Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼԻ ԽԱԲԵԼ Է

Հունվար 25,2011 00:00

\"\"Պարզվում է՝ իշխանությունները ԵԽ ՄԻ հանձնակատար Թոմաս Համմարբերգին համոզել են, թե իրենք էլի մի համաներում կհայտարարեին, բայց այ՝ ԱԺ-ն դրան «կողմ» չի քվեարկի:

ԵԽ մարդու իրավունքների հարցով հանձնակատար Թոմաս Համմարբերգն անցած շաբաթ տեղի ունեցած իր երեւանյան այցի շրջանակներում, անդրադառնալով «մարտիմեկյան» իրադարձությունների կապակցությամբ դատապարտված 9 քաղբանտարկյալների ազատ արձակմանը, Համմարբերգի հետ հանդիպմանը մասնակցած «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի փոխանցմամբ, ասել էր, թե դա դժվար կլինի եւ, վկայակոչելով իշխանությունների խոսքերը, հավելել էր, որ նրանց ազատ արձակելու իրավական միակ ճանապարհը ներման դիմում ներկայացնելն է: Համմարբերգը քննարկել էր նաեւ նոր համաներում հայտարարելու հարցը: Ա. Մարտիրոսյանի՝ «Առավոտի» հետ երեկվա զրույցից պարզ դարձավ նաեւ, որ իշխանությունները Համմարբերգին փորձել են համոզել, թե էլի մի նոր համաներում հայտարարելու որոշում պետք է կայացնի ԱԺ-ն, իսկ խորհրդարանը այդպիսի որոշմանը «կողմ» չի քվեարկի: Պատգամավորը, իր ասելով, առարկել էր՝ հայտարարելով, թե խորհրդարանի մեծամասնությունը կքվեարկի այնպես, ինչպես կասեն նախագահականից:
Ի դեպ, անցյալ տարեվերջին կրկին համառ լուրեր էին շրջանառվում, թե՝ իշխանությունները փորձում են ԵԽԽՎ առջեւ իրենց պարտավորություններն ու ԽՎ բանաձեւերի՝ մասնավորապես 1677-ի պահանջները՝ հատկապես քաղբանտարկյալների ազատ արձակման համատեքստում, կատարել վերջիններիցս ներման դիմումներ կորզելով, ինչպես դա մասամբ հաջողությամբ արդեն արել էին 2008-ի վերջին եւ 2009-ի սկզբներին: Հայ ազգային կոնգրեսում, սակայն, վստահ են, որ անազատության մեջ գտնվող 9 քաղբանտարկյալներից եւ ոչ մեկը՝ Սասուն Միքայելյան, Արամ Բարեղամյան, Նիկոլ Փաշինյան, Հարություն Ուռուտյան, Ռոման Մնացականյան, Շմավոն Գալստյան, Արա Հովհաննիսյան, Սարգիս Հացպանյան եւ Մուրադ Բոջոլյան, ներման դիմում գրող չէ: Ու դա ամենեւին էլ չի նշանակում, թե քաղբանտարկյալների ազատ արձակումը իրավական կամ քաղաքական առումով փակուղում է: Քաղբանտարկյալներին իրավական ձեւակերպմամբ ազատ արձակելու բազմաթիվ հնարավոր տարբերակներ կան, որոնցից մեկի մասին Համմարբերգի հետ հանդիպման ժամանակ նշել էին «Ժառանգության» պատգամավորները՝ համաներում: Կա նաեւ այլ տարբերակ՝ իրենց համար սահմանված պատիժը՝ 1/3-ի կամ կիսով չափ կրած մարդկանց ազատ արձակելը:
Բանն այն է, որ թվով 9 քաղբանտարկյալների մեջ կան մարդիկ, ում նկատմամբ շատ հանգիստ կարելի է կիրառել այդ տարբերակը, եթե, իհարկե, իշխանություններն իսկապես ուզում են քաղբանտարկյալներին ազատել: Այսպես, Ռոման Մնացականյանը, որը զանգվածային անկարգություններին մասնակցելու համար 2008-ի հուլիսին դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման, արդեն վաղուց 1/3-ով կամ նույնիսկ կիսով չափ կրած լինելու հիմքով կարող էր ազատ արձակված լինել: Ընդդիմության ակտիվիստը իրականում «Մարտի 1»-ի դեպքերից տուժած քաղաքացիներից մեկն է, եւ նրան դատապարտելու ողջ նպատակը եղել է նրա նկատմամբ կիրառված բռնության հետքերը թաքցնելը: 2009-ի համաներումը նրա վրա չտարածվեց միայն այն պատճառով, որ «Էրեբունի» ՔԿՀ-ի ղեկավարությունը դա չէր ուզում. Ռոմանը 5 անգամ տույժի էր ենթարկվել՝ կալանավայրում բջջային հեռախոս պահելու՝ պահման կարգը «չարամտորեն խախտելու» համար:
Իր պատժի 1/3-ը կրած լինելու հիմքով դեռ անցյալ տարեվերջին կարող էր ազատության մեջ լինել նաեւ քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը, եթե իշխանությունները ցանկություն ունենային թեթեւացնելու Հայաստանի՝ որպես քաղբանտարկյալ ունեցող երկիր լինելու բեռը: Հացպանյանը 2009-ի ապրիլին «սուտ մատնության» մեղադրանքով դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման: Իր պատժի կեսը կրած լինելու հիմքով կարող է ազատ արձակվել նաեւ 2008թ. նախագահական ընտրություններում Հրազդանում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Արամ Բարեղամյանը, որը բացառապես երկու ոստիկանի ցուցմունքի հիման վրա դեռ 2008-ին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Համաներումը 2009-ին նրա վրա էլ չէր տարածվել:
Էլի մեկ քաղբանտարկյալի՝ 2008թ. նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանի Մարալիկի նախընտրական շտաբի պետ Հարություն Ուռուտյանի համար 2008-ի մայիսին Վերաքննիչ դատարանի սահմանած՝ 6 տարի ազատազրկում, պատժի կեսը կլրանա այս տարվա փետրվարին: Նույնը վերաբերում է նաեւ քաղբանտարկյալ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Շմավոն Գալստյանին, որին օրվա իշխանությունները նույնիսկ հազիվ եւ ընդամենը երկու ժամով թույլ տվեցին մասնակցել մոր թաղման արարողությանը: Ինչ վերաբերում է իշխանությունների քաղաքական կամքին, ապա դրա վրա հույս դնելու հույսեր չկան՝ նկատի ունենալով թեկուզ միայն այն փաստը, որ իշխանություններն իրենց ողջ ուժը ներդրել են «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին 5 ամիս ավելի բանտում պահելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել