ԱՄՆ-ում՝ Պարկ Սիթի ավանում հունվարի 20-ից մեկնարկել է «Սանդանս» (Sundance) ամենամյա հեղինակավոր կինոփառատոնը, հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն:
Փառատոնի ընթացքում ցուցադրելու են 28 երկրների ներկայացրած 115 կինոնկարներ, այդ թվում՝ ամերիկացի Բրեյդեն Քինգի «Այստեղ» (Here) ֆիլմը: Ռեժիսորի փոխանցմամբ՝ մրցույթին ամերիկյան դրամատիկ ֆիլմերի անվանակարգում մասնակցող ժապավենը ամբողջությամբ նկարահանված է Հայաստանում: Ֆիլմի հերոսը՝ քարտեզագիր Ուիլ Շեֆարդը, հետազոտություններ է անցկացնում Հայաստանում, նպատակը արբանյակային նկարահանումների միջոցով նոր՝ առավել ճշգրիտ քարտեզ կազմելն է: Մի առավոտ գավառական հյուրանոցում Ուիլը հանդիպում է ծագումով հայ լուսանկարիչ Կատարինե Նաջարյանին, ով երկար տարիներ ապրել է Կանադայում եւ Եվրոպայում: Զույգը որոշում է մեքենայով կտրել-անցնել Հայաստանը, ճանապարհին ծնվում են դրամատիկ անձնական հարաբերություններ: Ուիլը եւ Կատարինեն Լոռիից Սյունիք՝ ընդհուպ մինչեւ Իրանի սահման եւ Լեռնային Ղարաբաղ ճամփորդության ընթացքում զարմանալի բնապատկերներ են տեսնում, չափագրում եւ լուսանկարում են: Ուիլը իր համար այդ օտար երկրում անընդհատ հանդիպում է իր քարտեզագրությանը խոչընդոտող հանգամանքների: Մինչդեռ Կատարինեն ուղեւորության ընթացքում փորձում է հասկանալ իր կապը վերագտած հայրենիքի հետ: «Սանդանս» փառատոնը կավարտվի հունվարի 30-ին: