Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել է կեղծ ցուցմունք տվողը

Հունվար 25,2011 00:00

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դեռեւս շարունակվում է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակմանը եւ կողոպուտին վերաբերող դատավարությունը: Ինչպես տեղեկացրել էինք, դատարանին այդպես էլ չէր հաջողվում դատակոչել եւ հարցաքննել գործում ներգրավված վկա Հարություն Ալեքսանյանին: Ըստ դատարանում հրապարակված տվյալների, Հ. Ալեքսանյանը երկրից բացակայում էր: Վերջինս նախաքննական մարմնին ցուցմունք էր տվել, որ Ա. Ավետիսյանի տան գողոնը պայուսակով անձամբ է հանձնել ամբաստանվողներից Սուրեն Մելքոնյանին: Վերջին դատավարության ժամանակ «Կոշիկի քաղաք» ընկերության տնօրեն, ամբաստանյալ Արայիկ Կարապետյանի պաշտպան Կարեն Քամալյանի մասնավոր հարցումների արդյունքում հրապարակվեց մի գրություն, համաձայն որի՝ Հ. Ալեք֊սանյանը ժխտում է իր ծանոթությունը գործում ներգրավված որեւէ մեղադրյալի հետ: Ինչ վերաբերում է գողոնին, ապա այն ինքը չի փոխանցել Ս. Մելքոնյանին, այլ պարզապես իրեն խնդրել են նման ցուցմունք տալ:
Կ. Քամալյանը պահանջեց վերսկսել գործի քննությունը, իսկ դատավոր Մնացական Մարտիրոսյանը միջնորդությունը հետաձգեց՝ պահանջելով պաշտպանական ճառերում այդ հարցը բարձրացնել: Վերջին դատավարության էական դրվագն այն էր, որ Ա. Կարապետյանը հրաժարվեց պաշտպան Կարեն Քամալյանից՝ պահանջելով նոր պաշտպան: Ա. Կարապետյանն իր քայլը պատճառաբանեց նրանով, որ գործի քննությունը եւ բացահայտումը հայտնվել են փակուղում: Ինչպես «Առավոտին» հայտնեց Ս. Մելքոնյանի պաշտպան Մարինե Թովմասյանը, եթե վերսկսվի գործի քննությունը, հնարավոր է Հայաստանում գտնվող Հ. Ալեքսանյանը դատակոչվի: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 31-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել