Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ОРТ-ն էլ արժանացավ ԱԼՄ-ի բախտին

Հունվար 25,2011 00:00

Հանրապետության բոլոր մարզերի բնակիչներին զրկեցին նույնիսկ ռուսական 1-ին հեռուստաալիքը դիտելու հնարավորությունից:

Հունվարի 20-ից սկսած՝ ԱԼՄ-ի հետ համատեղ, մարզերում դադարեցրին եթեր հեռարձակել նաեւ ԿՀՁ-ն: Սա իրականում անակնկալ էր մարզերի բնակիչների, հատկապես գյումրեցիների համար, որոնք ՀՌԱՀ-ից պահանջում են բացատրություն տալ: Շիրակի մարզում մի քանի տեղական ու թուրքական հեռուստաալիքներից բացի, գրեթե դիտելու բան չկա, մինչդեռ բնակիչների, հատկապես մտավորականների համար զարմանալի է, թե ինչ պատահեց հանկարծ ռուսական կրթությունը խրախուսող ՀՀ կառավարության հետ: Նշենք, որ «Առավոտի» հետ զրույցում Հայաստանի հեռուստացանցի Շիրակի տարածաշրջանի բաժնի պետ Հարություն Կառանյանն ասաց, որ իրենք ՀՌԱՀ-ից կարգադրություն են ստացել՝ հունվարի 20-ի առավոտյան, ԱԼՄ-ի հետ համատեղ, անջատել ԿՀՁ ու «Կուլտուրա» հեռուստաալիքները: Ըստ մեր զրուցակցի, ԿՀՁ-ն ցուցադրելու հնարավորություն ունի միայն մայրաքաղաքը, քանի որ կարգադրության մեջ նշվում է, որ երեւանյան 2 հեռուստաալիքներ շահել են այն ցուցադրելու իրավունքը: Իսկ մարզերում ԿՀՁ-ի հեռարձակումը, Կառանյանի խոսքերով, դադարեցվել է ըստ ՀՌԱՀ-ի հայտարարած մրցույթի արդյունքների եւ ընդունած 100 N որոշմամբ: «Մենք կատարող հիմնարկություն ենք, մեզ հրահանգվել է, մենք էլ կատարել ենք»,- ասաց պարոն Կառանյանը՝ խորհուրդ տալով պարզաբանումներ ստանալ կարգադրողից՝ ՀՌԱՀ-ից: ՀՌԱՀ-ի լրատվության ծառայության ղեկավար Լիլիթ Գազազյանն էլ պարզաբանեց, որ ՀՌԱՀ-ը մրցույթ է հայտարարել, ԿՀՁ-ն էլ հայտ է ներկայացրել մայրաքաղաքային սփռման համար: Ստացվում է, որ մեղքը ոչ թե հանձնաժողովինն է, այլ ԿՀՁ-ինը: Իսկ գյումրեցիներն իրոք շատ ծանր են տանում ռուսական հեռուստաալիքից զրկվելու փաստը: Շատերի կարծիքով, սա ինչ-որ մեկի ալեհավաքների բիզնեսը զարգացնելու համար է արվել: «Ո՞նց կարող է մայրաքաղաքում մարդիկ ունենան ԿՀՁ դիտելու կարիքը, իսկ մարզերում՝ ոչ: Այստեղ ինձ թվում է, որ հատուկ, ինչ-որ կազմակերպված ձեւով մեր մարզը եւ մյուս մարզերը զրկել են այդ ալիքից լոկ նրա համար, որ մեծ ծավալով գնեն ալեհավաքները: Սա արհամարհական վերաբերմունք է մարդկանց նկատմամբ, չի կարելի մարզերի ժողովրդին համարել 2-րդ, 3-րդ կարգի մարդ: Ո՞նց կարող ես մարդուն ստիպել՝ էս ալիքը նայի, էս մյուսը՝ մի նայի: Եթե Հայաստանը գումար է մուծում Մոսկվային ԿՀՁ-ի թողարկումները դիտելու համար, ուրեմն այն պիտի վերաբերի բոլորին, ոչ թե միայն մայրաքաղաքի բնակիչներին: Եվ եթե որեւէ մեկը այդպես հեշտ ու հանգիստ անջատում է մարզերի՝ Մոսկվայի հետ հաղորդակցվելու հնարավորությունը, նշանակում է, որ ինքը անհարգալից վերաբերմունք ունի ամբողջ հայ ազգի նկատմամբ: Հո Երեւա՞նը չէ հանրապետության միակ քաղաքը, որտեղ մարդիկ պետք է օգտվեն բոլոր բարիքներից, առանց այն էլ Երեւանում են կենտրոնացված բոլոր նախարարություններն ու հիմնարկ-ձեռնարկությունները: Գյումրին միշտ եղել է արվեստի կենտրոն, եւ չի կարելի նրան զրկել համաշխարհային ծրագրերից, միջոցառումներից, որոնք մենք դիտում ենք Մոսկվայի միջոցով»,- մեզ հետ զրույցում դժգոհեց Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի հոգեբան Նինա Հովհաննիսյանը:
Նույն ինստիտուտի հայոց լեզվի ու ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Նազելի Ավետիսյանի խոսքերով էլ, գյումրեցիների զայրույթը տեղին է, քանի որ նրանց զրկել են ամենակարեւոր իրավունքից՝ ինֆորմացված լինելուց: «Աշխարհի հետ կապը ինչո՞ւ պիտի թերի իրականացվի մի պատճառաբանությամբ, որ մենք մարզերի բնակիչնե՞ր ենք, եւ մայրաքաղաքային նման մտածողություն, նման մոտեցում, ասենք, այսպես կոչված՝ ռայոնների նկատմամբ, կարելի՞ է: Ինձ թվում է, որ չի կարելի, եւ պետական մոտեցում պիտի ցուցաբերվի խնդրի նկատմամբ: Սա հարց է, որը պիտի լուծվի ամենաբարձր մակարդակով եւ պիտի գտնվի կառավարության ուշադրության կենտրոնում: Ինֆորմացիայի աղբյուրն է փակվում, մարդիկ էլ հնարավորություն չունեն անձնական օգտագործման հզոր ալեհավաքներ տեղադրելու, առանց այդ էլ մարզերը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մակարդակով չես համեմատի մայրաքաղաքի հետ, որպեսզի մարդիկ կարողանան թերթերն ընթերցեն ու հեռուստահաղորդումները դիտեն համակարգչով»: Ըստ Ն. Ավետիսյանի, իրենց ընտանիքում եւ առհասարակ Գյումրիում ավելի շատ գերադասում են դիտել ռուսական հաղորդումները, քան հայկականը: Նա մարզերի ժողովրդին ԿՀՁ-ից զրկելու փոխարեն խորհուրդ է տալիս ուշադրությունը բեւեռել Հանրային հեռուստատեսության հաղորդումների որակի վրա. «Մենք մարզում հեռուստաընկերություններ ունենք, որոնց հեռարձակած հաղորդումները շատ ավելի բարձր որակի են, քան Հանրայինի որոշ հաղորդումներ: Ժամանակն է ուշադրությունը կենտրոնացնել սրա վրա»: Ն. Ավետիսյանը հիշեցրեց, որ Գյումրիում է տեղակայված ռուսական ռազմաբազան, եւ դրանով խախտում են նաեւ ռուս զինծառայողների իրավունքները: Հայոց լեզվի մասնագետ Սոնա Զաքյանի կարծիքով էլ, ՀՌԱՀ-ն իր հերթական չտրամաբանված որոշմամբ մարզերի բնակիչներին ստիպում է իրենց որպես գավառացի զգալ: «Եվ սա ընդամենը մի քանի քառակուսի կիլոմետր ունեցող երկրում, որտեղ մի կողմից՝ խրախուսում են ռուսական կրթությունը, մյուս կողմից՝ բնակիչներին զրկում ռուսական ալիքից օգտվելու հնարավորությունից: Պարոն Ամալյանը մտավորականի ընտանիքից է դուրս եկել, բայց, չգիտես ինչու, որդին իր պահվածքով հակասում է դրան: Նրա հայրը՝ լեզվաբան Հայկ Ամալյանը, մեր ինստիտուտում է աշխատել, մենք նրան լավ ենք հիշում»,- ասաց մեր զրուցակիցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել