Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը չինովնիկներին գրոտեսկով ներկայացնելու ցանկություն չունի
Երեկ «Տեսակետ» ակումբում առաջիկա պլանների եւ նախորդ տարի ունեցած հաջողությունների մասին խոսեց Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Վերջինս լրագրողներին տեղեկացրեց, որ 2010-ին թատրոնը ունեցել է մի շարք պրեմիերաներ, մասնակցել է հեղինակավոր միջազգային թատերական փառատոների:
Ըստ Ռ. Բաբայանի, իրենց «Ամպից պոկված հեքիաթ» ներկայացումը մասնակցել է երեք միջազգային թատերական փառատոների, այդ թվում՝ Մոսկվայում «Ոսկե դիմակ» փառատոնի շրջանակներում «Դիմակ պլյուս» ծրագրին: Նույն ներկայացումը արժանացել է պատվավոր մրցանակների՝ Պլովդիվում, Եկատերինբուրգում:
Այս տարի «Դիմակ պլյուս» ծրագրին թատրոնը կներկայանա Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումով: Հիշեցնենք, որ վերոնշյալ ներկայացումը հաջողություն է գրանցել տեղական փառատոների ընթացքում:
Գեղարվեստական ղեկավարը տեղեկացրեց, որ աշխատանքներ են տարվում «Աբու Հասանի մաշիկներ», «Շունն ու կատուն» ներկայացումները վերաբեմադրելու ուղղությամբ: Կվերականգնվի նաեւ շատերի կողմից սիրված «Թզուկի երգը»:
Պարոն Բաբայանը հունվարի 26-ին էլ հրավիրեց հերթական պրեմիերայի: Թատրոնի երիտասարդ դերասանուհի, բեմադրիչ Զառա Անտոնյանը բեմադրել է ներկայացում՝ ըստ Մարկեսի, կոչվում է «Թեւավորը»: Այն, ըստ Ռ. Բաբայանի, բավական հաջող է ստացվել:
Բաբայանը թատրոնի խնդիրներից էլ խոսեց, սակայն մինչ խոսելը ասաց, որ ինքը «լացող» մարդկանց դասին չի պատկանում: Խնդիրներից մեկը աբոնեմենտների եւ տոմսերի վաճառքը դպրոցներում արգելելն է: Ռ. Բաբայանը շեշտում է. «Յուրաքանչյուր նորանշանակ չինովնիկ սկսում է աշխատանքները տոմսերն արգելելով: Անցյալ տարի այս «արգելքը» շատ խիստ գործեց, որի արդյունքում, բարեբախտաբար, թատրոնը ֆինանսապես չի տուժել՝ թատրոնի տոմսարկղից տոմս գնող հանդիսականի թիվը մեծ է»: «Թատրոնը դպրոցներում տոմս վաճառելով որեւէ կոմերցիոն շահ չի հետապնդում: Այստեղ ավելի շատ բարոյական շահն է, որպեսզի ծնողները, անկախ իրենց ցանկությունից, հաճախակի թատրոն բերեն երեխային եւ չզրկեն այդ հաճույքից»,- ասաց Ռ. Բաբայանը:
Հարցին էլ՝ թատրոնը տեղական չինովնիկների մասին ներկայացում անել չի՞ պատրաստվում, Բաբայանը պատասխանեց. «Աշխարհում ընդունված ժանր է՝ քաղաքական գործիչների մասին ներկայացումներ բեմադրելը, սակայն յուրաքանչյուր թատրոն նախեւառաջ պետք է զբաղվի իր բուն գործով: Չի կարող մի տիկնիկային թատրոն տարբեր ժանրեր իր վրա վերցնել: Ինչ վերաբերում է այն հանգամանքին՝ ներկայացնել նրանց բեմադրության մեջ, այն էլ գրոտեսկով՝ անիմաստ բան է, քանի որ նրանցից շատերն արդեն իսկ գրոտեսկային են»: