Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հունվար 25,2011 00:00

Վրաստանի նախագահի աշխատանքային այցը Հայաստան տեղի ունեցավ ոչ աշխատանքային օրերին, բայց դա չխանգարեց, որպեսզի հեռուստաընկերությունները մանրամասն լուսաբանեն այն: Սակայն ամենից ավելի խոսվեց երկու հարցի շուրջ, նախ՝ երկու երկրների նախագահները խոսել են այն մասին, թե ինչպես ավելի հեշտացնեն Վրաստանի եւ Հայաստանի սահմանների հատման գծում մեքենաների անցանելիությունը: Անգամ պայմանավորվել են սահմանային հարցերն այնպես կարգավորել, որ մեքենաները գրեթե առանց կանգառի շարունակեն իրենց ճանապարհը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, Միխայիլ Սահակաշվիլին եւ Սերժ Սարգսյանը խոսել են նաեւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ, թեպետ չի մանրամասնվում, թե կոնկրետ՝ ինչ: Նախագահները մասնակցել են նաեւ իրենց նախաձեռնությամբ անցկացվող հայ եւ վրացի դպրոցականների օլիմպիադային եւ ծավալուն ելույթներ են ունեցել: Սերժ Սարգսյանը նշել է. «Հայ-վրացական հարաբերությունները մենք չենք սկսել եւ մեզանով չեն ավարտվելու, սակայն մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է նոր շունչ հաղորդել եւ իր մասնակցությունը բերել, որպեսզի կարողանանք այդ բարեկամությունը փոխանցել մեր զավակներին»: ՀՀ նախագահն անգամ կատակել է՝ էլ ինչ հայ-վրացական բարեկամություն՝ առանց մրցակցության, նաեւ ասել է, թե այդ մրցակցությունը մինչ այժմ դրսեւորվել է զուտ մշակութային կամ մարզական ոլորտներում, եւ լավ կլինի, որ այդպես էլ շարունակվի: Վրաստանի նախագահը իր աշխատանքային այցի ընթացքում հասցրեց նաեւ խորհուրդներ տալ, մասնավորապես՝ «Սինոփսիսում» հանդիպման ժամանակ հորդորեց սովորել անգլերեն եւ որպես օրինակ բերեց իր երկիրը, նշելով, թե իր երկրում անգլերենն արդեն վաղուց առաջին օտար լեզու է: Ի դեպ, ինքը՝ պարոն Սահակաշվիլին խոսել է վրացերեն: Ըստ tert.am-ի, Սահակաշվիլին այս խորհուրդը տվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ռուսերեն ելույթից հետո: Ի դեպ, ՀՀ նախագահը այս «լեզվակռվից» հետո ելույթ է ունեցել հայերեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել