Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՂՄ ԶԵԿՈՒՅՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍԻՆ

Հունվար 25,2011 00:00

ԵԽԽՎ բյուրոյի եւ մշտական հանձնաժողովի հաշվետու զեկույցի շրջանակներում Վեհաժողովը երեկ քննարկեց Ադրբեջանի եւ Մոլդովայի ընտրությունների դիտարկման հաշվետվությունները: Ադրբեջանում 2010-ի նոյեմբերի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցը ներկայացնում էր լեհ պատգամավոր Թադեուշ Իվինսկին, որը որպես դրական տարր առանձնացրեց այն, թե ի հակադրություն նախորդ ընտրությունների՝ ընդդիմությունը մասնակցեց քվեարկությանը. «Առաջին անգամ էր, որ յուրաքանչյուր թեկնածուի տրվել էր 4 րոպե եթերաժամանակ հանրային հեռուստատեսությամբ»: Նշեց նաեւ, որ դիտորդները լսել են հայտարարություններ ընտրողների եւ թեկնածուների ահաբեկման, ինչպես նաեւ՝ վարչական ռեսուրսների չարաշահման մասին. «Սակայն մենք ուրախ ենք, որ երկու կալանավորված բլոգերներ ազատ արձակվեցին ընտրություններից հետո»: Թադեուշ Իվինսկին հիշատակեց, թե ոմանք կարծում են, թե իրենց զեկույցը չափազանց փափուկ է. «Իմ կարծիքով, այն հավասարակշռված է»: Եվրոպական ժողովրդավարների խմբի անունից ելույթ ունեցող Կոնստանտին Կոսաչովը նշեց, թե այդպես էլ հստակ չդարձավ՝ Ադրբեջանում ընտրությունները լա՞վն էին, թե՞ վատը: Շվեդ պատվիրակ Մարիետա դե Փուրբախ-Լունդինը, որը դիտորդական առաքելության կազմում էր եղել՝ նշեց, թե ընտրություններն իրոք ավելի լավ են անցել, քան նախորդներն էին, սակայն «զեկույցի ընդհանուր տոնայնությունը եւ ձեւակերպումները շատ դրական են՝ ի համեմատ այն ամենի, ինչ մեր թիմը տեսավ ընտրության օրը»: Եվ պատմեց, թե ինչ միջադեպերի են ականատես եղել ձայների հաշվարկի ընթացքում. «Ուստի ինձ համար դժվար է միանշանակ ասել, թե Ադրբեջանի ժողովուրդն ունեցել է ազատ ընտրություն»: Շվեդ պատվիրակը հայտնեց, որ ցանկացել է որոշ փոփոխություններ անել զեկույցում. «Եվ ունեի մեր մի քանի գործընկերների աջակցությունը, սակայն չեղան փոփոխություններ: Սա վատ է եւ տխուր՝ ոչ ինձ համար, այլ Ադրբեջանի ժողովրդի»: Ի դեպ, ինչպես այս քննարկման ժամանակ ելույթ ունեցող Ադրբեջանի պատվիրակները, այնպես էլ Եվրոպական լիբերալների եւ դեմոկրատների ալյանսի անունից ելույթ ունեցող Մայքլ Հենքոքը այս առիթն օգտագործեցին՝ խոսելու Լեռնային Ղարաբաղի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել