Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ԿՀԱՅՏԱՐԱՐԻ

Հունվար 22,2011 00:00

Թունիսի նոր կառավարությունը խոստացել է ճանաչել մինչ այս արգելված քաղաքական կազմակերպությունները, այդ թվում՝ մահմեդական, եւ համաներում հայտարարել քաղաքական բոլոր բանտարկյալներին ազատ արձակելու համար:
Նոր կառավարության ներկայացուցիչները մասնավորապես հաղորդել են մահմեդական «Էննահդա» շարժման գործունեության արգելքը չեղյալ համարելու մասին: Կառավարությունը նաեւ երկրում եռօրյա սուգ է հայտարարել՝ ուրբաթ օրը սկսված անկարգությունների ժամանակ տասնյակ մարդկանց զոհվելու առիթով:
Այդ մասին հայտարարվել է երկրի նախկին նախագահ Բեն Ալիի Սաուդյան Արաբիա փախչելուց գրեթե մեկ շաբաթ անց ձեւավորված նոր կառավարության նիստից անմիջապես հետո: Այդ մասին հաղորդում է BBC-ն:
Ընդսմին, հինգշաբթի օրը երկրում շարունակվել են բողոքի ակցիաները: Թունիս քաղաքում զորքերը նախազգուշական կրակ են  բացել ցուցարարների վրա, որոնք պահանջում էին պաշտոնանկ անել դեռեւս պաշտոններ ունեցող նախկին իշխող կուսակցության բոլոր անդամներին:
Երկրի մայրաքաղաքում բողոքի ցույց են արել նաեւ դատավորները, որոնք նոր իշխանություններին կոչ են արել պաշտոնանկ անել իրենց այն գործընկեր դատավորներին, որոնք աշխատում էին տապալված նախագահի համար:
Թունիսում շարունակում է գործել արտակարգ վիճակը, եւ մայրաքաղաքում դեռ տեղակայված են բանակային ստորաբաժանումներ: Այդուհանդերձ, նախարարների կաբինետը հրահանգել է արդեն հաջորդ երկուշաբթի բացել դպրոցներն ու համալսարանները:
Ժամանակավոր կառավարությունը նաեւ խոստացել է վեց ամսվա ընթացքում անցկացնել ազատ եւ ազնիվ ընտրություններ, բայց ընտրությունների անցկացման  օր չի նշել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել