Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պարտքի մարումը՝ 2013-ից

Հունվար 25,2011 00:00

Երեկ կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ դեռեւս որեւէ կադրային փոփոխություններ իր ղեկավարած հաստատությունում չի արել, սակայն մտադիր է որոշ կառուցվածքային փոփոխություններ նախաձեռնել, այն էլ՝ ոչ առաջիկա ամսում:
Պարոն նախարարը համարում էր, որ մտահոգվելու տեղիք չունենք այն բանի կապակցությամբ, որ մեր արտաքին պարտքը՝ 2010թ. 3 մլրդ 795 մլն դոլարի հասած, երկրի ՀՆԱ-ի 44,4%-ն է կազմում. «Դա դեռ այն սահմանը չէ, որից այն կողմ սկսվում է վտանգավոր գոտին»: Ավելին, նա պնդում էր, որ արտաքին պարտքը մարելու տեսակետից մենք որեւէ խնդիր չունենք, քանի որ՝ որ կողմից էլ դիտարկենք մեր 3 մլրդ 795 միլիոնանոց պարտքը՝ լինի դա պարտք /ՀՆԱ, պարտք/ ընթացիկ եկամուտներ, թե՝ պարտք/սպասարկում, միեւնույն է՝ «որեւէ ցուցանիշով չենք գտնվում վտանգավոր գոտում»: Դիտարկումները դրանով չեն ավարտվում. ուսումնասիրվում են տարբեր սցենարներ՝ դրամի արժեզրկում, ՀՆԱ-ի աճի բացակայություն եւ այլ աղետներ, ու միեւնույն է, գալիս են այն եզրակացության, որ մեր պարտքը կառավարելի է՝ «որոշակի ծանրություն կա, բայց կառավարելի է»: Այստեղ են ասել՝ մերն ուրիշ է: Նախարարի կանխատեսումներով՝ սպասվում է, որ 2011-ին եւ 2012-ին էլ մեր արտաքին պարտքը կմնա մոտավորապես նույնը, եւ միայն 2013-ից կսկսի նվազել: Իսկ այն թանկարժեք եւ երկրի համար կենսական ծրագրերը, որ պիտի (՞) իրականացվեն մոտակա տարիներին, ասենք՝ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցում, կամ ատոմակայանի նոր էներգաբլոկի շահագործում եւ այլն, ըստ նախարարի, կարող են կյանքի կոչվել նաեւ առանց նոր պարտքի՝ «ֆինանսավորման այլ ճանապարհներով»:
Սակայն պարոն նախարարն անուղղելի լավատես չէ, այ, օրինակ, հարկահավաքության եւ գնաճի մասին խոսելիս նա որոշակի խնդիրներ տեսավ: 2010-ին հավաքված հարկերը մեր երկրի ՀՆԱ-ի նկատմամբ կազմել են 16,9%՝ չգրանցելով դրական շարժ՝ «այս ոլորտում որեւէ բարելավում չենք կանխատեսում», գնաճն էլ սպասվածից բարձր է եղել՝ 9,45%: Չնայած հարկերը  2010 թվականին ավելի շատ են հավաքվել, քան սպասվում էր՝ 570 մլրդ դրամի փոխարեն՝ 591 մլրդ դրամ, սակայն դա էական ազդեցություն չի թողել, քանի որ որեւէ ձեւով չի ազդել հարկեր/ՀՆԱ հարաբերակցության վրա: 2011-ի համար նախարարը ներկայացրեց գնաճի իր կանխատեսումը՝ 5-5,5%: Նաեւ ասաց, որ նախատեսվում է 2011-ին շարունակել պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումները, իսկ հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ արդեն իսկ նախատեսված է շշալցված եւ փաթեթավորված մի խումբ ապրանքների հարկման բազայի բարձրացման նպատակով նախապատրաստել ապրանքների տվյալների հաշվառման նոր համակարգի ներդրումը նախատեսող օրինագիծ, ինչը կհանգեցնի ստվերային շրջանառության կրճատմանը: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել