Միացյալ Նահանգների Կոնգրեսում մեծամասնություն կազմող հանրապետականները Ռուսաստանի Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու եւ նրան առեւտրի համար առավել նպաստավոր կարգավիճակ տրամադրելու հարցը պետք է պայմանավորեն այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանությամբ, ընդդիմության նկատմամբ հետապնդումները դադարեցնելով եւ իր միջազգային պարտավորությունների կատարմամբ: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում այդպիսի հայտարարություն է արել օրակարգի հարցերով հանձնաժողովի նախագահ Դեւիդ Դրայերը: «Մենք չենք կարող լռել, երբ անպատիժ կերպով սպանում կամ դաժանաբար ծեծում են լրագրողներին եւ ակտիվիստներին, երբ բանտերում քաղաքական բանտարկյալներ կան:
Անցած տարի Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ կայացված նոր մեղադրական դատավճիռը վկայում է, որ միակ պատժելի հանցագործությունը ՌԴ-ում՝ Պուտինին ընդդիմություն լինելն է: Խոդորկովսկու դատավճռի հրապարակումից մի քանի օր հետո խաղաղ ցույցի մասնակցելու համար կալանավորվել է ընդդիմության առաջնորդ եւ նախկին վարչապետ Բորիս Նեմցովը: Նա ծանր հանցագործություն է գործել՝ պաշտպանելով սահմանադրական իրավունքներն ու դատապարտելով Խոդորկովսկու արհեստական դատավճիռը»,- ասված է ուրբաթ օրը կոնգրեսականի տարածած հայտարարության մեջ:
Կոնգրեսականի կարծիքով, Մոսկվայի հետ հարաբերություններում Միացյալ Նահանգները «պետք է սովորեն հավասարակշռել արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունն ու օրենքի կոպիտ խախտումների քննադատությունը: Դա հատկապես կարեւոր է ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության բանավեճերի համատեքստում»:
Ընդսմին, Կրեմլին մոտ կանգնած երիտասարդական «Մենք» շարժման ակտիվիստները ուրբաթ օրն ԱՄՆ-ի դեսպանությանն են փոխանցել ավելի վաղ Թրիումֆալնայա հրապարակում արտոնված հանրահավաքի ժամանակ ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանքով 15-օրյա կալանքի ենթարկված Բորիս Նեմցովի պաշտպանությամբ հանդես եկած հանրապետական Ջոն Մաքքեյնին եւ անկախ սենատոր Ջո Լիբերմանին հասցեագրված մի նամակ:
«Մենք» շարժման ակտիվիստները սենատորներին եւ ԱՄՆ պետքարտուղարությանը առաջարկել են վերջ տալ երկակի չափանիշների կիրառմանն ու պաշտպանել Ռուսաստանի «բոլոր մնացած մանր խուլիգաններին եւս»: