Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԹՆԻԿ ՉԵՉԵՆԸ ՄԻԵԴ-ՈՒՄ ՇԱՀԵԼ Է ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԸ

Հունվար 22,2011 00:00

Գրոզնիի բնակիչ Ահմեդ Գասիեւը Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ ռուսական պետությունից որպես փոխհատուցում կստանա  55 հազար եվրո: Ուսումնասիրելով գործի հանգամանքները, ՄԻԵԴ-ը Ռուսաստանին մեղավոր է ճանաչել  Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երեք հոդվածների՝ խոշտանգում եւ անմարդկային վերաբերմունք, ազատության եւ անձնական անձեռնմխելիության, նաեւ իրավական օգնություն ստանալու իրավունքի խախտման մեջ: Դատարանը հաստատել է, որ 2003-ի հոկտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 7-ին, ռուսական զորքերի համազգեստով եւ դիմակավորված անձինք Գասիեւին ուժի կիրառմամբ տարել են տնից եւ նրանից պահանջել չեչեն գրոհայինների եւ զենքի պահեստների մասին տեղեկություններ հայտնել: 
ՄԻԵԴ-ը հաստատված է համարել, որ Գասիեւին խոշտանգել են, սպառնացել են սպանել նրա ամբողջ ընտանիքին, ապա ազատ են արձակել՝ նրա հարազատներից մեկուկես հազար դոլար փրկագին ստանալուց հետո:
Հայցվորը դատարան էր ներկայացրել բժշկական տեղեկանքներ, ըստ որոնց՝ այդ դեպքից հետո իր ապրումների պատճառով նա դժվար է քայլել, տառապել է անքնությամբ եւ գլխապտույտով, կորցրել է հավասարակշռությունն ու հիշողության կարճատեւ կորուստ է ունեցել, ցավեր է ունեցել մարմնի տարբեր հատվածներում: ԵԴ-ն իր վճռում շեշտել է, որ ՌԴ իշխանություններն այդ գործով արդեն մի քանի տարի արդյունավետ  հետաքննություն չեն անցկացնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել