ՀՀ վաստակավոր արտիստ՝ 85-ամյա Վոլոդյա Գրիգորյանի հիմնադրած Վանաձորի Հովհանննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնին կից ստուդիայի 40-ամյա պատմության ընթացքում բազում հանրաճանաչ դերասաններ ու բեմադրիչներ են ուսանել, այսօրվա ստուդիականներին իրենց փորձը հաղորդել: Հանգստյան օրերին ստուդիայի հյուրը Ալավերդու քաղաքային թատրոնի ղեկավար, բեմադրիչ, «Հայլուրի» Լոռու մարզի թղթակից Հրաչյա Պապինյանն էր, ով 30 տարի առաջ ինքն է սովորել նույն ստուդիայում:
Նրա համար ճակատագրական էր դպրոցական ներկայացումը՝ «Փիսիկի գանգատը»: Թեկուզ արդեն չի հիշում փիսի՞կն էր, թե՞… Հետագայում հարազատ Հագվի գյուղում ինքնագործ թատերական խմբակ է ստեղծում, մի քանի ներկայացում միանգամից բեմադրում: Երեւանի թատերական ինստիտուտ չընդունվեց՝ ըստ հանձնաժողովի՝ հոնն ուտելը սխալ մեկնաբանելու համար, Երեւանի սարքաշինական տեխնիկումն անավարտ թողեց՝ ստուդիայում Վոլոդյա Գրիգորյանին եւ Գրետա Մեջլումյանին ուսանելու համար:
Կարճ ժամանակ անց նա ղեկավարեց Ալավերդի քաղաքի մշակույթի տունը, ապա Թումանյանի շրջխորհրդի մշակույթի բաժնի ղեկավարն էր: 1990-92թթ.-ին, երբ ոչինչ չկար. «Մեր կողքին կտորի գործարանն էր, եւ մենք գումար էինք տալիս այդ գործարանի պահակներին, որ նրանք գիշերը պահպանելու փոխարեն պատուհանից նետեն խողովակները, դրանք մենք օգտագործում էինք դեկորացիաների համար»,- հիշում է Հրաչյա Պապինյանը: Նա վստահ է, որ իր կյանքում ամեն ինչ ճակատագիրն է որոշել: Մշակութային մի միջոցառման ժամանակ անհրաժեշտություն առաջացավ տեղական հեռուստաընկերությամբ հայտարարություն տարածել: Ընկերներով որոշեցին հիմնադրել «Անկյուն +3» հեռուստաընկերությունը: Թատերական կրթությունն օգնել է լրագրողի աշխատանքին, թեեւ այսօր էլ մտածում է Ալավերդի քաղաքի 12 հոգանոց թատերախմբի համար ջանացող ռեժիսոր ունենալու մասին:
Սրտնեղում է, որ դեռեւս հնարավոր չէ դասական գործեր բեմադրել. «Տարիներ առաջ ինքնագործ խմբում գավառականությանը հաղթահարում էի ավելի բարձրարժեք գործեր բեմադրելով»: