Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ ՈՒ ՍԱԿԱՎԱԽՈՍ»

Հունվար 22,2011 00:00

\"\"Կոմպոզիտոր Ադամ Խուդոյանի հիշատակին

Արամ Խաչատրյան, Մստիսլավ Ռոստրոպովիչ, Գալինա Վիշնեւսկայա, Առնո Բաբաջանյան, Էդվարդ Միրզոյան, Արամ Սաթունց, Ալեքսանդրա Պախմուտովա, Ալեքսանդր Հարությունյան, Կարինե Գեորգիյան, Ժան-Ժակ Վերներ, Մեդեա Աբրահամյան, Ռաֆայել Մանգասարյան, Սուրեն Բագրատունի, Վահրամ Սարաջյան… Ճանաչված արվեստագետների շարքը կարելի է շարունակել, որոնց հետ ստեղծագործական ու բարեկամական կապեր է ունեցել անվանի կոմպոզիտոր Ադամ Խուդոյանը: Նա պատկանում է հայտնի մանկավարժ Վարդգես Տալյանի դպրոցն անցած, այնուհետեւ Մոսկվայում կատարելագործված տաղանդավոր կոմպոզիտորների թվին, որը հետագայում ստացավ «հայ հզոր հնգյակ» անվանումը (Առնո Բաբաջանյան, Էդ. Միրզոյան, Ալ. Հարությունյան, Ղ. Սարյան): Այս տարի լրանում է Ա. Խուդոյանի 90-ամյակը: Մեկ հոդվածի սահմաններում անհնար է ներկայացնել կոմպոզիտորի ոճի բոլոր առանձնահատկությունները, քանի որ դա պահանջում է վերլուծությունների ավելի ընդարձակ ներկայացում:
«Առավոտը» Խուդոյան կոմպոզիտորի մասին խոսք խնդրեց ոչ թե վաստակաշատ, այլ երիտասարդ երաժշտագետից, ով նույնիսկ չի տեսել նրան: Մեզ հետ զրույցը երաժշտագետ Զարեհ Ախիկյանը սկսեց այսպես. «Ազգային ակունքների հետ ամուր կապված Խուդոյանի երկերում ակնհայտ է արդիականությանը ակտիվորեն հաղորդակից լինելը, պրպտուն միտքը, նուրբ ճաշակը: Ստեղծագործական երկար ճանապարհ անցած կոմպոզիտորի ժառանգությունը դրսեւորում է նրա անհատական մոտեցումը ազգային ավանդույթների, լեզվի նկատմամբ գեղագիտական սկզբունքների ուրույն ընկալումը»: Մեր զրուցակիցը նշեց, որ Խուդոյանի արվեստը առանձնանում է յուրատեսակ խոհական բնույթով, հավելելով, որ այն ընկալվում է իբրեւ իրականությունը խորապես զգացող մարդու մենախոսություններ: Ռեպլիկին, թե կոմպոզիտորի երաժշտության կարեւորագույն հատկանիշներից է մեղեդայնությունը, Զ. Ախիկյանն ասաց. «Այ այստեղ առավել վառ է դրսեւորվել նրա տաղանդը: Ճկուն, արտահայտիչ թեմաները բազմաբնույթ են տարբեր ստեղծագործություններում, դրանց մեջ նշմարվում են թե ժողովրդական երգերի, թե միջնադարյան շարականների ու տաղերի ինտոնացիաներ: Հենց սրանով էլ պայմանավորված է Խուդոյանի երաժշտական լեզվի ազգային ոգին, հայեցի մտածողությանը հարազատ լինելը, չնայած նա իր ստեղծագործություններում ժողովրդական երաժշտությունից եւ միջնադարյան պրոֆեսիոնալ արվեստից վերցրած ամբողջական մեղեդիներ չի օգտագործել»:
Կոմպոզիտորը չի գրել երաժշտաբեմական երկեր (օպերա, բալետ) կամ կանտատ, օրատորիա, ուրեմն ո՞րն է նրա ստեղծագործությունների ժանրային շրջանակը, ինչն այսօր էլ գտնվում է թե կատարողների եւ թե ունկնդրի ուշադրության կենտրոնում: «Սիմֆոնիկ, կամերային-գործիքային, վոկալ-կամերային երաժշտության ասպարեզներում կոմպոզիտորը արժեքավոր նմուշներ է թողել: Հեղինակի առանցքային, կարելի է ասել՝ կիզակետային գործեր են համարվում առաջին հերթին հարազատ ու սիրված գործիքի՝ թավջութակի համար գրված երաժշտությունը, կվարտետները եւ այլն, վոկալ-կամերային ասպարեզում Չարենցի խոսքերով ստեղծված ռոմանսների շարքը, ինչպես նաեւ գործիքային մանրանվագները»,-հայտնեց Զ. Ախիկյանը:
Դիտարկմանը, թե երաժշտագետ, պրոֆեսոր Արմեն Բուդաղյանի բնորոշմամբ, Ա. Խուդոյանը ստեղծագործության մեջ կարող էր լինել կենտրոնացած ու սակավախոս, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իրոք, կոմպոզիտորի ընդհանուր առմամբ ոչ հսկայածավալ երկերը բովանդակալից են, հարուստ հույզերով ու մտորումներով, ինչը ներկայացվում է լակոնիկ ձեւով եւ տրամաբանված»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել