Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՎՔԵ՞Ր ԵՆ 30 ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՏԵՐԵՐԸ

Հունվար 25,2011 00:00

ՀԴՄ կտրոններով շահողները գիշերով գնում են «Հայփոստ» ու հերթ պահում

Այն երջանիկները, որոնց բախտ է վիճակվել ՀԴՄ կտրոնով 500 կամ 1000 դրամ շահել, ընդամենը 6 օր ժամանակ ունեն՝ իրենց «խոշոր շահումը» ստանալու, որովհետեւ փետրվարի 1-ից արդեն ոչ «Հայփոստը», ոչ էլ «Արարատբանկը» չեն պատրաստվում սպասարկել սպառողներին: Սա չի նշանակում, թե հիմա այդ երկու կառույցները կոտորվել են մարդկանց սպասարկելով: «Արարատբանկի» մասնաճյուղերի անմիջապես դռան վրա փակցված է մի ցուցանակ՝ «Մենք ՀԴՄ կտրոն չենք սպասարկում»: Սա գրել են, որպեսզի շահողների բանակը շահումը ստանալու համար անգամ չհամարձակվի մտնել բանկ ու անհանգստացնել բանկի աշխատակիցներին: Իսկ թե ինչ է կատարվում «Հայփոստի» բաժանմունքներում, գիտեն միայն   բախտավոր աստղի տակ ծնվածները, որոնք հավատացել են ՊԵԿ-ի կարգախոսին ու շահել այդ 500 դրամները: Սպառողներից մեկը՝ Մարինե Հակոբյանը, երեկ առավոտյան ժամը 9-ին գնացել է Արաբկիր համայնքում գտնվող «Հայփոստի» թիվ 33 բաժանմունք՝ 1000 դրամ շահումը ստանալու: Նրա խոսքերով՝ «Ինձ թվաց, թե կծիծաղեն, երբ տեսնեն, որ լուսադեմին եկել եմ 1000 դրամի համար, բայց ահավոր զարմացա, երբ իմացա, որ արդեն 77-րդն եմ: Պարզվում է՝ մարդիկ դեռ գիշերով՝ ժամը 4-ին են եկել ու հերթագրվել: Աշխատակիցները 1 ժամում հազիվ մի հոգու էին սպասարկում, ես քաղցած ու հոգնած կարողացա հերթում դիմանալ մինչեւ ժամը 5-ը, ու այդպես էլ չստանալով՝ ստիպված տուն գնացի, որովհետեւ անմարդկային տանջանքներ են պետք այդքան մարդկանց մեջ ոտքի վրա 5-6 ժամ կանգնելու ու անհույս սպասելու համար: Եթե գոնե մի փոքր երաշխիք լինի, որ այդ օրը կտան շահումը, կսպասենք մի կերպ, բայց էդ էլ չկա, ժամը լրանում է՝ «Հայփոստի» դռները փակում ու գնում են: Մարդիկ կային, որ ուրբաթ օրվանից հերթ են պահել՝ 500 դրամի համար»:
Կառավարությունը, բարեխիղճ սպառողներին շահագրգռելու փոխարեն, կարելի է ասել, մարդկանց «քթից բերում» է: Այն, որ 4-րդ եռամսյակում բոնուս չէին տալու, դա արդեն պարզ էր շատ վաղուց, որովհետեւ Ամանորի գնումների դիմաց մեծ քանակությամբ կտրոններ կլինեին, իսկ դրանց համար վճարելիք պարգեւավճարները անհամեմատ ավելի քիչ կարեւոր էին մեր կառավարության համար, քան այն տնտեսվարողները, որոնք պետք է Ամանորի առեւտրի հաշվին հարստանային: Բայց հետո, երբ հայտարարվեց, որ բոնուսների փոխարեն 30 ավտոմեքենա է խաղարկվելու, բնակչության ամենախոցելի խմբին՝ սոցիալապես անապահովներին, թոշակառուներին նորից հույս տվեցին ու գցեցին պատերի տակ:
Ստեղծված իրավիճակի համար «Հայփոստից» «Առավոտին» պարզաբանեցին, որ այդպես էլ պետք է լիներ. «3 ամսվա կտրոնները սպասարկելը հեշտ չէ, կուտակումներն ու հերթերն անխուսափելի են: Մարդիկ կան, որ 10-20 կտրոն են բերում, մեր աշխատակիցները չեն կարող նրանց արագ սպասարկել, որովհետեւ պետք է համապատասխան ծրագրում նշումներ անեն, ստուգեն տվյալները»:
Նշենք, որ երբ ՀԴՄ կտրոնների բոնուսները սպասարկում էին հարկային տեսչությունները, Պետեկամուտների պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը, ժամանակ առ ժամանակ ՊԵԿ-ի աշխատակիցներով շրջում էր տեսչություններում, որպեսզի տեսներ, թե ինչ վիճակ է ու խնդրին լուծում տար: Հիմա ՊԵԿ-ը լրիվ իր ձեռքերը լվացել է ՀԴՄ-ներից, կարծես իրեն չեն հետաքրքրում ոչ կտրոնները, ոչ էլ դրանց շնորհիվ հայտնաբերված ստվերը: Ինչ լինում է՝ գցում են «Հայփոստի» ու կառավարության վրա, նշելով, որ իրենք միջնորդ մարմին ենք: Օրինակ, երեկ էլ, մեր հարցմանն ի պատասխան, ՊԵԿ-ից ասացին. «ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ յուրաքանչյուր վիճակահանության արդյունքներով դրամական պարգեւավճարները տրամադրվում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հետ պարգեւավճար տրամադրելու նպատակով պայմանագիր կնքած՝ ՀՀ տարածքում գործող բանկի կամ վճարահաշվարկային ծառայություններ մատուցող այլ կազմակերպության կողմից (ներկայումս «Արարատբանկ» ԲԲԸ եւ «Հայփոստ» ՓԲԸ): Վիճակահանության անցկացմանը հաջորդող օրվանից սկսած ՊԵԿ-ն ամենօրյա աշխատանքներ է իրականացրել եւ շարունակում է իրականացնել մասնավորապես «Հայփոստ» ՓԲԸ ղեկավարության հետ, որպեսզի կարգավորվեն շահող կտրոնների սպասարկման հետ կապված հարցերը:  Միաժամանակ, որպես պայմանագրային կողմ, որպես վիճակահանության կազմակերպիչ եւ պարգեւավճարների հիմնադրամի գլխավոր կարգադրիչ՝ ՊԵԿ-ը իր բոլոր պարտավորություները կատարել է պատշաճ եւ ժամանակին: Ինչ վերաբերում է սպասարկումն ուշացումով սկսելուն, ապա առաջին հերթին հարցադրումը պետք է հասցեագրել «Հայփոստ» ՓԲԸ»-ին»:
Վերջին խաղարկության ժամանակ՝ հունվարի 15-ին, պարոն Ալավերդյանը հայտարարեց, որ երկուշաբթի օրվանից կարելի է շահումները ստանալ: Սակայն պարզվեց, որ «Հայփոստը» ինչ-ինչ ծրագրային խնդիրներ ունի ու չի կարող երկուշաբթի սպասարկել: Մի խոսքով, ձգեցին այնքան, որ ամսի 20-ից նոր զբաղվեն շահումներով, իսկ վերջին 10 օրում, պարզ է, որ կսպասարկեն շահողների հազիվ 10 տոկոսին: Սա շատ լավ հաշվարկ էր, կարելի է ասել՝ կառավարություն-ՊԵԿ-«Հայփոստ» կոմբինացիա, որը մեքենաներ շահելու գայթակղության տակ մարդկանց հիմարեցնում է: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ կառավարությունը խաղարկությունը կատարեց հունվարի 15-ին, եթե ամեն ամիս այն անցկացվում էր առաջին շաբաթվա ընթացքում, ինչո՞ւ «Հայփոստը» սկսեց սպասարկել 5 օր հետո: Ոչ ոք չի կարող համոզել, որ դա միամիտ է ստացվել: Ինչ վերաբերում է 30 ավտոմեքենաների ճակատագրին, կգտնվեն մարդիկ, որոնք 1000-2000 դրամի դիմաց կկանգնեն հեռուստաէկրանի առջեւ ու կասեն. «Ինձ համար միամիտ նստած էի, ասեցի ՀԴՄ չեկերս ստուգեմ, ստուգեցի, պարզվեց՝ ավտո էի շահել, չդիմացա, հարեւաններիս կանչեցի, մի ուրախություն, մի քեֆ, ժողովուրդ ջան, տարոսը ձեզ լինի, հավատացեք, որ շահեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել