Ստամբուլում մեկնարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլը: Փորձագետները, սակայն, այդ հանդիպումից որեւէ լուրջ ճեղքում չեն ակնկալում:
BBC-ի փոխանցմամբ, բանակցությունները Իրանի եւ «վեցնյակի» երկրների՝ ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա եւ Չինաստան, նաեւ ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ, միջեւ մեկնարկել է ուրբաթ եւ կավարտվի շաբաթ օրը: Այդ հանդիպումը նախագահում է ԵՄ արտաքին քաղաքական հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:
Ըստ որոշ տեղեկությունների, իր ունեցած ուրանի մեծ մասից ձերբազատվելու համար Թեհրանին կառաջարկվի ուրանը փոխանակել վառելիքի հետ: Այդ առաջարկը, ի դեպ, նախկինում էլ բանակցությունների առարկա էր եղել: Այդ սցենարը ենթադրում է, որ Իրանը կհրաժարվի ցածր հարստացված ուրանի մի որոշակի քանակից, ինչի դիմաց միջազգային հանրությունը նրան Թեհրանում հետազոտական ռեակտորի համար վառելիք կտրամադրի: Առաջին անգամ այս առաջարկը հնչել է 2009թ. հոկտեմբերին, բայց այն այդպես էլ կյանքի չէր կոչվել: 2010-ի մայիսին համանման սխեմա Իրանին առաջարկել էին Բրազիլիան եւ Թուրքիան, բայց դա Արեւմուտքի հավանությանը չէր արժանացել: