Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունվար 25,2011 00:00

Պայմանները չեն բարելավվում, բայց նպաստառու ընտանիքների թիվը նվազում է

Կապանում 2010 թվականին նպաստ է ստացել ամսական միջինը 1129 սոցիալապես անապահով: 2011 թ. հունվարի 1-ի տվյալներով՝ Կապանի տարածաշրջանում 1172 նպաստառու ընտանիք է գրանցված, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 101-ով քիչ է: Աղքատության նպաստ ստացող ընտանիքների թվի նվազումը, սակայն, ամենեւին էլ պայմանավորված չէ ընտանիքների սոցիալական պայմանների բարելավմամբ, այլ՝ օրենքներում կատարված փոփոխություններով. նոր չափանիշներին չհամապատասխանող շատ ընտանիքներ զրկվում են սոցիալական պայմանները թեթեւացնող այս կարեւոր միջոցից: Կապանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Յուրա Մնացականյանի տեղեկատվությամբ՝ դեռեւս 1999 թվականին մոտ 6000 նպաստառու ընտանիք կար Կապանի տարածաշրջանում:
Ամփոփելով 2010-ի աշխատանքները, գործակալությունից տեղեկացնում են, որ, բացի աղքատության նպաստից, եւս 9,836 միլիոն դրամ հրատապ օգնություն է հատկացվել 816 ընտանիքի, իսկ նպաստառու ընտանիքների առաջին դասարան հաճախող 88 երեխաների 25-հազարական դրամ է վճարվել: «Տարածաշրջանում երեխայի ծննդյան միանվագ դրամական օգնություն է ստացել 556 ընտանիք, 321 ընտանիք էլ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի համար է գումար ստացել, 80 ընտանիքի գումարներ են տրամադրվել՝ ընտանիքում ծնված 3-րդ եւ հաջորդ երեխաների համար: Զոհված, ՀՀ ազգային հերոսի կամ մարտական խաչով պարգեւատրված 2 ընտանիքի 1մլն 800 հազար դրամ գումար է վճարվել»,- փոխանցում են գործակալությունից: 2010թ.-ին կապանցի 62 վետերան խնայբանկից փոխհատուցման գումարներ է ստացել, հաշմանդամներին բաժանվել է 81 լսողական ապարատ, 27 պրոթեզ եւ օրթոպեդիկ պարագաներ, 87 ձեռնափայտ, 12 հենակ, 7 սայլակ եւ 2 քայլակ:
2010թ.-ին Կապանի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն է դիմել 8 բնակիչ, որոնք հաշվառվել եւ գործուղվել են տուն-ինտերնատ եւ տարեցների սպասարկման կենտրոններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել