Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

15 ՏԱՐԻ ՈՏՆԱՀԱՐԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հունվար 25,2011 00:00

\"\"Երկար տարիներ լռելուց հետո 72-ամյա կինը բարձրաձայնում է, իսկ քանի՞սն են մեզանում քողարկում ճնշումներն ու ապօրինությունները:

Թոշակառու, Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում 40 տարի աշխատած 72-ամյա Լաուրա Մանուկյանը, որը բնակվում է Գարեգին Նժդեհի 35 շենքի 32 բնակարանում, օրերս այցելել էր «Առավոտ»՝ դժգոհելու, թե ինչպես են հարեւանները շուրջ 15 տարի ոտնահարել մարդու իր իրավունքները: Տիկնոջ խոսքերով՝ շուրջ 15 տարի է, ինչ 35-րդ բնակարանի սանհանգույցի ջրերը հոսում են իր բնակարան, որը կանխելու համար որեւէ տարրական միջոցառում չի կազմակերպվում մինչ օրս: Լ. Մանուկյանին հանգիստ չտվող բնակարանի նախկին սեփականատեր է հանդիսացել Լյովա Մադոյանը, իսկ արդեն մեկ տարի է՝ բնակարանը գնել է մեկ այլ քաղաքացի՝ Ռուզաննա Տեր-Անտոնյանը: Ըստ Լ. Մանուկյանի՝ այս տարիների ընթացքում իրեն օր ու արեւ չտվող բնակարանում վարձակալական հիմունքներով ապրել են տարբեր քաղաքացիներ: Վարձակալներ Գայանե Ավետիսյանը, Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիները, որոնք, ըստ տիկնոջ, անբարոյականներ են եղել, (ՌԴ քաղաքացիների անձնական տվյալները չենք հրապարակում), գյուղաբնակ Սվետլանա Նազարյանը՝ իր ամուսնով ու երկու երեխաներով հանդերձ, միշտ խանգարել են Լ. Մանուկյանի հանգիստը, եւ դա շատ հաճախ կատարվել է միտումնավոր, թողել են, որ ջուրը լցվի տիկնոջ բնակարան: Եթե Լ. Մանուկյանը, ինչպես ինքն է ներկայացնում, իր իրավունքները ոտնահարող Գ. Ավետիսյանից ու ռուս «խոպանչիներից» կարողացել է մի կերպ ձերբազատվել, ապա վերջին տնվորների ձեռքում ծաղրուծանակի ենթակա է դարձել: «Այս պահի դրությամբ ես այդ ընտանիքի պատճառով վատառողջ եմ դարձել: Երբ բողոքում եմ մեր տարածքի ոստիկանության բաժանմունքին, ոչ մի պատասխան չեմ ստանում: Դեռ ավելին, ասում են՝ ուր էլ բողոքես, միեւնույն է՝ մեզ մոտ են գալու»,- դժգոհեց նա, հավելելով, որ տնվորների, տան տերերի ու համապատասխան ծառայությունների անգործության պատճառով այս տարիների ընթացքում հիվանդություններ է ձեռք բերել եւ ստիպված եղել բուժում ստանալ հիվանդանոցներում: Լ. Մանուկյանը ցույց տվեց տարբեր տարիների՝ ՀՀ ոստիկանության, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետին ուղղված բողոքները: Երկու դեպքում էլ բողոքները մակագրվել են Շենգավիթի շրջանի համապատասխան բաժանմունքին, որպեսզի լուծում ստանան: Ոստիկանության Շենգավիթի բաժնին վերաբերող փաստաթղթերից երեւում է, թե ինչպես է ոստիկանությունը Գ. Ավետիսյանի, Լյովա Մադոյանի, ռուս աղջիկների հետ բացատրական աշխատանքներ տարել, զգուշացրել, որ չխախտեն համակեցության նորմերը, բայց մինչ օրս խնդիրը մնացել է առկախ: 2009 թ. Լ. Մանուկյանն անգամ հայց է ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ ակնկալելով, որ պատասխանատվության կենթարկվի, 35-րդ բնակարանից կվտարվի իր հանգիստը խանգարող, գույքը վնասող Ս. Նազարյանը եւ նրա ընտանիքը: Պատասխանողը առարկել է հայցադիմումը՝ պահանջելով այն մերժել: Դատարանը հայցը մերժում է՝ որակելով անհիմն, իսկ Լ. Մանուկյանից բռնագանձում ութ հազար դրամ՝ որպես չվճարած պետտուրք: Լ. Մանուկյանը հատկապես դժգոհ է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի վարած «մարդապաշտպան» գործողություններից: Քաղաքացու պահանջն է՝ վերանորոգել խողովակները, պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր իրեն հասցրել են այս վիճակին, հատուցել պատճառած վնասները եւ հանգիստ թողնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել