնիսկ 10 գրամի տարբերության: Գնորդներից շատերը Նշանին արդեն գիտեին, եւ անխոս կատարում էին իրենց գնումը, իսկ նորերը մի՞թե չէին զարմանում՝ հանձին Նշանի հանդիպելով հայ առաջին կոմիվոյաժորին…
«Բաստուրմա կա…»,- կամացուկ ասում էր Նշանը ու անց կենում, ու երբեք չէր նայում պոտենցիալ գնորդի դեմքին, նա պարզապես շուկայում ճեմում էր, իր դերը կատարելով: Նա իր գործը մշակել, հասցրել էր արվեստի աստիճանի. ո՛չ պարտադրում էր, ո՛չ համոզում, պարզապես հետաքրքրություն էր առաջ բերում, իսկ մնացածն արվում էր ժանրի բոլոր կանոններով: Նշանը գիտեր, որ ինքը պարտավոր է օրվա ընտրած կտորները վաճառել, քանզի դրան սպասում էր ոչ միայն իր ընտանիքը, այլեւ իր թաղի նշանավոր բաստուրմաջիները՝ Յուսուփ աղան, Շավարշ աղբարը, Արամը, որոնցից վերցնում էր իր ծախելիքը: Թեեւ շուկայի այն տեսուչներին, որոնք կոչված էին «տակից» առեւտրի դեմ պայքարելու, Նշանն էն գլխից «նայած» էր լինում, բայց միշտ ներքին վախ ուներ, թե իրեն կարող է մի նորելուկ ֆինտեսուչ բռնել կամ իր պոտենցիալ գնորդների մեջ կարող է ծպտված ներքին գործերի աշխատակից լինել: Այ, այն ժամանակ Նշանը կարող էր մեկ վայրկյանում կորցնել իր վերարկուի ողջ պարունակությունը… Բայց, դե, ներքին մի զգացողություն ուներ «բռնող» մարդկանց հանդեպ, ու նրանց կողքից անձայն էր անցնում, ինչպես մնջախաղի արտիստը…
Մեր հրաշագործ եկվոր խոհարարների արտադրանքը հիմնականում տնից էր վաճառվում, մարդիկ հասցեն էին իրար տալիս, քանզի այն տարիներին տանը հեռախոս միայն ընտրյալներն ունեին, գնորդները տուն էին գնում այս կամ այն ծանոթի միջնորդությամբ: «Շավարշ աղբարը տա՞նն է, ինձ տիկին Վերժինեն է ուղարկել»: «Օ, հրամմեք, հրամմեք»,- ներս կկանչի Շավարշի կինը տիկին Եղիսաբեթին: «Սուրճ մը կառնի՞ք»: «Մերսի, մերսի»,- կլիներ տիկնոջ պատասխանը: Ապա տիկնոջը կուղեկցեին ներքին սենյակը, ուր մի հին փայտյա ճամպրուկի մեջ կոկիկ դարսված էին բաստուրմայի կտորները, եւ, որպես օրենք, ամեն կտորի վրա դրված էին մեկ-երկու շերտ բարակ-բարակ կտրված համտեսի նմուշները:
Շավարշ աղբարը եւ Ծալապատիկ Յուսուփ աղան թեեւ հին ընկերներ էին դեռեւս Թուրքիայից, բայց մեր տակավին ստալինյան ժամանակի Երեւանում մրցակիցներ էին բոլոր կողմերով` թե՛ բաստուրմայի վաճառքի, թե՛ նարդու սեղանի շուրջ, թե՛ իրենց սարքած բաստուրմայի որակով եւ թե՛ անգամ րախի խմելու ձեւով: Յուսուփ աղան քչակեր էր, բոյով, նիհարավուն, բայց ջլուտ եւ քչախոս, սիրում էր օղի, բաստուրմա եւ ծխախոտ: Շավարշ աղբարը խոշորամարմին, բավական գեր, սիրում էր օղի, բաստուրմա եւ ծխախոտ: Բայց եւ շատ էին սիրում իրար հետ նարդի խաղալ եւ պարծենալ այդ խաղի իրենց արվեստով: Բնականաբար զառերը նետելիս բերած թվերի անունները թուրքերեն էին ասում, սակայն, որպես օրենք, խոսում էին հայերեն, Պոլսի գեղեցիկ բարբառով, որն այսօրվա Երեւանում արդեն շուրջ քսան տարի է ոչ մի տեղ չես լսի:
Արեշում կային դրկից փահլավա ու ղադեիֆ պատրաստողներ՝ Աբրահամն ու Շնորհքը, նրանց պետք էր այցելել նախօրոք եւ պատվեր տալ: Փահլավա առնողը գիտեր, որ տված փողով տոնական սեղանին իսկապես բարձրարվեստ մի քաղցրավենիք կդրվի: Նրանց փահլավան համարյա նույնն էր, սակայն մեղրն ու ընկույզը առնում էին տարբեր տեղերից եւ դրա համար էլ տարբեր էին թխվածքի համերը, մեկը մի քիչ ավելի չոր էր, մյուսը՝ ավելի փափուկ, բայց երկուսն էլ կատարյալ էին: Եվ ինչպես ասացի, այդ փահլավան առնողը միայն կշահեր:
Մեր «ախպարների» մեջ կային, այսինքն` ոչ թե կային, այլ համարյա բոլորը հիանալի արհեստավորներ էին՝ կոշկակար, դերձակ, ոսկերիչ, վարսավիր, խոհարար, ավտո դզող-փչող, ներկարար:
Սարի թաղում էր ապրում Երեւանում բոլորից լավ «դվուխբորտնի» տղամարդու կոստյում կարող վարպետ Մարտիրոսը: Մարտիրոսը նաեւ երգում էր Օպերայի երգչախմբում, իսկ կիրակի եւ տոն օրերը՝ Էջմիածնի տաճարի երգչախմբում, որն այն տարիներին ղեկավարում էր բեյրութահայ խմբավար Հրանտ Գեւորգյանը: Լայնաթիկունք, բարձրահասակ, միշտ կոկիկ խնամած, լայն բեղերով, նա ավելի շատ նման էր սիցիլիական մաֆիայի կնքահոր, քան թե դերձակի: Ինքն էլ միշտ հագնում էր «դվուխբորտնի» կոստյում, մուգ գույների: Զարմանալի է. սովորական կոստյում կարելը նրա մոտ այնքան լավ չէր ստացվում, ինչքան «դվուխբորտնին»: Այժմ, ավաղ, չկան եւ այն մարդիկ մեր քաղաքում, որոնց համար վարպետ Մարտիրոսը հատուկ կարում էր իր «դվուխբորտնի» կոստյումները, թվարկում եմ գիտցածս չափով՝ Խորեն Աբրահամյան, լուսանկարիչ Սամվել Խանդիկյան, Արման Կոթիկյան, Վիգեն Իսահակյան, կինոռեժիսոր Արշավիրը, դերասան Նորիկը, գիմնաստ Կառլոսը, «Արմենիա» ռեստորանի բուֆետապան Բոյով Ռուբիկը, գյուղշիննախարար Գառնիկ Թադեւոսյանը եւ ուրիշներ: Այս մարդկանցից յուրաքանչյուրը ուներ իր ոճը, իր դեմքը, եւ, իհարկե, քիչ դեր չէին խաղացել նրանց համար վարպետ Մարտիրոսի կարած կոստյումները:
Շարունակելի