ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ տասնյոթերորդ
ՄԵՆՔ ՈՒ ՄԵՐՈՆՔ
Սարինյանի էս գնահատանքից հետո եթե փողոցում մեկն ինձ հարցնի՝ «ինչո՞վ ես զբաղված», ես արդեն մեր մյուս գրողների պես անսասան ու ինքնավստահ կեցվածք ընդունելով՝ անվարան ու լրջորեն կարող եմ պատասխանել ու ասել՝ «գործ եմ անում» կամ՝ «աշխատում եմ», եւ եթե սրանից ու էսքանից հետո էլ տնեցիք ինձ խանգարեն աշխատել, կնոջս ու աղջկերքիս վրա միանգամայն հանգիստ խղճով կգոռամ ու կասեմ՝ «մի խանգարեք. չեք տեսնո՞ւմ՝ աշխատում եմ», եւ չնայած նախքան Սարինյանի գովեստն էլ էի համոզված՝ որ աշխատում եմ, Սարինյանի գրավոր գնահատանքից հետո ավելի ու ավելի ոգեւորված եմ աշխատում, որովհետեւ արդեն վերջնականապես եմ համոզված, որ էս գրածս ու հետագա գրելիքս գործ է, եւ եթե նույնիսկ Սարինյանի էդ չուշացած գնահատականն էլ չլիներ, ես պարտավոր էի միանգամայն ինքնուրույն կռահել ու գլխի ընկնել, որ էս արածս ու հետագա անելիքս լուրջ գործ ու լուրջ աշխատանք է՝ թեկուզեւ էն առումով, որ էս արածիս համար պարբերաբար վարձատրվում եմ՝ ի տարբերություն իմ շատ ու շատ կոլեգաների, որոնք միանգամայն անվճար են էս նույն աշխատանքը կատարում. ընդ որում, էս աշխատանքս ոչ միայն «Առավոտի» խմբագրի կողմից է միանգամայն սրտանց ու պարբերաբար վարձատրվում, այլեւ, ահա, աննախադեպ գնահատանքի արժանացավ անվանի ու գործող ակադեմիկոսի կողմից, եւ հեչ պատահական չի, որ խորագետ ու խորաթափանց ակադեմիկոսն էս վեպս էպոս անվանելով՝ ինձ էպոսագիր կամ էպոսի հեղինակ չի անվանել, որովհետեւ սովորաբար էպոսի հեղինակը ոչ թե կոնկրետ ինչ-որ մեկն է հանդիսանում, այլ ինքը՝ ժողովուրդը, եւ ժողովրդի պատմածն ու բերնեբերան տարածածն ինչ-որ մեկը կամ մի քանիսը գրի առնելով ու գրի վերածելով՝ վերածում են էպոսի, եւ Սարինյանին վերադառնալով՝ պիտի ասեմ, որ չնայած հակված եմ հավատալ, որ ակադեմիկոսը իսկապես կարդացել է էս անվերջանալին, այդուհանդերձ, հակված եմ կարծել նաեւ, որ էս վեպս գնահատելու համար կարդալը հեչ էլ պարտադիր չի, որովհետեւ էս վեպիս մասին բանավոր խոսակցություններն ավելի շատ ու ավելի ծավալուն են, քան՝ էս վեպս, եւ ես ժամանակ առ ժամանակ նաեւ էդ խոսակցություններն եմ գրի առնում ու գրի վերածում, ընդ որում՝ միանգամայն ընտրովի, եւ ահա էստեղ է, որ գրառողի ու գրի վերածողի իմ էս աշխատանքը մեխանիկականից վերածվում է ստեղծագործականի, որովհետեւ, չնայած ուրիշ գրագետներ եւ գրականագետներ պատերի ու Գրողների միության կամարների տակ փնթփնթում են թե՝ չափից ավելի շատ եւ չափից ավելի անհամ եմ գրում, իրականում էս գրածս չափազանց հակիրճ է՝ կյանքումս լսածիս ու տեսածիս համեմատ, եւ անհամության առումով էլ նույնը պիտի ասեմ. պատկերացրեք՝ ինչքան ավելի անհամ կստացվեր, եթե թույլ տայի, որ էս վեպիս մասին մեր որոշ գրագետների ու գրականագետների ասածներն էլ էս վեպիս տարածք սողոսկեին, մինչդեռ Սարինյանի ասածը գրի առա, ավելի ճիշտ՝ էս վեպիս տված իր գրավոր գնահատականը բառ առ բառ արտագրեցի, որովհետեւ Սարինյանը մեր Գրողների միության տասնհինգերորդ հոբելյանական համագումարին ընդառաջ մի էնպիսի սխրանք է գործել, որն իսկապես նախկին պատկերացումներիցս չափազանց վեր է, եւ սխրանք ասելով՝ նկատի ունեմ ակադեմիկոսի էն արարքը, որ ինքը, փաստորեն, առանց ինձնից էս վեպս ջերմ մակագրությամբ ստանալու՝ գնահատել է այն, ընդ որում՝ վերջնական ու անվրեպ է գնահատել, եւ եթե նույնիսկ առանց կարդալու էլ գնահատած լինի, էլի միանգամայն ընդունելի ու հասկանալի է, որովհետեւ էպոսը հնարավոր չի կարդալ՝ քանի դեռ այն վերջնական գրավոր տեսքի չի բերված, իսկ գրավոր վերջնական տեսքի բերելն իսկապես աշխատանք է, ընդ որում՝ տաժանակիր ու տենդագին աշխատանք, եւ չնայած մեր էս աշխատանքի մեջ էլ են թերություններ պատահում, եւ չնայած մեր էս աշխատանքն էլ է հիմնականում անշնորհակալ աշխատանք, այդուհանդերձ, հարկ է, որ մեր էս անշնորհակալ տաժանակրությունն էլ ժամանակ առ ժամանակ գնահատվի ու, ինչու չէ, նաեւ վարձատրվի, եւ իմ պարագայում հենց էդպես էլ արվում է, եւ, ինչպես համոզվեցիք, Գրողների միության տասնհինգերորդ հոբելյանական համագումարին ընդառաջ ակադեմիկոս Սարինյանն ինձ, փաստորեն, բարոյապես լավագույնս աջակցեց ու վարձատրեց, եւ չնայած ժամանակ առ ժամանակ այլ ընթերցողներ էլ են ինձ բարոյապես աջակցում ու վարձատրում, համաձայնվեք, որ ակադեմիկոսի ու մանավանդ գրականագետ ակադեմիկոսի կողմից բարոյական աջակցություն ու վարձատրություն ստանալը մի քիչ ուրիշ է, ու էս ամենին էլ գումարելով «Առավոտի» խմբագրի բարոյական ու նյութական պերմանենտ աջակցությունը, պիտի խոստովանեմ, որ այլ էպոսագիրների համեմատ՝ իմ վիճակն առանձնապես է տանելի ու բարվոք, մանավանդ եթե հաշվի առնենք, որ ինձանից առաջ եղած էպոսագիրները մոմի լույսի տակ ու փետուրով են աշխատել, ընդ որում՝ առանց նյութական եւ նույնիսկ բարոյական վարձատրության, եւ չնայած ձեր խոնարհ ծառան էլ նոր ժամանակների ընձեռած հնարավորություններից առանձնապես չի օգտվում՝ բուքմեյքերականների էս անթիվ ու անհամար գրիչները համակարգչից մշտապես ու հետեւողականորեն նախընտրելով, այդուհանդերձ, ումից թաքցնեմ-թաքցնեմ՝ ձեզանից չեմ կարող ու չեմ էլ ուզում թաքցնել, որ էպոսագրի էսօրվա էս վիճակիցս առանձնապես եմ գոհ, եւ գոհությունս ումից թաքցնեմ-թաքցնեմ, ձեզանից չեմ կարող ու չեմ էլ ուզում թաքցնել, որովհետեւ եթե անհատականացված էպոս ես գրում, պիտի հնարավորինս անկեղծ լինես հատուկենտ ընթերցողներիդ հետ՝ մշտապես հիշելով ու հասկանալով, որ քեզանից առաջ եղած էպոսագիրները նույնիսկ հատուկենտ ընթերցողներից էլ են զրկված եղել, եւ էս ամենը հասկանալով ու գիտակցելով՝ պիտի անկեղծանալով՝ հատուկենտ ընթերցողներիդ խոստովանես, որ էպոսագրի էս առաքելությունը միանգամայն պատահաբար ես ստանձնել, որովհետեւ մի գեղեցիկ օր ճիշտ ժամանակին արթնանալով՝ հանկարծակի կռահել ու գլխի ես ընկել, որ եթե ժողովուրդներից շատերին էպոս ունենալու պատիվը չի վիճակվել ու շնորհվել, ժողովուրդներից մեկին էդ պատիվը կարող է մի քանի անգամ վիճակվել ու շնորհվել, եւ շնորհումը, փաստորեն, կատարվում ու տեղի է ունենում նախ ասացողների, ապա եւ՝ գրառողներիս միջոցով, եւ երբ գրի առնողը միաժամանակ նաեւ ասացող ու գործող անձ է, Սարինյանի ասածի պես՝ ստացվում է միանգամայն անհատականացված էպոս, եւ ահա՝ օրերից մի գեղեցիկ օր ճիշտ ժամանակին արթնանալով՝ ճիշտ ժամանակին հասկացա ու գլխի ընկա, որ էդ՝ էսպես կոչված անհատականացված էպոսի գլխավոր գործող անձը, գլխավոր ասացողն ու գլխավոր գրառողն անձամբ ինքս եմ լինելու ու հանդիսանալու, որովհետեւ էնպիսի ժամանակներ էին, որ ուրիշներն ազատ ժամանակ չունեին՝ չափազանց զբաղված լինելով առեւտրական, քաղաքական, կուսակցական, հայրենասիրական, ազատական եւ այլեւայլ գործերով, մինչդեռ ձեր խոնարհ ծառան ոչ միայն լիքը ժամանակ ուներ, այլեւ իր ունեցած ժամանակի ընդամենը մի փոքր մասն էր էս էպոսագրության վրա ծախսում, եւ իր ժամանակի առյուծի բաժինը բուքմեյքերական տվայտանքների վրա էր մսխում, ու էս մասին հիմա անցյալ ժամանակով եմ խոսում, որովհետեւ արդեն մի շաբաթ կլինի՝ բուքմեյքերականներ ոտ դրած չկամ եւ տրամադրված եմ առաջիկայում էլ ոտ չդնել, եւ չնայած սա ընդամենը հերթական տրամադրվածությունս է, եւ չնայած նախկինում էլ էդ տվայտանքներիս դեմն առնելու մի քանի անհաջող փորձեր արել եմ, այդուհանդերձ, էս անգամ ու հատկապես էսօր առանձնապես վճռականորեն եմ տրամադրված, ու էս պահի տրամադրվածությունս էնքան ֆինանսական վիճակովս չի պայմանավորված, ինչքան՝ ապագայիս անորոշության առումով տագնապներովս, եւ քանի որ վերջերս տագնապներս ավելի ու ավելի են ուժգնացել ու որոշակիացել, ես անպայման պիտի որոշակի քայլ անեմ՝ էս տագնապներիցս ազատվելու ու առնվազն էս տագնապներս ցրելու ուղղությամբ, եւ չնայած ասացի թե՝ էս տագնապներիս պատճառը ոչ թե ֆինանսական վիճակիս հետ է կապված, այլ՝ ապագայիս անորոշության, դուք երեւի ինձնից էլ լավ եք պատկերացնում, որ մեր կյանքում ու մեր իրականության մեջ ապագայի հետ կապված գրեթե բոլոր խնդիրներն ու տագնապներն իրենց խորքում անպայման նաեւ ֆինանսական իմաստներ են պարունակում, ու էս ասածս անխտիր բոլորիս է վերաբերում, եւ չնայած մեր քաղաքական գործիչներն ու մտավորականները հեռուստացույցով ու ամենուր հիմնականում հայրենասիրությունից, բարությունից, ժողովրդավարությունից, բարոյականությունից ու ազնվությունից են խոսում, տողատակերից մենք իրենց ֆինանսական ու նյութական խնդիրներն ընկալում ու հասկանում ենք, ընդ որում՝ ոչ թե համաշխարհային ֆինանսական ճգնաժամի իմաստով, այլ՝ անձամբ էդ ելույթ ունեցողի անձնական ֆինանսական ճգնաժամի իմաստով, եւ հասկացողներս միշտ ենք էս ելույթ ունեցողների ճգնաժամն ընկալել, եւ եթե համաշխարհային ֆինանսական ու տնտեսական ճգնաժամն անսպասելի ու հանկարծակի առաջանալով՝ մի գեղեցիկ օր անսպասելի ու հանկարծակի էլ ավարտվելու է, նույնը չի կարելի ասել առանձին ու կոնկրետ մարդկանց պարագայում, որովհետեւ առանձին վերցրած մարդը մշտապես է տնտեսական ու ֆինանսական ճգնաժամի մեջ գտնվում, եւ ինչքան էլ բարոյականությունից, հայրենասիրությունից, ազատությունից ու նման բարձր բաներից բլբլանք ու գեղգեղանք, բոլորս էլ արդեն մի մարդու պես հոգիներիս խորքում գիտենք, որ երբ ազատությունը փողով ու նյութական բարեկեցությամբ չի համեմվում, էդ ազատությունն իր կրողին առանձնապես չի ոգեւորում. ավելի հասկանալի ասած՝ բոլորը գիտեն, որ մահկանացուներիցս ամենաազատը բոմժերն են, բայց մահկանացուներիցս որեւէ մեկը չի ցանկանում բոմժ դառնալ, որովհետեւ բոմժերի ու աղքատների ազատությունը հիմնականում մահվան ելքով է ավարտվում եւ որոշ դեպքերում՝ ինքնասպանությամբ, ու էս ասածս հատկապես հարուստները չեն հասկանա, որովհետեւ հարուստները հիմնականում մահվան մասին են մտածում, այլ ոչ թե՝ ինքնասպանության, ու էս դեպքում խոսքս համեմատաբար իմաստուն հարուստներին է վերաբերում, որովհետեւ անիմաստ հարուստները հազարից մեկ են մտածում, առավել եւս՝ մահվան մասին, եւ եթե երբեմն-երբեմն մահվան մասին մտածում են, անասնական տագնապով են մահվան մասին մտածում, որովհետեւ կորցնելու լիքը բան ունեն, եւ չնայած մեջների իմաստուններն էլ կորցնելու լիքը բան ունեն, այդուհանդերձ, մեջների իմաստունները երբեմն-երբեմն փորձում են մահվան մասին փիլիսոփայորեն մտածել եւ մահվան մասին փիլիսոփայորեն մտածելով՝ չափազանց են տագնապում, որովհետեւ իմաստուն հարուստներն էլ կորցնելու լիքը բան ունեն, եւ կորցնելու բան ասելով՝ ոչ թե ազատությունը նկատի ունեմ, այլ միայն՝ նյութական ունեցվածքը, եւ իրենք էլ հավանաբար նույնը նկատի ունեն, եւ մահվան մասին մտածելիս՝ ամենավերջին ու ամենաազատ բոմժերն անգամ ոչ թե իրենց ազատության համար են ափսոսում, այլ միայն՝ ունեցվածքի, եւ սրանց միակ ունեցվածքը ոչ թե ազատությունն է, այլ՝ կյանքը, եւ չնայած իմ էս մինուճար կյանքում ոչ բոմժ եմ եղել եւ ոչ էլ՝ մեծահարուստ, սրանց մասին էսպես հեշտուհանգիստ գրում ու ենթադրություններ եմ անում, որովհետեւ ուրիշների մասին գրելն ու ենթադրություններ անելն անհամեմատ հեշտ է, եւ չնայած հատորներիցս մեկում իմ իսկ մահվան մասին մտածելս ահագին նկարագրել եմ, այդուհանդերձ, էդ նկարագրածիս համար էլ էս պահին պատասխանատու չեմ, որովհետեւ ինձ պես սովորական մարդ արարածն ամեն Աստծո օր իր իսկ կյանքի ու մահվան մասին միանգամայն տարբեր կերպ է մտածում եւ նմանապես այլոց կյանքի ու մահվան մասին է տարբեր կերպ մտածում, եւ ահա էսօր էս կերպ մտածելով՝ հանգում եմ էն եզրակացության, որ էս մի հատիկ կյանքում ավելի ցանկալի է հարուստ լինել, քան՝ բոմժ, որովհետեւ բազմիցս դժբախտ հարուստների հանդիպելով՝ դրանց դժբախտությունը ոչ մի կերպ չեմ կարողացել պատկերացնել ու հասկանալ, եւ հարբած ու բացարձակ երջանիկ բոմժեր տեսնելով՝ սրանց երջանկությունն էլ չեմ կարողացել ըմբռնել ու հասկանալ, եւ նմանապես իմ երջանկությունն ու դժբախտությունը չեմ կարողանում ըմբռնել ու հասկանալ, եւ միակ բանը, որ էս պահին հասկանում եմ, էն է, որ հարուստների ու աղքատների երջանկությունը հարստության ու աղքատության հետ որեւէ կապ չունի, ինչպես նաեւ՝ ազատության հետ որեւէ առնչություն չունի, եւ նույնը կարող եմ ասել էն մարդկանց մասին, ովքեր ոչ հարուստ են ու ոչ էլ աղքատ, եւ ազատության մասին էլ էսքան շատ եմ խոսում, որովհետեւ էս պահին երկու հազար իննի աշունն է, եւ Հայաստանում վերստին ներքաղաքական որոշ լարվածություն կա, որովհետեւ ապրելն ավելի ու ավելի է դժվարացել, եւ ֆինանսական ճգնաժամը մարդկանց տարբեր ձեւերով ու տարբեր չափերով է խեղդում, եւ հարուստները երջանիկ լինելու համար ավելի մեծ հարստություն են երազում, եւ բոմժերը եւս մի շիշ արաղ են երազում՝ իրենց երջանկությունը երկարաձգելու համար, եւ մնացածներս մարդավայել ու բարեկեցիկ կյանք ենք երազում, եւ միակ բանը՝ որ չենք երազում, վերստին ազատությունն է, ինչպես նաեւ՝ հայ-թուրքական նորմալ հարաբերությունները, մինչդեռ իշխանությունները հայ-թուրքական նորմալ հարաբերություններ են խոստանում, իսկ ընդդիմությունը՝ ազատություն, եւ մենք վերստին ընդդիմությանն ենք ուշադիր լսում, որովհետեւ ազատությունը մեկի համար փող է, մյուսի համար՝ մի բաժակ շողշողուն օղի, իսկ մնացածների համար՝ մարդավայել ու բարեկեցիկ կյանք, եւ մարդավայել ու բարեկեցիկ կյանքը լիասիրտ ժպտում է հատկապես նրանց՝ ովքեր ամեն քայլափոխի տեսնում ու սիրում են իրենց փայ կյանքը, ընդ որում՝ իրենց ողջ հոգով ու սրտով են սիրում իրենց փայ կյանքը, ընդ որում՝ ոչ թե իրենց են կյանքի մեջ սիրում, այլ կյանքը՝ իրենց մեջ, ընդ որում՝ ոչ թե իրենք իրենց վրա են դողում, այլ միայն ու միայն՝ իրենց կյանքի, ընդ որում՝ ամեն րոպե ու ամեն վայրկյան են դողում, եւ սրանց էդ մշտական դողը միանգամայն տեսանելի է նույնիսկ անզեն աչքով նայողներիս, որովհետեւ սրանց էդ մշտական դողը մշտապես ցողված է ժպիտով ու ծիծաղով, ընդ որում՝ իրենց էդ մշտական ժպիտն ու ծիծաղը մշտապես կյանքին են ուղղված, եւ քանի որ մեր ու իրենց էս կյանքում ամեն ինչ փոխադարձ է, կյանքն էլ փոխադարձաբար ու մշտապես իրենց է ժպտում՝ անկախ սոցիալական վիճակներից ու հանգամանքներից. այսինքն, էս կյանքով անմնացորդ ապրողների ու էս կյանքին մշտապես ժպտացողների մեջ ե՛ւ բոմժեր կան, ե՛ւ հարուստներ ու մարդավայել կյանքով ապրողներ, ինչպես նաեւ՝ մարդավայել ու բարեկեցիկ կյանք փափագողներ. այսինքն, էս կյանքը լիարժեք ապրողները մարդկային բացառիկ տեսակ են՝ անկախ իրենց սոցիալական վիճակից ու դասակարգային պատկանելությունից, եւ չնայած էս բաների մասին էսքան հանգամանալից ու մանրամասն եմ գրում, եւ չնայած էս նրբություններն էսքան խորությամբ եմ հասկանում ու ըմբռնում, այդուհանդերձ, չեմ կարողանում իմ փայ կյանքով տեւականորեն ուրախանալ՝ ոչ միայն էն պատճառով, որ խանգարիչ հանգամանքներն անթիվ ու անհամար են, այլեւ էն պատճառով, որ էդ անթիվ ու անհամար հանգամանքներին շարունակաբար պարտվելով՝ արդեն վերջնականապես էդ անթիվ ու անհամար հանգամանքների խեղճուկրակ գերին եմ դառել, եւ սա ճակատագիր է, եւ չնայած երբեւէ ճակատագրապաշտ չեմ եղել, իմ վերաբերյալ ահա ճակատագիր բառն եմ վերստին օգտագործում, որովհետեւ ասացողի ու էպոսագրի էս առաքելությունն ու պարտավորությունն ստանձնելով՝ ոչ մի կերպ չեմ կարողանում երեւույթները բնորոշող ճշգրիտ ու միակ բառերը գտնել, քանզի ճշգրիտ ու միակ բառերը գտնելու համար էպոսագիր ու արձակագիր լինելն ամենեւին էլ բավարար պայման չէ. պիտի անպայման էս կյանքով բերնեբերան լեցուն ու էս կյանքով երջանիկ լինես՝ անկախ քո հանդեպ էս կյանքի բարեհաճությունից, քանզի ճշգրիտ բառերն ու մնացած ամեն ինչն անվարձահատույց տրվում են միայն էս կյանքով անհատույց ուրախացողներին ու գոհացողներին, որովհետեւ առանձնապես մեծ խելք հարկավոր չի՝ իմանալու ու հասկանալու համար, որ ընդամենը երջանիկ պատահականության շնորհիվ ենք էս կյանքում հայտնվել ու առ էսօր գտնվում, եւ եթե էս հանգամանքն ամեն րոպե ու ամեն վայրկյան չես գիտակցում, ուրեմն՝ իսկապես ապերջանիկ ես, եւ եթե գիտակցելով հանդերձ էս ամենից չես գոհանում, ուրեմն՝ երիցս ես ապերջանիկ, որովհետեւ էս կյանքում չհայտնվելուդ ու չգտնվելուդ տարբերակները միլիարդավոր են եղել, մինչդեռ հայտնվելուդ ու լինելուդ տարբերակն ընդամենը մեկն է եղել, եւ այդ մեկը դու ես, եւ էս պարզ ու հասարակ բանն ամեն րոպե ու ամեն վայրկյան մոռանալու համար ահագին ջանք էր հարկավոր գործադրել, մինչդեռ մենք ոչ միայն առանց առանձնակի ջանքերի ու հեշտությամբ ենք մոռանում, այլեւ ամեն րոպե ու ամեն վայրկյան ենք մոռանում, ընդ որում՝ ոչ միայն էս կյանքով լիարժեք չուրախացողներս ենք մոռանում, այլեւ՝ լիարժեք ու լիասիրտ ուրախացողները, ու ես էս պահին հիշեցնող եմ աշխատում եւ իբրեւ էպոսագիր բոլորիդ ու բոլորիս հիշեցնում եմ, որ եթե մի գեղեցիկ օր մեր ծնողները պատահաբար իրար չհանդիպեին, մենք ոչ միայն չէինք ծնվի ու չէինք առաջանա, այլեւ երբեւէ չէինք իմանա, որ ժողովուրդներից ամենաքաղաքակիրթները սովորաբար էպոս են ունենում, ու նաեւ չէինք իմանա, որ որոշ ընտրյալ ազգեր կարող են մեկից ավելի էպոսներ ունենալ, իսկ ընտրյալներից ամենաընտրյալները՝ նույնիսկ անհատականացված էպոսներ, եւ որպես անհատականացված էպոսներից մեկի համահեղինակ՝ պարտավորված եմ զգում այսուհետ ձեզ ու բոլորիս պարբերաբար հիշեցնել, որ մենք ոչ թե պարզապես մեր ծնողների պատահական հանդիպման ծնունդն ենք, այլ՝ կոնկրետ մեր ծնողների կոնկրետ օրվա ու կոնկրետ պահի պատահական հանդիպման ծնունդ, եւ եթե մեր ծնողների կոնկրետ օրվա ու կոնկրետ պահի էդ բացառիկ առերեսումները չլինեին, անձամբ դուք ու անձամբ ձեր խոնարհ ծառան երբեւէ չէինք գոյանա ու առաջանա, ավելի ճիշտ՝ մեր փոխարեն միանգամայն այլք կգոյանային ու կառաջանային՝ նմանապես նույն մեր ծնողներից ու նմանապես՝ Աստծո պատկերով ու նմանությամբ, եւ էս ասածս Աստծո գոյության ու արարչագործության իրողությանն ամենեւին էլ չի հակասում. ավելին. եթե Աստված մեզանից առաջ նախ մեր ծնողներին չառաջացներ, հետո նույնիսկ Ինքը չէր կարողանալու մեր իսկ ծնողներին իրար ընդառաջ բերելով՝ նաեւ մեզ առաջացնել, եւ եթե Աստված իմ հորական կողմին Իգդիրից ու իմ մորական կողմին Վանից չգաղթեցներ եւ Երեւանում ու Մետաքսում չվերաբնակեցներ, էս անհատականացված էպոսի համահեղինակը հաստատ երեւան չէր գալու ու չէր առաջանալու, եւ ինձ էս անհատականացված էպոսի ընդամենը համահեղինակ եմ անվանում ոչ թե համեստությունից, այլ խորապես հասկանալով ու ըմբռնելով, որ էս ամենի գլխավոր ու հիմնական հեղինակը ոչ թե նվաստս է, այլ միայն ու միայն՝ Աստված, եւ եթե լեզվի սայթաքման պատճառով ինձ համահեղինակ անվանեցի, դա ոչ թե համեստության արդյունք էր, այլ՝ ահավոր մեծամտության, կամ, ավելի ճիշտ, տկարամտության, որովհետեւ առանձնապես մեծ խելք հարկավոր չի՝ հասկանալու համար, որ Աստծո հետ համահեղինակության կարող էին հավակնել միայն ու միայն մեր ծնողները, եթե, իհարկե, իմ չափ հավակնոտություն հանդես բերեին, եւ եթե նույնիսկ հանդես էլ բերեին, երեւի կպատկերացնեին, որ իրենք Աստծո հետ համահեղինակ կարող են լինել ընդամենն իրենց զավակների գոյության ու լինելիության մասով, եւ երբ էդ ամենի մեջ ավելի ու ավելի խորանալով՝ փորձում եմ էդ ամենը հասկանալ, ահավոր ու սահմռկեցուցիչ եզրակացությունների եմ հանգում, եւ պարզվում է, որ եթե իմ մորական կողմը տասնհինգ թվականին Վանից Երեւան ու Մետաքս գաղթած չլիներ, եւ եթե հորական կողմս էլ նախ տասնհինգին եւ ապա տասնութին Իգդիրից Երեւան ու Մետաքս գաղթած չլիներ, հիսուներկուսին Մետաքսում հայրս ու մայրս իրար չէին գտնի, եւ քույրս ու ես էլ էս աշխարհ չէինք գա ու երբեւէ չէինք իմանա, որ, ամեն ինչից բացի, նաեւ երկրային կյանք գոյություն ունի. էլ չեմ ասում, որ եթե իմ մորական պապ Մեսրոպն իր եղբայր Սահակի հետ տասնհինգին Վանից գաղթելով՝ ոչ թե Երեւանում ու Մետաքսում տնավորվեր, այլ իր ավագ եղբայր Սահակի հորդորներին անսալով՝ ավագ եղբոր հետ Աբխազիա ու Օչեմչիր բնավորվեր, էդ դեպքում ոչ միայն քույրս ու ես լույսաշխարհ չէինք գա, այլեւ քսանինը թվականին՝ մայրս, որովհետեւ Օչեմչիրում հանգրվանելով՝ Մեսրոպը, բնականաբար, մորս մորը չէր հանդիպելու, ու էդ դեպքում իգդիրցիք ինչքան էլ տասնհինգ թվականին Երեւան գաղթեին ու հետո վերստին Իգդիր վերադառնալով՝ տասնութին վերստին Երեւան ու Մետաքս գաղթեին, մորս իբրեւ հարս չէին ունենալու, ու վերստին քույրս ու ես էս աշխարհում հայտնվելու շանս չէինք ունենալու:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ