Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՄԵԾԱՆՈՒՄ ԵՆ, ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ՝ ՆՈՒՅՆՊԵՍ

Հունվար 22,2011 00:00

\"\"Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի համար նոր մրցաշրջանը պաշտոնապես մեկնարկում է հունվարի 25-ին՝ ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտի հանրապետության առաջնություններով: 2011 թվականը կարեւորվում է նաեւ նրանով, որ այս տարվանից մեկնարկում են օլիմպիական վարկանիշային մրցաշարերը,
որտեղ մեր ըմբիշները պայքարելու են Լոնդոնի ուղեգրեր նվաճելու համար:

Կատարած աշխատանքների եւ 2011-ին նախանշած ծրագրերի շուրջ «Առավոտը» զրուցեց ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Հովհաննես Սոֆոյանի հետ:
– Պարոն Սոֆոյան, անցած տարի մեր ըմբիշները միջազգային ասպարեզներում ունեցան նշանակալի ձեռքբերումներ, ցավոք, նաեւ՝ ձախողումներ: Կարո՞ղ եք հակիրճ ամփոփել 2010 թվականի արդյունքները:
– Հունահռոմեական ոճում, իրոք, պատկառելի արդյունքներ ունեցանք. աշխարհի մեծահասակների առաջնությունում՝ 2 արծաթ եւ 1 բրոնզ, աշխարհի երիտասարդների առաջնությունում՝ 1 ոսկի եւ 1 երրորդ մրցանակակիր, Եվրոպայի երիտասարդականում՝ 1 արծաթ եւ 2 բրոնզ, Եվրոպայի պատանեկանում՝ 3 արծաթ եւ 2 բրոնզ, աշխարհի գավաթի խաղարկությունում՝ թիմային երրորդ տեղ: Իսկ մեր երեք ըմբիշներ՝ Ռոման Ամոյանը, Արսեն Ջուլֆալակյանը եւ Յուրի Պատրիկեեւը շահեցին անցկացրած բոլոր չորս գոտեմարտերը եւ, չնայած հիմա աշխարհի գավաթում անհատական հաշվարկ չի անցկացվում, ըստ էության, նրանք առաջինը դարձան իրենց քաշային կարգերում: Ընդ որում, Հայաստանը միակն էր, որի թիմի միանգամից երեք ներկայացուցիչներ միայն հաղթանակներ տոնեցին: Նվաճած մեդալների քանակը կարող էր ավելի լինել, եթե Եվրոպայի մեծահասակների առաջնությունը Բաքվում չանցկացվեր, ուր մեր տղաները չմեկնեցին: Եվ մի բան էլ: Այն, որ 2010-ի տասը լավագույն մարզիկներից երեքը ըմբիշ են, արդեն իսկ կատարված աշխատանքի գնահատում է:
Ցավոք, մեր ազատ ոճայիններն անցած տարի մարզասերներին ուրախանալու այսպիսի առիթներ չընձեռեցին, չնայած նրանք էլ Սինգապուրի պատանեկան անդրանիկ օլիմպիական խաղերում մեկ բրոնզե մեդալ նվաճեցին:: Բայց դա չի նշանակում, թե այնտեղ ամեն բան կորած է: Հայաստանն ունի հարուստ ավանդույթներ, տվել է հանրահայտ մարզիկներ: Սպորտն այսպիսին է. վերելքներն ու անկումները հաջորդում են միմյանց: Ֆեդերացիայում լուրջ քննարկումներ են կազմակերպվել, մշակվել հստակ ծրագրեր: Մասնավորապես, բոլոր տարիքային խմբերի հավաքականների մարզիչներին ներկայացվել են վերլուծությունների արդյունքում նրանց աշխատանքում տեղ գտած թերությունները եւ հանձնարարվել վերացնել դրանք: Բացի դա, ֆեդերացիան  այս տարի ավելացրել է ընդհանուր ծախսերի ծավալները՝ հատկապես ազատ ոճի պատանեկան ու երիտասարդական հավաքականների ուսումնամարզական հավաքների ու միջազգային մրցումների մասնակցության  ցանկն ընդլայնելու նպատակով լրացուցիչ միջոցներ հատկացնելով: Վստահ ենք, որ արդյունքներն իրենց շատ երկար սպասեցնել չեն տա:
– Ի՞նչ գումարների մասին է խոսքը:
– Հայտնի է, որ ֆեդերացիաներին պետբյուջեից տրամադրվող տարեկան աջակցության գումարները մարզաձեւ պահպանելուն, զարգացնելուն, ընդհանուր քաղաքականություն մշակելուն եւ իրականացնելուն չեն բավականացնում: Առավել եւս՝ մեզանում ըմբշամարտի նման առաջատար մարզաձեւին: Դրա համար էլ մեր ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը ոչինչ չի խնայում Հայաստանում բարձրակարգ ըմբիշներ աճեցնելու եւ միջազգային ամենաբարձր կարգի մրցումներում Հայաստանի դրոշը բարձրացնելու եւ օրհներգը հնչեցնելու համար: Օրինակ, անցած տարի նա մարզաձեւին իր միջոցներից հատկացրել է մոտ $1,7 մլն: Այս տարի գումարը կավելանա շուրջ $200 հազարով՝ կապված ՖԻԼԱ-ի անդամավճարների գումարի թանկացման, ինչպես նաեւ արդեն նշածս ուսումնամարզական հավաքների ավելացման ու միջազգային ֆեդերացիայի տարեկան միջոցառումների պլան՝ պատանիների աշխարհի առաջնություն մտցնելու հետ, որին մասնակցելը մենք պարտադիր եւ օգտակար ենք համարում: Ինքներդ դատեք. պարոն Կարապետյանը ամեն ամիս 211 ըմբիշի 30 հազարից մինչեւ 600 հազար դրամ թոշակ է տալիս: Եվ մի բան էլ: Մեծահասակների հավաքականներում ըմբիշներ կան, որոնց համար  ընդհանուր հավաքների ժամանակ մարզիչները տվյալ քաշային կարգում գոնե մեկ մոտավորապես հավասար մրցակից չեն գտնում: Օրինակ, Յուրի Պատրիկեեւը՝ հունահռոմեական, եւ Ենոքյան եղբայրները՝ ազատ ոճում: Դրա համար ֆեդերացիան նախագահի առաջարկով կամ նրանց գործուղում է այլ երկրներ, կամ դրսից մարզումային մրցակից հրավիրում, որը եւս քիչ գումար չի կազմում:
– Պարոն Կարապետյանը տարվա մեծ մասը Հայաստանում չէ: Նա, որ մեծ գումարներ է տրամադրում, տեղյա՞կ է, թե դրանք որտեղ եւ ինչպես են ծախսվում:
– Ոչ միայն տեղյակ է, այլեւ՝ ծանոթ բոլոր մանրամասներին, ամեն մի անցուդարձի: Թող այնպիսի տպավորություն չստեղծվի, թե պարոն Կարապետյանը դրամի մի մեծ պարկ ունի, որից ինչքան էլ հանես, առատության եղջյուրի պես երբեք չի սպառվի: Նա ֆեդերացիա հավաքագրել է մասնագետների, որոնց վստահում է: Մենք կազմում ենք ծրագրեր, դրանք ներկայացնում իրեն: Նա էլ ծանոթանում է ու ֆինանսավորում ոչ թե առանձին մարդկանց, այլ՝ այդ ծրագրերը: Իսկ եթե ընթացքում նոր հարցեր են ծագում, անձամբ ես եմ նրան անմիջապես տեղյակ պահում:
– Մեր զրույցը պտտվում է հավաքականների եւ մեդալների շուրջ: Բայց եկեք չմոռանանք նաեւ մարզերը, որտեղ, անկասկած, շնորհալի ու հեռանկարային պատանիներ ու երիտասարդներ կան, որոնք, գուցե, կորչում են:
– Միանգամայն համաձայն եմ հարցադրմանը: Ֆեդերացիան այդ հարցում էլ նախանձախնդիր է: Բայց  մարզերում ու քաղաքներում մենք տեղական ինքնակառավարման մարմինների լուրջ աջակցության կարիքն ունենք: Նրանք պետք է պատշաճ ուշադրություն դարձնեն տեղերում սպորտի, այդ թվում՝ նաեւ ըմբշամարտի, զարգացմանը, ապահովեն համապատասխան բազաներ, պահեն մարզիչներ եւ նրանց հնարավորին չափ պատշաճ վարձատրեն: Եվ եթե ֆեդերացիան համոզվի, որ մոտեցումը լուրջ է, անհրաժեշտության դեպում, չկասկածեք, եղած հնարավորությունների սահմաններում նման նախաձեռնություններին սատար կկանգնի:
– Վարկանիշային ի՞նչ մրցումներ կան առջեւում:
– 2011 թվականին Ստամբուլում կայանալիք աշխարհի առաջնությունը, որտեղ օլիմպիական վարկանիշ տալիս են 1-6-րդ տեղերը: Եկող տարի գարնանը կազմակերպվելու է եւս երեք վարկանիշային մրցաշար, մեկը Եվրոպայի համար, երկուսը՝ աշխարհի մասշտաբով:
– Լոնդոնում քանի՞ մասնակից կունենանք:
– Գուշակություններ անել պետք չէ: Մանավանդ որ, մեր մարզաձեւում պատասխանատու անձի արտահայտած թեկուզ ցանկությունը հետագայում ենթակա է դառնում պարտադիր կատարման: Համենայնդեպս, մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի ըմբշամարտի երկու ոճերը միասին Հայաստանի օլիմպիական հավաքականում ունենան առնվազն ութ ներկայացուցիչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել