Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵԼ ՆՎԻՐՈՒՄՈՎ»

Հունվար 25,2011 00:00

\"\"«Առավոտի» հարցազրույցը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ

– Պարոն Կարապետյան, Դուք բավականին հաջողակ գործարար եք դարձել ինքնուրույն, ուրեմն ի՞նչը Ձեզ ստիպեց դառնալ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ:
– Ես տեւական ժամանակ համակրել եմ «Օրինաց երկիր» կուսակցությանը, ընկերներ ունեմ, որոնք կուսակցության անդամ են, ղեկավար պաշտոններում են: Ինձ միշտ սրտամոտ է եղել կուսակցությունը՝ իր կենսունակ ծրագրերով, իր գաղափարներով: Բացի այդ, միշտ առանձնակի վստահություն ու հարգանք եմ ունեցել Արթուր Բաղդասարյան քաղաքական գործչի եւ կուսակցության առաջնորդի նկատմամբ: Մենք բոլորս էլ ուզում ենք օրինաց երկիր ստեղծել, չէ՞, մենք հիմա, որ խոսում ենք մեր ծրագրերից, ինչի՞ մասին ենք խոսում, մենք երկիր ենք ուզում ստեղծել՝ օրինավոր երկիր, օրենքի երկիր: Հենց կուսակցության անունն էլ բավական է, որ կուսակցության հանդեպ համակրանք ունենաս: Եվ հիմա ես անդամագրվել եմ ՕԵԿ-ին եւ համոզված եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել: «Օրինաց երկիրը» Հայաստանի ազդեցիկ քաղաքական ուժերից մեկն է՝ իր ուրույն ձեռագրով, իր անցած մեծ ճանապարհով ու փորձով: Գիտեք, մի պարզ ճշմարտություն կա՝ քաղաքական թիմի հետ ցանկացած աշխատանք ավելի հեշտ է, մանավանդ՝ երբ աշխատում ես, ուզում ես քո երկրում ավելի շատ գործեր անել, ավելի շատ խնդիրներ լուծել: «Օրինաց երկրի» նախընտրական ծրագրերի մեծ մասը ներկայումս ընկած են կառավարության գործունեության ծրագրի հիմքում, այդ թվում նաեւ գյուղատնտեսությանը վերաբերող ծրագրերը: Ես պետք է նպաստեմ, աշխատեմ, որ այդ ծրագրերը իրականություն դառնան, այդ քաղաքականությունը արդյունավետ իրականացվի:
– Դուք երբեք կուսակցական չեք եղել, նաեւ չեք զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, այժմ ինչպե՞ս է լինելու:
– Ես նախեւառաջ զբաղվելու եմ գյուղատնտեսության խնդիրներով: Աշխատանքից դուրս, այո, քաղաքականությամբ էլ եմ զբաղվելու: Չի կարող լինել այնպես, որ ես պասիվ կեցվածք ընդունեմ: Կուսակցության բոլոր նախաձեռնություններում իմ ակտիվ աջակցությունը լինելու է: Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք պետք է իրագործենք: Այդ ծրագրերը վերաբերում են ոչ միայն գյուղատնտեսությանը, այլեւ բազմաթիվ այլ ոլորտների: Մեծ հաշվով գյուղի, գյուղատնտեսության զարգացումն էլ է քաղաքականություն, իսկ «Օրինաց երկիրը» բազմաթիվ ծրագրեր ունի գյուղի զարգացման վերաբերյալ, որոնք մենք պետք է կյանքի կոչենք, դա է մեր հիմնական նպատակներից մեկը:
– Նախորդ տարի գյուղատնտեսության մեջ արձանագրվեց 14 տոկոս անկում: Որպես նորանշանակ նախարար՝ ինչպե՞ս եք պատրաստվում շտկել ստեղծված իրավիճակը:
– Իսկապես, գյուղատնտեսության վիճակն այսօր բավականին ծանր է, եւ ճյուղի զարգացումը մեկ ամսվա կամ մեկ տարվա հարց չէ: Անցյալ տարի մենք ունեցանք արտադրության կտրուկ նվազում, ինչը միայն վերջին մեկ կամ երկու տարվա հետեւանք չէ: Այս ոլորտի 14,5 տոկոսի նվազումը ՀՆԱ-ի մեջ արդեն մեծ թիվ է մեզ համար: Ամեն տարի ավելանում է անմշակ հողերի քանակը: Անցյալ տարի մշակվող հողերի մոտ 37 տոկոսն անմշակ է մնացել: Դա ունի ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառներ: Նախ, գյուղացու հնարավորությունները սուղ են, բացի այդ՝ անհատ, մանր տնտեսությունները ֆինանսական միջոցներ չունեն, բանկերը նրանց վարկեր չեն տալիս, որովհետեւ գրավի առարկա չունեն: Միջազգային շուկայում թանկացել են պարարտանյութերը, թունաքիմիկատները, սերմերը, դիզելային վառելանյութը: Այս ուղղությամբ շատ մեծ աշխատանքներ պետք է կատարվեն: Արդեն մենք մշակել ենք գյուղի զարգացման ծրագիր եւ կանխատեսել ենք, որ անպայման պետք է ունենանք աճ: Ես իմ ելույթներում նշել եմ, շատերի մոտ էլ կա այդ համոզմունքը, որ առանց խոշորացման, առանց միավորումների, առանց կոոպերացիաների ստեղծման անհնար է զարգացնել մեր գյուղատնտեսությունը: Մենք ասում ենք՝ այն մանր տնտեսությունները, այն անհատները, որոնք չեն կարողանում ինքնուրույն իրենց հարցերը լուծել, միավորվեն: Միավորվում են կամավոր սկզբունքով՝ գաղափարների, ծրագրերի եւ խնդիրների լուծման շուրջ, այլ ոչ թե իրենց սեփականության: Հաջորդ կարեւոր հանգամանքը այն է, որ ինքը երբ ուզի՝ դուրս կգա այդ միավորումից: Եթե 20 հոգին պետք է մշակի 100 հա հող, այդ հողի համար պարարտանյութի ձեռք բերումը, գյուղմեխանիզացիայի աշխատանքի կազմակերպումն ավելի էժան կլինի: Իսկ յուրաքանչյուրը կտնօրինի իր հողից ստացված իրեն հասանելի եկամուտը: Սա վաղվա մեր տեսլականն է, ուրիշ տարբերակ մենք չունենք:
Երկրորդը, որ ուզում եմ առանձնացնել, ապահովագրական համակարգի ներդրումն է, որը գործում է ամբողջ աշխարհում: Ուզում ենք այս տարի առաջին քայլերը կատարել: Մենք արդեն պայմանավորվածություններ ենք ձեռք բերում ֆրանսիական մի կազմակերպության հետ, շուտով նրանք այստեղ կգան, որպեսզի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի հետ այդ ապահովագրական մեխանիզմը ներդնենք գյուղատնտեսության մեջ:
– Որո՞նք են այն ամենակարեւոր խնդիրները, որոնց լուծումը զարգացման նոր մակարդակ կապահովի գյուղատնտեսությանը:
– Առաջնահերթ կարեւոր խնդիրը հացահատիկի եւ եգիպտացորենի սերմնաբուծության զարգացումն է: Մենք տարիներ շարունակ սերմնաբուծությամբ զբաղվել ենք, բայց արմատական մոտեցում չի եղել: Անցյալ տարի ներկրվեց 1000 տոննա էլիտային ցորենի սերմ, տվել ենք գյուղացիական տնտեսություններին, հիմա պետք է ներկրենք մոտ 1000 տոննա գարու էլիտային սերմ, որպեսզի գարնանացան կատարենք՝ լրացնելու այն բացը, որը աշնանը չի ցանվել:
Երկրորդը անասնապահության զարգացումն է. ճիշտ է, գլխաքանակը բավարարում է, սակայն դրանց կաթնատվությունն ու մսատվությունը շատ ցածր են: Գերմանիայից եւ Ավստրիայից ներկրվում են բարձր կաթնատվությամբ ցեղական էրինջներ, որոնք մեր հանրապետության պայմաններում լավ արդյունքներ են տալիս: Այս տարի նորից նախատեսել ենք ներկրել 250 գլուխ էրինջ: Բացի այդ, ընթացքի մեջ է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագիրը, որը իրականացվելու է Համաշխարհային բանկի եւ մեր կառավարության միջոցներով՝ մինչեւ 2015 թվականը, եւ նպաստելու է անասնապահության զարգացմանը:
Մյուսը, որ շատ կարեւոր է, նախարարություն-գյուղացիական տնտեսություններ կապի ամրապնդումն է: Այն գրեթե կտրված է: Ես նախարարության աշխատակազմի առաջ խնդիր եմ դրել՝ այցելել յուրաքանչյուր համայնք, գյուղացու կողքին կանգնել, բացատրել մեր այս տարվա ծրագրերը: Մենք բաց ու թափանցիկ ենք աշխատելու: Այսօր գյուղը դարձել է փակ նատուրալ տնտեսություն, գյուղացին արտադրողից դարձել է սպառող: Պետք է գնանք գյուղեր՝ խնդրենք, բացատրենք, օգնենք գյուղացուն, որ ամեն ընտանիք գոնե 10 հավ, 1 հատ կով պահի, հողերը մշակի: Այս աշխատանքի պակասը կա:
– Բայց չէ՞ որ արդեն կան գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ:
– Ճիշտ է, դրա համար ԳԱՄԿ-ներ կան, սակայն դրանք շատ վատ են աշխատում: Մեծ կառուցվածքային փոփոխություններ պետք է կատարվեն այդ ԳԱՄԿ-ներում: Յուրաքանչյուր մարզում կա 20-25 աշխատող, նրանք ունեն մեքենաներ, շենք, հարմարություն, սակայն նրանց աշխատանքը իր նպատակին չի ծառայում: Իհարկե, ես չեմ ուզում ասել, որ բոլորի մոտ նույնն է իրավիճակը, բայց հիմնականում դրանց աշխատանքից ես շատ դժգոհ եմ: Մեր աշխատանքի, քաղաքականության տեղ հասցնողը նրանք պետք է լինեն, պետք է շփվեն գյուղացիների հետ, գնան համայնքներ, բայց չեն գնում, թերանում են: Այս տեսանկյունից նրանց նկատմամբ պահանջը շատ մեծ է լինելու, այնտեղ պետք է լինեն մասնագետներ, խելացի, հոգատար, սրտացավ մարդիկ: Մենք պետք է ունենանք մի կենտրոն, որտեղից անմիջապես արձագանքեն գյուղացիների մտահոգություններին, խնդիրներին: Ես այդպես եմ պատկերացնում:
– Ձեր խոսքից պարզ դարձավ, որ պատրաստվում եք նաեւ կառուցվածքային բարեփոխումների:
– Իմ նպատակը այն է, որ այդ փոփոխությունները նպաստեն աշխատանքի արդյունավետությանը: Երբ նայում ենք հաստիքացուցակներին, բավականին աշխատողներ ունենք, բայց արդյունավետ աշխատանք չի կազմակերպվում: Կառուցվածքային բարեփոխումների նպատակն էլ հենց այն է, որ կարողանանք արդյունավետ աշխատանք կազմակերպել, աշխատանքի որակը բարձրացնել, համապատասխանեցնել երկրի ղեկավարության՝ մեր առջեւ դրած պահանջներին՝ աշխատել պարզ, մաքուր, ազնիվ, ուժերի առավելագույն լարումով: Պետք է աշխատել նվիրումով: Մեր երկիրը մենք պետք է կառուցենք, գյուղատնտեսությունը մենք պետք է այս վիճակից հանենք: Բա այս նախարարությունը ինչի՞ համար է կոչված: Ամեն մեկը եթե իր պարտականությունը բարեխղճորեն կատարի, մենք գյուղացու հոգսը կթեթեւացնենք, գյուղատնտեսական շատ խնդիրներ կլուծենք: Ես հենց առաջին օրը աշխատակազմին ասել եմ՝ ես չեմ եկել մարդկանց գործից ազատելու, ես եկել եմ աշխատելու, եթե ձեզանից յուրաքանչյուրը ուզում է ինձ հետ լուծ քաշել, իսկ ես այդ լուծը քաշելու եմ, գիշեր-ցերեկ եմ աշխատելու, ուժերի առավելագույն լարումով եմ աշխատելու, եթե ինձ օգնելու եք, ապա խնդիր չի լինի, բայց այն մարդը, ով այլ նպատակներ է հետապնդում, նա, միանշանակ, չի աշխատելու: Իմ պահանջը դա է, ուրիշ պահանջ ես չունեմ:
– Գյուղատնտեսության նախարարությունը պատրաստվում է գարնան գյուղատնտեսական աշխատանքներին: Ի՞նչ խնդիրներ կան:
– Գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսած աշխատանքներ արդեն կան, բայց մենք նորից լրացուցիչ միջոցներ ենք ձեռնարկում: Արդեն նշեցի՝ պատրաստվում ենք ներկրել 1000 տոննա գարու էլիտային սերմ, որպեսզի տանք գյուղացիներին ցանքս կատարելու, սա մի քայլ է: Մյուս քայլերը՝ վարկերի մասին ենք արդեն մտածում, բանկերի հետ ենք բանակցում, թե ինչ տոկոսով վարկեր կարող են տալ գյուղացիներին, ինչ ռեսուրսներ ունեն: Սա ընթացքի մեջ է: Մենք խոսում ենք դիզելային վառելիք ներկրողների հետ, արդեն հրավիրել ենք սերմեր եւ պարարտանյութեր ներկրողներին: Եվ կարող եմ ասել, որ մինչեւ գարնանացանը սերմերով լրիվ ապահովված կլինենք: Ուրեմն, հիմնական ուղղությունները՝ սերմեր, թունաքիմիկատներ, պարարտանյութ, դիզելային վառելանյութ: Սրանք են հիմնականները, որոնք պետք է առաջնահերթ ապահովենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել