Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՌԱՑՎԵԼ Է ՀԱՆԻՐԱՎԻ

Հունվար 22,2011 00:00

\"\"Ուսումնասիրություններ կատարելով Հայաստանի ազգային արխիվում, գրել եմ գրքեր՝ «Նոյեմբերյանցիների նախնիները 19-րդ դարում» (գիրք 1 եւ 2): 1886 թ. ցարական աշխարհագրի Բարանա (ներկայումս՝ քաղաք Նոյեմբերյան) գյուղի ծխական նկարագրության (ՀԱԱ, ֆ. 93, ց. 1, գ. 215) 1 հերթական համարի ծխի գլուխը գրանցված էր քահանա տեր Վարդան Տեր-Ավետիսով: Ծխում բնակվել են 7 շնչով, գրառված էր նաեւ, որ Վարդանի 11 տարեկան որդի Սմբատը սովորում է հոգեւոր սեմինարիայում: Հետաքրքրություն առաջացավ, թե ի՞նչ սեմինարիայում է սովորել այդ մանուկը: Զրուցեցի Նոյեմբերյան քաղաքում բնակվող ծերունիների ու տարեցների հետ, նրանք ոչինչ չկարողացան ասել նույնիսկ քահանա տեր Վարդանի մասին:
Երջանկահիշատակ Իգնատ Մամյանը 2007 թ. գրել էր «Երկիր ծննդավայր» գիրքը իր ծննդավայր Նոյեմբերյանի ու նրա մարդկանց մասին, համոզվելով, որ այնտեղ կգտնեմ ինձ հետաքրքրող հարցի պատասխանը՝ այն կարդացի, բայց այստեղ էլ ոչինչ չհայտնաբերեցի:
Փնտրումներ սկսեցի ՀՍ հանրագիտարանի հատորներում: 11-րդ հատորում գտա Սմբատ Տեր-Ավետիսյանի կենսագրությունը, որն էլ տպագրեցի 1-ին գրքիս 80-րդ էջում:
Գրքի տպագրությունից (2009 թ.) հետո դարձյալ չէի դադարում մտածել այդ մեծանուն գիտնականի մասին: Որոշեցի ուսումնասիրություններ կատարել ՀԱԱ-ում՝ 312 ֆոնդի ցուցակ 1 եւ 2-ում, 44 ու 1450 գործերից պարզվեց, որ Ս. Տեր-Ավետիսյանի հանրագիտարանային կենսագրականում կան անճշտություններ՝ չէր գրված, որ նա 1886-1894 թթ. վերջացրել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, Կիեւի համալսարանը, Ներսիսյան դպրոցում եւ Գեւորգյան ճեմարանում եղել է ձրիավարժ աշակերտ, գովելի վարքի եւ առաջադիմության համար ստացել է հատուկ վկայագիր, նաեւ՝ Կիեւում եւ Սանկտ Պետերբուրգում ուսանելու տարիներին ճեմարանի վարչությունը յուրաքանչյուր ամիս կանոնավոր թոշակ է ուղարկել Ս. Տեր-Ավետիսյանին:
Ս. Տեր-Ավետիսյանը բարձր գիտելիքներով եւ առաջին կարգի դիպլոմով 1904 թ. ավարտում է Սանկտ Պետերբուրգի համալսարանը՝ «իր ժամանակի ամեն կարգի իրավունքներով»: Համալսարանում ուսանելու տարիներին աշակերտելով մեծանուն գիտնականներին, ուսումնասիրել է եբրայերեն, արաբերեն, ասորերեն, իր գիտելիքները առանձնապես խորացրել է պարսկերենի եւ վրացերենի բնագավառում: 1902 թ.-ից աշակերտել է Ն. Մառին, իսկ հետագայում էլ միշտ եղել է նրա օգնականը. մինչեւ 1934 թ. (նրա մահը):
Հնագետ, պատմաբան, աղբյուրագետ-վիմագրագետ Սմբատ Տեր-Ավետիսյանի կատարած աշխատանքները բարձր գնահատականի են արժանացել Ն. Մառի կողմից՝ նրան դասելով մեծանուն գիտնականների շարքում:
ՀՀ ԳԱԱ հնագիտության ու ազգագրության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ եւ Արամ Քալանթարյանի խմբագրությամբ լույս է տեսել «Հայագիտական հետազոտություններ» (հատոր 6) ծավալուն աշխատությունը, որը ամբողջությամբ նվիրված է Ս. Տեր-Ավետիսյանին եւ պարզաբանում է մեծանուն գիտնականի գիտական գործունեությունը՝ այն շատ ուսուցողական ու օգտակար է մշակույթի հարցերով զբաղվողների եւ ընթերցասերների համար:
Ս.  Տեր-Ավետիսյանի բոլոր գիտական հետազոտությունների արդյունքների հայտնաբերվելու դեպքում կգրվեր եւս այսպիսի մեկ հատոր:
Կարծում եմ, արդար կլինի, եթե Սմբատ Վարդանի Տեր-Ավետիսյանի ծննդավայր Նոյեմբերյան քաղաքում բացվի երկրագիտական թանգարան, որտեղ կարելի է հավաքել բնակավայրի հոգեւոր ու նյութական մշակույթի նմուշներ, ցուցադրել գրքում առկա արխիվային հարուստ փաստաթղթերը եւ եթե գտնվեն տոհմակիցներ՝ նյութեր հավաքել նաեւ նրանցից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել