Ըստ չարենցավանցիների՝ հանրապետական մարզպետի որդու մրցակցին սատարում էին թե՛ հանրապետական, թե՛ ՀՅԴ-ական, թե՛ ԲՀԿ-ական պատգամավորները:
Մուշեղ Նիկողոսյանը: Հակոբ Շահգալդյանը:
Հունվարի 23-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ, Կոտայքի մարզպետ, հանրապետական Կովալենկո Շահգալդյանի որդին՝ անկուսակցական Հակոբ Շահգալդյանը: Վերջինս երկրորդ անգամ է քաղաքապետ ընտրվում: Առաջին անգամ ընտրվել է 2007 թվականին: 2007 թ. հունվարի 28-ին նա քաղաքապետ ընտրվեց՝ չունենալով ոչ մի մրցակից: Թեկնածությունը չէր առաջադրել անգամ մինչ այդ գործող քաղաքապետ՝ հանրապետական Ռուդոլֆ Մնացականյանը: Կարճ ժամանակով թեկնածու, ՄԱԿ-ական Արթուր Գալստյանը ընտրապայքարից հրաժարվելը պատճառաբանել էր բախումների մեծ հավանականությամբ: Ընտրությունների քարոզարշավի ժամանակ չարենցավանցիները նշում էին, թե մարզպետ հայրը քաղաքապետի պաշտոն նվիրեց որդուն:
Այս ընտրություններում գործող քաղաքապետը մեկ հակառակորդ ուներ՝ ՀՅԴ-ից հեռացված, այժմ անկուսակցական, «Մ. Մ. Նիկա» ՍՊԸ տնօրեն Մուշեղ Նիկողոսյանը: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Չարենցավանի 21169 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 9 351-ը: Հակոբ Շահգալդյանի օգտին քվեարկել է 8 340 ընտրող, իսկ Մուշեղ Նիկողոսյանը ստացել է 792 քվե, 225 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Անճշտությունների չափը՝ 26:
Մեզ հետ զրույցում թեկնածու Մուշեղ Նիկողոսյանն ասաց, որ գործող քաղաքապետը ահաբեկում եւ վարչական լծակներ է օգտագործում: Օրինակ՝ պնդեց, որ քաղաքի դպրոցներից մեկում տեղակայված ընտրատեղամասերից մեկում իր վստահված անձանց ծեծել եւ դուրս են արել: Սակայն ոչ նա, ոչ էլ նրա նախընտրական շտաբի պետ Իշխան Երիցյանը չկարողացան նշել ընտրատեղամասի համարը: Մուշեղ Նիկողոսյանն ու Իշխան Երիցյանը ասում էին, որ Հակոբ Շահգալդյանի համակիրները ավտոբուսներով տնետուն ընկած ընտրողներին բերում են տեղամասեր, իսկ որոշներին էլ՝ վախեցնում են: Այս հայտարարություններն էլ, սակայն, չհիմնավորվեցին, ոչ թեկնածուն, ոչ էլ նրա շտաբի պետը կոնկրետ անուն չասացին: Ասացին, որ փողոցում են լսել: Այս հայտարարություններին ի պատասխան՝ գործող քաղաքապետը ասաց. «Շատ բան կարող են ասել, կոնկրետ օրինակներ կա՞ն, եթե կոնկրետ օրինակներ կան, թող ներկայացնեն, ասեմ, այ, այդ օրինակը կա, ես խոսք եմ տալիս իմ թեկնածությունը հենց նույն օրը հանել»:
Ընտրական տեղամասերում Մուշեղ Նիկողոսյանի վստահված անձինք հակառակն էին պնդում, նշելով, որ որեւէ խախտում կամ ճնշում չեն նկատել:
Պարզ էր, որ գործող քաղաքապետին սատարում էր նրա մարզպետ հայրը, իսկ ահա Մուշեղ Նիկողոսյանին սատարողները, ըստ չարենցավանցիների, հավաքվել էին Չարենցավանի եկեղեցու հարեւանությամբ գտնվող ռեստորանում, որը հայտնի է «Արամյանի օբյեկտ» անունով: Չարենցավանցիներն ասում էին, որ ռեստորանի տերը ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Արա Արամյանն է: Նշված ռեստորանի մոտ էլ նկատեցինք ԱԺ պատգամավորներ՝ ՀՅԴ-ական Արթուր Աղաբեկյանի, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի եւ ԲՀԿ-ական Ռոբերտ Թովմասյանի մեքենաները: Վերջիններս, ըստ չարենցավանցիների, եկել էին աջակցելու Մուշեղ Նիկողոսյանին եւ աշխատանքները կոորդինացնում էին վերոնշյալ ռեստորանից: