Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բողոքում են բանկերից, վարկային ու ապահովագրական ընկերություններից

Հունվար 25,2011 00:00

2010-ին Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ ամենաշատը դիմել են բանկերի, ապահովագրական ընկերությունների ու վարկային կազմակերպությունների դեմ բողոքներով: Նախորդ տարվա ընթացքում հաշտարարը միայն բանկերի դեմ 419 բողոք է ստացել:
«Բանկերի դեմ բողոքները հիմնականում վարկային, ավանդային գործառություններից բխող բողոքներ են, կան նաեւ դրամական փոխանցումների ու գույքը արտադատական կարգով իրացման կանոնների խախտման դեպքեր: Շատ են նաեւ քարտային զեղծարարություններին վերաբերող բողոքները»,- երեկվա ասուլիսում ասում էր ֆինանսական հաշտարարը՝ Փիրուզ Սարգսյանը: Քիչ չեն նաեւ ապահովագրական ընկերություններից դժգոհողները: Ֆինանսական հաշտարարը 63 բողոք է ստացել: Տիկին Սարգսյանի խոսքով, դեռ չեն ստացել ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման կարգին վերաբերող լուրջ բողոքներ. «Կան զանգեր… հիմնականում մարդիկ խորհուրդ են հարցնում՝ ինչպես վարվել այս կամ այն իրավիճակում»: Իսկ ԱՊՊԱ ապահովագրական ընկերությունից օգտվող քաղաքացիներին էլ հաշտարարը խորհուրդ տվեց. «ԱՊՊԱ-ի հետ կապված բողոքներով հաշտարարի գրասենյակ կարող են դիմել այն հաճախորդները, երբ օրենքով սահմանված ընթացակարգային գործընթացներն արդեն իրականացրել են»: Ֆինանսական հաշտարարի խոսքով, ի տարբերություն 2009 թվականի, անցած տարի բողոքների թիվը կրկնապատկվել է: 2010-ին ընդհանուր առմամբ ստացել են մոտ 700 բողոք, որից հաշտարարի քննության ենթակա է եղել 450-ը, կազմակերպությանն ուղղված բողոք-պահանջի հիման վրա լուծվել է 66-ը: «Ամեն ինչ արել ենք՝ վեճերը փոխհամաձայնության միջոցով լուծելու համար»: Արդյունքում, հաշտարարի գրասենյակ ներկայացված գործերի 70%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների, իսկ ավելի քան 60%-ը լուծվել է հաշտության համաձայնագրի միջոցով: Տիկին Սարգսյանն ասաց, որ 2010-ին հաշտարարի գրասենյակը չի արձանագրել դեպքեր, երբ հաճախորդները դժգոհ մնան հաշտարարի որոշումից ու դիմեն դատարան. «Հետադարձ կապ ենք ապահովում հաճախորդների հետ, որ պարզենք, թե մեր որոշումից հետո ինչ քայլեր են ձեռնարկում: Եղել են դեպքեր, երբ հաճախորդները չեն համաձայնել մեր որոշման հետ, հիմնականում՝ երբ նրանց պահանջները մերժել ենք»: Ֆինանսական հաշտարարը նաեւ տեղեկացրեց, որ ԿԲ-ի անցկացրած վիճակագրական վերջին հարցումների համաձայն, հարցվածների 99%-ը՝ ճանաչել, իսկ 96%-ը պատրաստակամություն է հայտնել ֆինանսական կազմակերպությունների դեմ խնդիրներ ունենալու դեպքում դիմել Հաշտարարի գրասենյակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել