Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Ս.թ. հունվարի 22-23-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Համաձայն մամուլում տարածված տեղեկությունների՝ երկու նախագահները քննարկելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հայ-վրացական հարաբերությունների հիմնաքարերից մեկը վրացահայության եւ ջավախահայության քաղաքացիական, կրոնական, լեզվական, կրթամշակութային իրավունքների պաշտպանությունն ու նրանց առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծումն է»:
Ըստ խորհրդի տարածած հաղորդագրության, այդ հիմնախնդիրներից առավել կարեւոր են՝ Ջավախքում հայոց լեզվին կարգավիճակ տրամադրելու հարցը, Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին իրավական կարգավիճակ տրամադրելը եւ խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված եկեղեցիները վերադարձնելը, ջավախահայ ազգային-հասարակական գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցումը, ազգային-հասարակական գործիչ Վահագն Չախալյանի ազատ արձակումը, Հայաստան-Ջավախք սահմանակետում վրաց սահմանապահների կողմից կիրառվող՝ հայատառ գրքերի, թերթերի եւ ամսագրերի անցկացման արգելքի վերացումը, Ջավախքի հիմնախնդիրներով մտահոգ մի խումբ հայաստանյան գործիչների՝ Վրաստան մուտք գործելու արգելքի վերացումը, Ջավախքի հայկական դպրոցներում կրճատված հայերեն դասաժամերի վերականգնումը: