Իսկ ԵԽ նախարարների կոմիտեի գործող նախագահ Ահմեդ Դավութօղլուն ԵԽԽՎ-ում իր առաջին իսկ ելույթում խոսեց «օկուպացված 20%-ի» մասին:
Այսպես խոսեց
Դավութօղլուն
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության մի քանի անդամներ՝ մասնավորապես Զարուհի Փոստանջյանը, Արծրունի Աղաջանյանը, երեկ հերթագրվել էին՝ հարց ուղղելու Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնած Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին, սակայն ժամանակը չբավարարեց: Հարց տալու հնարավորություն ունեցավ միայն Նաիրա Զոհրաբյանը, որը հետաքրքրվեց. «Ադրբեջանի բացահայտ ճնշմամբ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթացը մտցրեց փակուղի։ Այժմ Թուրքիան ստանձնել է ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը։ Ի՞նչ երաշխիքներ կարող են ունենալ ԵԽ անդամ պետությունները, որ այս դեպքում եւս Թուրքիան չի առաջնորդվի այս կամ այն երկրի ճնշմամբ՝ անտեսելով Եվրոպայի Խորհրդի համամարդկային հիմնարար արժեքները»: Դավութօղլուն ասաց, թե ստիպված է այս հարցին պատասխանել իբրեւ Թուրքիայի ԱԳ նախարար. «Անցյալ տարի, երբ ես ստորագրեցի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման արձանագրությունները՝ մենք մտադիր էինք հասնել երեք նպատակների: Առաջին՝ սկսել գործընթաց կարգավորելու մեր հարաբերությունները Հայաստանի հետ, որպես երկու բարեկամ պետություններ՝ ոչ միայն բացել սահմանը, այլ նաեւ ունենալ առավել բաց հարաբերություններ երկու երկրների միջեւ, ինչպես ունենք մեր մյուս հարեւան պետությունների հետ: Երկրորդը՝ մենք փորձեցինք սկսել թուրքերի եւ հայերի միջեւ պատմական հաշտության նոր դարաշրջան՝ հիմնված պարզապես հիշողության վրա: Իսկ երրորդը՝ նորմալացնել հարաբերությունները Հարավային Կովկասում, ինչը նշանակում է հարաբերությունների կարգավորումը ոչ միայն Հայաստանի ու Թուրքիայի, այլ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ադրբեջանը նույնպես անդամ երկիր է: Սա նաեւ մեր հիմնարար արժեքների ոտնահարում է, եթե մի անդամ երկիր բռնազավթում է մեկ այլ երկրի տարածքի 20%-ը: Եթե մենք հարգենք Եվրոպայի խորհրդի բոլո՛ր արժեքները՝ ես վստահ եմ, որ մի օր մենք կունենանք շատ խաղաղ մթնոլորտ Հարավային Կովկասում: Մադամ, մենք կունենանք գերազանց հարաբերություններ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, հավանաբար նույնիսկ ավելի լավ, քան մյուս հարեւանների հետ»: Նաեւ հավելեց, թե իրենց արտաքին քաղաքականության մեջ չեն տեսնում սպառնալիքներ կամ թշնամիներ՝ իրենց համար հարեւան երկրները կա՛մ ընկերներ են, կա՛մ հնարավոր ընկերներ. «Այսօր մյուս բոլոր երկրները մեր ընկերներն են, եւ մենք տեսնում ենք Հայաստանը որպես հնարավոր ընկեր: Եվ եթե նրանք նույնպես ցանկանում են տեսնել իրենց շուրջ ընկերների՝ ներառյալ նաեւ Ադրբեջանին եւ մյուսներին, Եվրոպայի խորհրդի այդ գոտին Հարավային Կովկասում կլինի խաղաղության, բարգավաճման եւ կայունության գոտիներից մեկը»: Այս պատասխանին հետեւեցին ծափեր: Ի դեպ, դահլիճից դուրս գալուց առաջ Դավութօղլուն սեղմեց Նաիրա Զոհրաբյանի ձեռքը:
Այսպես խոսեց
Չավուշօղլուն
Երեկ առանց որեւէ մրցակցության՝ 1 տարի ժամկետով դարձյալ ԵԽԽՎ նախագահ ընտրվեց Մեւլութ Չավուշօղլուն: ԵԽԽՎ-ն ընտրեց նաեւ ԵԽԽՎ փոխնախագահների, որոնցից են Ժան Կլոդ Մինյոնը, Կոնստանտին Կոսաչովը, Էրոլ Ասլան Ջեբեջին:
Որպես վերընտրված նախագահ՝ իր առաջին ասուլիսում պրն Չավուշօղլուն նշեց, թե անցած տարի Եվրոպայում առաջընթաց չի եղել սառեցված որոշ հակամարտություններում «վստահության ձեւավորման» առումով, ու Հարավային Օսիայի, Աբխազիայի, Կիպրոսի հետ տվեց նաեւ Լեռնային Ղարաբաղի անունը. «Սա նշանակում է, որ մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը 2011-ին»: «ԱրմԻնֆո»-ի՝ Ստրասբուրգում գտնվող թղթակցի հարցին, թե հատկապես ի՞նչ է մտադիր ձեռնարկել ԼՂ հակամարտության առնչությամբ՝ նա պատասխանեց, թե կվերստեղծվի Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը, որը պետք է գործեր ԵԽԽՎ 2005թ. բանաձեւի համաձայն. «Անցած տարի ես մի քանի անգամ հանդիպել եմ Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարներին, իսկ վերջին երկու հանդիպումներին հրավիրվել էին նաեւ այդ երկրների ընդդիմադիր ուժերի անդամները: Արդյունքում մենք որոշել ենք այս ուրբաթ զեկույց ներկայացնել Վեհաժողովի Բյուրոյին, եւ այն պետք է որոշում կայացնի հատուկ ենթահանձնաժողովի վերստեղծման եւ նախագահի նշանակման մասին»: Չավուշօղլուն հայտնեց, թե առայժմ չկան այդ պաշտոնի թեկնածուներ:
Նաեւ հավելեց. «Ցավոք սրտի, ձեր երկրի որոշ քաղաքական ուժեր, որոշ գործընկերներ փորձում են տպավորություն ստեղծել, թե սա իմ նախագիծն է կամ Նախարարների կոմիտեում նախագահող Թուրքիայի նախագիծը: Դա ճիշտ չէ: Դա կեղծ տեղեկատվություն է: Դա շահարկում է: Ես դա շատ լավ բացատրել եմ Երեւան կատարած իմ պաշտոնական այցի ժամանակ: Դա իմ նախագիծը չէ, դա Վեհաժողովի որոշումն է: Եվ ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ցանկացած ոք՝ լինի դա Թուրքիայի, Գերմանիայի՝ կամ նույնիսկ Հայաստանի պատվիրակ՝ նշանակություն չունի, պետք է այդ հարցը ներկայացնի Բյուրոյում: Այդ հարցը պետք է ներկայացվի Բյուրոյի հետագա որոշման համար, եւ դա այն է, ինչ ես անում եմ»:
Այսպես խոսեց
Յագլանդը
Երեկ ԵԽԽՎ պատվիրակների հարցերին պատասխանեց նաեւ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Ի պատասխան Ադրբեջանի պատվիրակ Գանիրա Փաշաեւայի հարցի՝ «Ինչո՞ւ Եվրոպայի խորհրդի մեխանիզմները չեն օգտագործվում՝ ճնշելու Հայաստանին դուրս գալ գրավյալ ադրբեջանական տարածքներից եւ թույլ տալ ադրբեջանցի ներքին տեղահանված մարդկանց վերադառնալ իրենց տները՝ համաձայն 1416 բանաձեւի»՝ ԵԽ գլխավոր քարտուղարը մասնավորապես ասաց. «Պատճառն այն է, որ դեր չունենք Մինսկի խմբում, որը զբաղվում է այս հարցով»: Եվ հավելեց, թե Եվրոպայում սառեցված հակամարտությունները կարգավորելու ուղիներից են օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքները: Նույնը կրկնեց նաեւ Ադրբեջանի մեկ այլ պատվիրակի՝ Ռաֆայել Հուսեյնովի հարցին ի պատասխան: Վերջինս հայտարարեց, թե հայկական կողմը փորձում է կանխել ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի ձեւավորումը, եւ խնդրեց գնահատական տալ դրան: Եվ պրն Յագլանդը հայտարարեց. «Ստիպված եմ կրկնել այն, ինչ ասել եմ՝ միջկառավարական հատվածը հակամարտության կարգավորման դեր չունի: Այն Մինսկի խմբի ձեռքերում է»:
Հ. Գ. Նաիրա Զոհրաբյանը ԵԽ անդամ պետությունների ներկայացուցչություններին է երեկ հանձնել ադրբեջանահայության՝ ԵԽ անդամ պետությունների ղեկավարներին ուղղված ուղերձը, որում կոչ է արված Բաքու այցելելիս ծաղկեպսակ չդնել Շահիդների պուրակում «Ադրբեջանի ազատության եւ անկախության համար զոհված անձանց» շիրիմներին, որտեղ թաղված են Բաքվում մեկ շաբաթ շարունակ հայերին դաժանաբար սպանած եւ այնուհետեւ սովետական բանակի հետ բախումների արդյունքում սպանվածները: Նաիրա Զոհրաբյանը մեզ հայտնեց, որ հայտարարությունը հանձնել է նաեւ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակություններին. «Ասացի, թե այս կոչն իրենց համար եւս շատ կարեւոր է: Սուսուփուս վերցրին»: