Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԱՌԵՑՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ, ՏԱՔ ԵՂԱՆԱԿ

Հունվար 25,2011 00:00

Միայն թե այդ «տաք եղանակը» բացակայում է նույն կղզու վրա կողք կողքի ապրող հույն եւ թուրք կիպրոսցիների հարաբերություններում:

\"\"
Այս կիսավեր տունը չեզոք գոտում է:

\"\"
Օսման Ալին կողմ է միավորմանը, բայց պայմանով՝ որ ապրեն հավասարազոր կարգավիճակով:

Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի՝ ժամանակին միջազգային օդանավակայան ունենալու մասին այսօր միայն պատմում է անգործության մատնված եւ շուրջ 37 տարի թռիչքադաշտում կանգնած մի լքված օդանավ: Այդ ինքնաթիռը ուղիղ 37 տարի առաջ՝ 1974 թվականին, հույն եւ թուրք կիպրոսցիների միջեւ ծագած պատերազմի օրը, օտարերկրյա ուղեւորներով, որոնց թվում եղել են նաեւ դեսպաններ եւ այդ երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող այլ անձինք, պատրաստվելիս է եղել թռիչքի, սակայն օդաչուին այդպես էլ չի հաջողվել օդ բարձրանալ, քանի որ օդանավակայանի վրա ընկած արկի բեկորը վնասել է ինքնաթիռի թեւը: Այն մինչ օրս կանգնած է նույն տեղում:
Ինչպես մի շարք հարցեր, Նիկոսիայի նախկին օդանավակայանի աշխատել-չաշխատելու հարցն էլ այսօր կախված է Կիպրոսի հարցի լուծումից: Այդ չգործող օդանավակայանը գտնվում է բուֆերային (չեզոք) գոտում, ինչի պատճառով էլ հնարավոր չէ այն վերագործարկել: Չեզոք գոտին կամ, ինչպես տեղացիներն են ասում՝ «կանաչ գիծը» վերահսկվում է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի կողմից, եւ այդ գոտում հայտնված թուրքի կամ հույնի պատկանող ցանկացած շինություն կամ տուն՝ ինչպես որ պատերազմի ժամանակ եղել է, այնպես էլ ավերված մնացել է. փշալարերով պատված այդ տարածք որեւէ մեկն իրավունք չունի մուտք գործել:
Ճիշտ է, նույն կղզում, բայց առանձին հատվածներում բնակվող հույներն ու թուրքերը միմյանց չեն ատում եւ իրար նկատմամբ թշնամական վերաբերմունք չունեն, բայց երբ խոսք է գնում փոխզիջումների կամ միավորվելու մասին, երկու կողմն էլ գերադասում է ներկայիս կարգավիճակը՝ ստատուս քվոն, քանի որ հույները գտնում են, որ թուրքերն «օկուպացրել» են իրենց տարածքները, իսկ թուրքերը վստահ չեն, որ առաջվա պես կարող են հույների հետ հաշտ ու համերաշխ ապրել:
«Պատերազմի ժամանակ հույների կողմից բռնություններ են եղել թուրքերի նկատմամբ, այդ պատճառով էլ մարդիկ դեմ են վերամիավորմանը, մինչեւ պատերազմն էլ հույները վատ են վերաբերվել թուրքերին, ուզում էին մեզ հանել այդ տարածքից եւ Կիպրոսը միացնել Հունաստանին: Այդ բախումներից հետո մենք հույներին չենք վստահում: Մենք ուզում ենք, որպեսզի Թուրքիան երաշխավոր լինի եւ մեզ պաշտպանի, քանի որ մենք փոքրամասնություն ենք կազմում այս կղզու վրա, ցանկանում ենք ապրել առանձին, լինի միացյալ իշխանություն, բայց՝ ապրենք առանձին: Թուրքերը՝ հյուսիսում, հույները՝ հարավում»,- Կիպրոսի թուրքական հատված կատարած մեր այցելության ժամանակ «Առավոտի» հետ զրույցում ասաց 75-ամյա Օսման Ալին: Նշենք, որ պարոն Ալիի եւ այլ քաղաքացիների հետ հաղորդակցվելու հարցում մեզ օգնեցին ադրբեջանցի մեր գործընկերները, որոնք հայաստանյան լրագրողներիս հետ միասին հունվարի 17-22-ը Կիպրոս էին այցելել «Եվրոպական հարեւանության լրագրողական ցանց» կազմակերպության նախաձեռնությամբ:
Չնայած Կիպրոսի հարավից հյուսիս եւ հակառակը անցնելու համար անհրաժեշտ է վիզա ստանալ, սակայն այդ ամենն արվում էր հնարավորինս հեշտացված ընթացակարգով: Թերեւս այդ էր պատճառը, որ Կիպրոսում գտնվելու օրերին կովկասցի լրագրողների համար թուրք-հունական սահմանը հատելը, կարելի է ասել, «ջրի ճամփա» էր. նրանք օրը մի քանի անգամ այս ու այն կողմ էին անցնում, հատկապես, որ հյուրանոցը, որտեղ այդ օրերին բնակվում էին լրագրողները, ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա էր գտնվում Հյուսիսային Կիպրոսից: Սահմանն առանց խոչընդոտների հատում էին նաեւ թուրքական կողմի բնակիչները, բացառությամբ այդ հատվածում բնակվող Թուրքիայի քաղաքացիների: Քանի որ հունական Կիպրոսն արդեն քանի տարի Եվրամիության անդամ է, ուստի հունական կողմ անցնելու համար Թուրքիայի քաղաքացիներից շենգեն վիզա է պահանջվում:
Եվրաընտանիքում չլինելու փաստը Հյուսիսային Կիպրոսին զարգանալու հնարավորությունից զրկում է, թերեւս այդ է պատճառը, որ Կիպրոսի հարցի լուծմամբ ավելի շատ կղզու թուրքական կողմն է անհանգստացած:
«Քանի որ միջազգային հանրությունը ճանաչում է միայն Կիպրոսի Հանրապետության լեգիտիմ իրավունքները, մենք չենք կարողանում տուրիզմ զարգացնել, մեր մշակած ապրանքը արտահանել: Մենք ուզում ենք, որպեսզի հյուսիսային հատվածն էլ Եվրամիություն մտնի, եւ միջազգային հանրությունը մեզ ճանաչի, որպեսզի մեր վիճակն էլ մի քիչ բարելավվի, ճիշտ է, Թուրքիան մեզ օգնում է, մեր ճանապարհներն է սարքում, գումարներ է տրամադրում, բայց մենք չենք ուզում Թուրքիայից կախման մեջ լինել, ուզում ենք առանձին ապրել»,- մեզ հետ զրույցում ասաց Հյուսիսային Կիպրոսի մեկ այլ բնակիչ:
Հակամարտության կարգավորման հարցում շատ ավելի մարտական են տրամադրված հունական կողմի բնակիչները: Երբ 80-ամյա Հելենա Ռոզայից հետաքրքրվեցինք, թե ինքն ինչպե՞ս է պատկերացնում խնդրի լուծումը, տիկին Հելենան, որն ուներ 5 երեխա եւ 18 թոռ, տեղեկանալով, որ հայ ենք, ասաց. «Մենք ուզում ենք, որ խաղաղություն լինի, եւ մեր երկիրը միավորվի, բայց նաեւ դուք՝ հայերդ շատ լավ գիտեք, որ թուրքը լավ հարեւան չի: Նրանք ձեր նկատմամբ էլ են ցեղասպանություն արել, եւ այդ ամենը դուք շատ լավ պատկերացնում եք: Իմ բոլոր երեխաներն էլ, թոռներն էլ նույն կարծիքին են»:
Նշենք, որ 2004-ին Կիպրոսում անցկացված հանրաքվեի ժամանակ հունական կողմը դեմ քվեարկեց Միացյալ Կիպրոսի միավորմանը երկու սուվերեն պետությունների հիմքով՝ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի առաջարկին:
Նշենք, որ այս տարվա հունվարի 26-ին տեղի է ունենալու կղզու երկու հանրապետությունների ղեկավարների հերթական հանդիպումը Ժնեւում, որից, սակայն, առանձնապես սպասելիքներ չունեն թուրք եւ հույն կիպրոսցիները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել