Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրիխանյանը նոր հանգրվան գտավ

Հունվար 25,2011 00:00

Առաջադիմականը տարրալուծվեց ԲՀԿ-ի մեջ

10,5 տարի հայաստանյան քաղաքական դաշտում գոյատեւելուց, բազմաթիվ վայրիվերումներից, տարբեր պիտակավորումներ ստանալուց հետո շաբաթ օրը կայացած տասներորդ արտահերթ համագումարում Տիգրան Ուրիխանյանի ղեկավարած Հայաստանի առաջադիմական կուսակցության անդամները լուծարման եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերում հանգրվան գտնելու մասին միաձայն որոշում կայացրեցին: Առաջադիմականները ԲՀԿ-ին միանալու բանակցությունները սկսել էին մոտ մեկուկես տարի առաջ, իսկ միավորման համագումարը քանիցս հետաձգվել էր ինչ-ինչ պատճառներով: Դեռ այն ժամանակ «Առավոտի» հետ զրույցում Տիգրան Ուրիխանյանն իրենց ընտրությունը բացատրել էր գաղափարական ընդհանրություններով: Համագումարյան իր ելույթում նա ասաց, որ ԲՀԿ-ն էլ ցենտրիստական ուժ է, ինչպիսին որ առաջադիմականն է, եւ մոտեցումները՝ տնտեսական կարգերի, պետական կառավարման ձեւերի հանդեպ, նմանատիպ են, եւ որ կուսակցությունների ծրագրերը գրեթե 99,9 տոկոսով համահունչ են: Ուրիխանյանը նաեւ հիշեցրեց, որ ինքն արդեն տեւական ժամանակ է, ինչ խոսում է այն մասին, որ այլեւս աննպատակահարմար է համարում փոքր կուսակցությունների գոյությունն ու գործունեությունը Հայաստանում, եթե դա ինքնանպատակ է: Քանի որ չտիրապետելով այնպիսի լուրջ մարդկային ռեսուրսների, որպեսզի կարողանաս խորհրդարանից դուրս ազդել քաղաքական գործընթացների վրա, չտիրապետելով լուրջ ֆինանսական միջոցների եւ այլ լծակների՝ փոքր կուսակցություններն այսօր պարզապես զբաղված են ոչնչով, քանի որ անիրագործելի են նրանց ծրագրային, գաղափարական եւ մնացյալ թեզերը: Այսինքն՝ ամբողջ քաղաքակիրթ աշխարհի նման, նրա համոզմամբ, մեր քաղաքական դաշտին էլ է անհրաժեշտ կատարելագործում՝ գաղափարական տիրույթում:
Ավելի վաղ «Առավոտի» հիշեցմանը, որ 2007-ի խորհրդարանական ընտրություններին առաջադիմականները միացան ՀՀԿ-ին, իսկ կուսակցության գոյությունն ու գործունեությունն՝ ի դեմս Տիգրան Ուրիխանյանի, մշտապես կապվել է Սերժ Սարգսյանի անձի հետ՝ դեռ նրա պաշտպանության նախարար եղած ժամանակներից, Ուրիխանյանը պատասխանել էր. «Կարծում եմ, իմ անունն ինչ-որ մարդու կամ մարդկանց հետ կապելու թեմաներն այլեւս արդիական չեն: Բոլորին արդեն պարզ դարձավ, որ իմ անունը պետք է միայն ինձ հետ կապել, ու այն իրավիճակը, որում մենք հիմա ենք, դրա վառ ապացույցն է: Սերժ Սարգսյանի անվան հետ պետք է կապել նրանց, ովքեր շրջապատում եւ համագործակցում են, ինչ-որ առնչություններ ունեն Սերժ Սարգսյանի հետ՝ թե քաղաքական, թե պետական համակարգում, թե ինչ-ինչ այլ շրջանակներում»:
Համագումարին ներկա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում ողջունեց Առաջադիմական կուսակցության որոշումը, խոստացավ, որ առաջադիմականներն իրենց այդ որոշման համար չեն փոշմանի, նաեւ կուսակցության «փակվելու համար նեղվելու կարիք չկա», քանի որ ԲՀԿ-ում խտրականություն չի լինում, եւ աշխատանքի բաժանումն իրականացվում է ըստ մասնագիտական կարողությունների, նվիրվածության եւ կատարած աշխատանքների: Նա նաեւ պատկերավոր սպորտային համեմատություն արեց. «Եթե մարդը 50կգ է բարձրացնում, նրան տանում են 200 կիլոգրամանոց ծանրաձողի մոտ՝ անտեղի ժամանակ է կորչում, եւ դրանից տուժում է 3 միլիոն մարդ, բայց երբ մարդը բարձրացնում է 250 կիլոգրամ, նրան տալիս են 200՝ նորմալ է»: Ավելի ուշ պատասխանելով «Առավոտի» հարցերին՝ Գագիկ Ծառուկյանը վստահեցրեց, որ փետրվարի 22-ին կայանալիք ԲՀԿ համագումարն ամենեւին էլ անակնկալ չէ, այն հերթականն է, եւ այդ համագումարում անակնկալներ չեն սպասվում: Հարցը՝ դուք խոստանո՞ւմ եք, որ համագումարում անակնկալներ չեն լինի, վրդովեցրեց ԲՀԿ առաջնորդին: Նա ասաց, որ առաջիկայում այլ կուսակցություններ էլ են միավորվելու ԲՀԿ-ին: Մամուլում դեռ քննարկվող ԲՀԿ-ՀՀԿ հակամարտության մասին էլ ասաց. «Հակամարտություն չկա: Աշխատանքներ են, մրցակցություն է»: Վստահեցրեց, որ մրցակցությունը շատ առողջ է. «Անառողջ մրցակցություն, որը կվերաճի հակամարտության, չի կարող լինել»:

Հ. Գ. «Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ առաջիկայում ԲՀԿ-ի մեջ կտարրալուծվի նաեւ Հայաստանի երիտասարդական կուսակցությունը: Այս կուսակցության ղեկավար Վահան Բաբայանի անցած ճանապարհը շատ խոսուն է՝ «Հանրապետությունից» մինչեւ ՄԻԱԿ: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել