Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Հունվար 22,2011 00:00

\"\"Արդեն 4 տարի է, որ Հրանտը չկա… եւ իր բացակայության այս հսկայական ժամանակահատվածում թե՛ Թուրքիայում, որի քաղաքացին էր Հրանտը, եւ թե՛ իր հայրենիք Հայաստանում մարդու պատիվն ու արժանապատվությունը հարգող, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության ստեղծմանը նպաստող իշխանություններ եւս չկան: Դժբախտաբա՛ր:

Արդարության, արդարադատության պակասը երկու պետություններում ապրող ազգաբնակչությունների համար էլ լրջագույն խնդիրներից են, եւ պետական կառավարման ոչ ժողովրդավար իշխանությունները շարունակում են իրենց գոյությունը հասարակությունների տարատեսակ պահանջներին անհաղորդ մնալու, անընդունելի վարքագիծ պարտադրելու գնով:
Եթե Հայաստանի սովորական քաղաքացին փորձում է իր գոյատեւման խնդրի լուծումը ծնած-մեծացած երկրից մշտապես արտագաղթելու մեջ տեսնելու հուսահատ «վերջին քայլով» պայմանավորել, ու եթե նման մարդկանց թվաքանակը տասնյակ հազարների է հասնում, ապա նույնը շատ ավելի մեծաքանակ տեսքով տեղի է ունենում մեր հարեւանների մոտ:
Եթե այնտեղ գաղափարներ արտահայտելու համար լրագրողներ են բանտարկվում, ապա մեզ մոտ եւս կրկնում են նույնը, որպեսզի «հասնեն ու ետ չմնան» իրենց քաղաքակրթության ողորմելի մակարդակից… իջնելով եւ հավասարվելով նրանց:
Ինչպես այնտեղ են իշխանությունները կոծկում Հրանտի եւ այլ հարյուրավոր քաղաքական սպանությունների բացահայտման գործը եւ փորձում «հանուն պետական շահերի» կատարված ոճրագործությունները պարտակել, մեր երկրում եւս բազմաթիվ քաղաքական սպանություններ չեն բացահայտվում, այդ թվում եւ դրանցից ամենավերջինի՝ 2008թ. մարտի 1-ի 10 անմեղ զոհերի մեղավորներին «հայտնաբերելու» համար պետական ապարատը մատը մատին չի խփում:
Նրանք եւ նրանց դատախազությունը, ոստիկանությունը, հատուկ ծառայությունները ու, ամենակարեւորը՝ դատարանները, մեր ունեցածից գրեթե ոչնչով չեն տարբերվում, եթե հաշվի չառնենք, անշուշտ, որ նրանց ազգանունները, ի տարբերություն մերի, ոչ թե …«յան»-ով, այլ …«օղլի»-ով են վերջանում:
Նրանց վրա էլ եվրոպական տարբեր կառույցներից, ինչ-ինչ ֆրանսիացիներ, անգլիացիներ, շվեդեր եւ այլ քաղաքակիրթ երկրներից ներկայացուցիչներ մատ են թափ տալիս ու «պահանջում, որպեսզի եվրոպական համամարդկային արժեքներն ընդունեն եւ օրենքի, իրավունքի առաջ բոլոր քաղաքացիների հավասարությունը ապահովող պետություններ դառնան», սակայն, բնականաբար, ինչպես մեր, այդպես էլ մեր հարեւանների մոտ առավելագույնս զարգացել է «շուստրիությամբ դիմացինին ֆռռացնելու արվեստը», եւ շարունակում ենք «վայելել» նման իշխանությունների գոյությունը մեր երկրներում:
Հրանտն իր խմբագրած «Ակոս» շաբաթաթերթում լույս տեսած իր վերջին խմբագրաւկանում շատ դիպուկ է արտահայտել վերոնշյալ նմանությունները իր կյանքին սպառնացող լուրջ վտանգի պայմաններում, իսկ Թուրքիայից Հայաստան ներգաղթելու մտքից ինքնահրաժարման պատճառները ցավով խոստովանել. «Շատ լավ, բայց եթե երթայինք, ապա ո՞ւր պիտի երթայինք: Հայաստանի Հանրապետությո՞ւն: Ինձ պես մեկը, որ չի կարող անարդարության դիմանալ, որքանո՞վ կարող էր դիմանալ այդտեղի անարդարություններին: Այդտեղ ավելի մեծ խնդիրներ պիտի չդիմագրավեի՞, արդյոք»: Մեկ նախադասություն ահա, ուր ամեն ինչ ասված է, կարծում եմ, եւ հատկապես «ետմահու» պետք է թողնել այդ առանց մեկնաբանության, բայց մեզնից յուրաքանչյուրին հորդորում եմ ասվածի ճշմարտացիության շուրջ լրջորեն մտածել անպայման, այլապես դժվար կլինի «յան» ազգանունով հայերին …«օղլի» ազգանունով թուրքերի մեջ ապրելով, ճիշտ իրենց բաժին հանդիսացող իշխանությունների՝ մերոնցից չտարբերվող նմանությունների սարսափելի պատկերը տեսնելն ու ընկալելը:
Հրանտն արդեն 4 տարի մեզ հետ չէ, եւ նրա անկատար երազանքների համամարդկային էությունն ու դրանց իրականացման առթիվ իմ պահպանած հավատքը ինձ հանգիստ չեն տալիս մտածելու, թե ինչո՞ւ մեր պետությունը այսքան նման է թուրքական պետության, եւ ի՞նչ պետք է անել համամարդկային արժեքներով ապրող հասարակության ստեղծման համար, ինչպե՞ս է պետք պայքարել՝ առանց իմ գտնված վայրում հայտնվելու կամ էլ ավելի վատը՝ փողոցում խաղաղ կանգնած վիճակում դիմահար կրակոցից սպանվելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել